Այսօր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում լսվելու է «Արմավիր բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Նշան Վ. Գեւորգյանի գործով դատաքննությունը: Ոչ իրավաբանական լեզվով ասած՝ նա մեղադրվում է 7 ամսվա ընթացքում 3 անձանց մահվան պատճառ դառնալու մեջ:
Ն. Գեւորգյանը 2010թ. հուլիսի 17-ին, իմանալով, որ «Արմավիր» ԲԿ ընդունված մանկահասակ հիվանդ Հովհաննես Հ. Հովհաննիսյանի առողջական վիճակը վատացել է, նրա՝ Երեւանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխման համար մանկական ռեանիմացիոն խումբ եւ ռեանիմոբիլ հրավիրելու փոխարեն տեղափոխումը կազմակերպել է տաքսի ավտոմեքենայով: Հետեւանքը եղել է այն, որ Հ. Հովհաննիսյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Հաջորդ դեպքը եղել է 2010թ. դեկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը: Նշանը ընկերության շտապօգնության ավտոմեքենաներին բավարար քանակությամբ վառելանյութ չի տրամադրել, եւ բենզին չունենալու պատճառով շտապօգնության հերթապահ բրիգադը չի կարողացել օգնության հասնել Արմավիրի մարզի Այգեւան գյուղի բնակիչ Վռամ Ս. Խլղաթյանին, ինչի հետեւանքով հիվանդը մահացել է:
Երրորդ դեպքն էլ գրանցվել է 2011թ. հունվարի 1-ին: Բուժկենտրոնը չի ունեցել մանկական լարինգոսկոպ եւ մանկական վերակենդանացման համար անհրաժեշտ բժշկական պարագաներ, եւ երբ Արմավիրի ԲԿ մանկական բաժանմունք ընդունված մանկահասակ հիվանդ Արտաշես Ս. Սեդրակյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, բուժօգնություն ցուցաբերելու լիարժեք հնարավորություն չեն ունեցել, ինչը եւս հիվանդի մահվան պատճառ է դարձել:
Ն. Գեւորգյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
3 ՄԱՀ՝ ՄԵԿԻ ՊԱՏՃԱՌՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Է. Մ.