ԱԺ նախկին պատգամավոր Գոհարիկ Ենոքյանի՝ մեծ աղմուկ բարձրացրած ձերբակալության արմատները ձգվում են մինչեւ 2011 թվականը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մոտ 4 տարի առաջ ԱԺ արդեն նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանը 5-6 մլն դոլար գումար է տվել Գոհարիկ Ենոքյանի խնամուն եւ փեսային՝ Խաժակ եւ Արտակ Բադալյաններին, որպեսզի նրանք ներդնեն Ենոքյանին պատկանող, բայց նրա եղբորորդու՝ Արայիկ Ենոքյանի կողմից «աշխատեցվող» տարադրամի փոխանակման կետում՝ վերադարձնելու պայմանով: Սակայն մինչ օրս այդ գումարը հետ չեն տվել Կարապետյանին, ինչից առաջացել է վիճաբանություն թվարկվածների միջեւ: Գոհարիկ Ենոքյանի եղբորորդին կալանավորվել է խարդախության մեղադրանքով եւ այլն: Բայց ՀՀ ոստիկանության քննչական վարչության նախկին պետ, ՀՀ փոխոստիկանապետ Գագիկ Համբարձումյանը այս գործին ընթացք չի տվել: Եւ միայն վերջերս, երբ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը մի շարք գործեր, որոնք նախկինում կարճվել են կամ կասեցվել, հրահանգեց ուղարկել հատուկ քննչական ծառայություն՝ օբյեկտիվ քննության, պատգամավոր Ենոքյանի փեսան ու խնամին ցուցմունքներ տվեցին Ենոքյանի դեմ՝ հայտնելով, որ նա մտադրություն է ունեցել կազմակերպել Կարո Կարապետյանի սպանությունը, որպեսզի գումարի հարցը փակվի: Նշվում է, որ նույնիսկ 3 ձայնագրություն կա այդ մասին: Իսկ Ենոքյանի փաստաբանը շարունակում է պնդել, որ գործը շինծու է: Մանրամասները՝ 4-րդ էջում:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինն այս շաբաթվա սկզբին մեկնել է Մոսկվա: Նախատեսվում է, որ Մոսկվայում, երբ այնտեղ կժամանի նաեւ Սերժ Սարգսյանը, վերջնականապես պետք է որոշվի, թե, ի վերջո, որքան պիտի բարձրանա սպառողին մատակարարվող էլէներգիայի սակագինը` վեց դրամ մեկ կիլովատը, թե տասը դրամ: Մեր տեղեկություններով՝ ՀԷՑ-ի մասնագետները սակագնի թանկացման երկու հայտ են պատրաստել, որոնցից մեկը հաշվարկված է վեց դրամի թանկացման համար, մյուսը` տասը: Սերժ Սարգսյանի՝ մոսկովյան այցի ժամանակ, որը նախատեսված է մայիսի 8-9-ը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, վերջնականապես կհստակեցվեն ՀԷՑ-ի հետագա ճակատագրի հետ կապված բոլոր հարցերը: Ըստ այդմ, էլէներգիայի սակագինը բարձրացնելու հայտը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին կներկայացվի կա՛մ ուրբաթ օրը` մայիսի 8-ին, կա՛մ էլ եկող շաբաթվա սկզբին:
Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀԿ անդամ, նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը` Ճոյտը, նախօրեին ազատ է արձակվել: Նա կալանավորվել էր փետրվարի 2-ին` խոշոր չափերի հարկերից խուսափելու մեղադրանքով: Հ. Հակոբյանն, ինչպես հայտնի է, սկսել է իր ուժերը փորձել կինոարտադրությունում: Նրա առաջին ֆիլմը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանությանը, ըստ որոշ գնահատականների, եղել է նրա կալանավորման իրական պատճառը: Ասում են, որ եթե այն էկրան բարձրանար, ապա կանարգեր ցեղասպանության զոհերի հիշատակը: Իսկ Հակոբ Հակոբյանը որոշել է չհանձնվել: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ պատրաստվում է նոր ֆիլմ նկարահանել: «Կրոնական, հայ եկեղեցական ֆիլմ է լինելու, Քրիստոսն էլ կա ֆիլմի մեջ, հիմա այդ սցենարն ենք պատրաստել, օգտվել ենք Աստվածաշնչից, մասնագետների, պատմաբանների, աստվածաբանների հետ պետք է հանդիպենք եւ քննարկենք, տեսնենք` ինչ կարող ենք անել»,- ասել է Հակոբյանը: Մի խոսքով, եթե ամեն ինչ այսպես շարունակվի, ապա Հակոբյանը գուցե տեղափոխվի Հոլիվուդ. այնտեղ ավելի ապահով է:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով Հայաստանի բեռնափոխադրումների ծավալները կազմել են 1 մլն 813 հազար 700 տոննա, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածից պակաս է 12,8 տոկոսով: Ի դեպ, բեռնափոխադրումները նվազել են տրանսպորտային բոլոր տեսակներով` երկաթուղային, ավտոմոբիլային եւ օդային: Սակայն առավել ուշագրավ է, որ նվազել են նաեւ մայրուղային խողովակաշարային բեռնափոխադրման ծավալները. տվյալ դեպքում խոսքը կոնկրետ մեկ ապրանքի` գազի ներկրման մասին է: Այստեղ անկումը կազմել է 8,4 տոկոս: Այս փաստն իր հերթին հասկանալի է դարձնում այն հանգամանքը, թե ինչու է «Գազպրոմ Արմենիան» անցած տարվա համեմատ այս տարվա առաջին եռամսյակում երկու միլիարդ դրամով պակաս հարկեր վճարել: Ի դեպ, այս տարվա առաջին եռամսյակում ուղեւորափոխադրումների ծավալները եւս անցած տարվա համեմատ 5,8 տոկոսով նվազել են:
ՀԱՄԱԽՄԲՎԱԾ ՍՏԵՐՋՈՒԹՅՈՒՆ
Պոզներին տված իր վերջին հարցազրույցում Սերժ Սարգսյանը, պատասխանելով հարցին, թե որն է համարում իր ամենամեծ ձեռքբերումը, հայտարարեց. «Թիմը համախմբելու կարողությունը»: Նման ինքնագնահատականը շատ հետաքրքիր է ՀՀ ներկայիս իշխող էլիտայի` Ս. Սարգսյանի թիմի մասնագիտական եւ մարդկային որակների համապատկերում: Այդ թիմի կարկառուն դեմքերից մեկը` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, հայտնվել է հերթական սկանդալի մեջ որդու` Տ. Խաչատրյանի մասնակցությամբ նոր ծեծկռտուքի կապակցությամբ: Երբ շուրջ 2 տարի առաջ Ս. Խաչատրյանի առանձնատան բակում սպանվեց Ավետիս Բուդաղյանը, մարդիկ մտածեցին, որ թեեւ շատ թանկ գնով, սակայն, ի վերջո, Գորիսը կազատվի Լիսկայից: Սակայն ընդամենը 1 տարի անց Ս. Սարգսյանը ոչ միայն պատասխանատվությունից ազատեց Լիսկայի` մարդ սպանած զավակին, այլեւ Ս. Խաչատրյանին վերադարձրեց իր մարզպետական աթոռը, որպեսզի նա եւ նրա զավակը շարունակեն նույն սանձարձակությամբ ասպատակել ողջ Սյունիքի մարզը:
Նույն կերպ էլ, երբ Գագիկ Բեգլարյանը նախագահականի աշխատակցին ապտակելու արդյունքում ստիպված եղավ հեռանալ Երեւանի քաղաքապետի պաշտոնից, երեւանցիները մտածեցին, որ վերջ, Բեգլարյանին այլեւս չեն տեսնի իշխանական վերնախավում: 1,5 տարի անց, սակայն, Բեգլարյանը նշանակվեց ավելի բարձր` նախարարական պաշտոնի: Ինչ կարող ես անել` Սերժ Սարգսյանի համար «թիմի համախմբվածությունն» ամեն ինչից վեր է: Հաջորդ օրինակը Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանն է, որի` 2011թ. նոյեմբերին ԱԺ նախագահի պաշտոնից հեռացումը շատերը համարեցին նրա քաղաքական կարիերայի ավարտը: Սակայն դարձյալ 6 ամիս անց նա հաղթականորեն վերադարձավ այդ պաշտոնին, ապա հասավ իր երազած` վարչապետական աթոռին:
Ոչ պակաս ուշագրավ են Երվանդ Զախարյանի, Մանուկ Վարդանյանի, Արամ Հարությունյանի, Գագիկ Խաչատրյանի եւ Ս. Սարգսյանի թիմի մնացած ներկայացուցիչների օրինակները, որոնք անվերջ մի պաշտոնից մյուսին են նշանակվում` ի հեճուկս շրիշակից էլ ցածր հանրային հարգանքի: Եվ այստեղ խնդիրն այն չէ, որ այդ մարդկանց մասնագիտական կարողություններն են անփոխարինելի: Պարզապես իր կլանային մտածողությամբ Ս. Սարգսյանն այս տարիների ընթացքում հաջողացրել է իրենից վանել բոլոր կարող, համարձակ, ստեղծագործ անհատներին եւ իր շուրջը ձեւավորել ստերջության եւ գաղջության այնպիսի մի համախմբվածություն, որ ստիպված է մնալ լիսկաների ու գալուստսահակյանների հույսին եւ ամեն անգամ բանուգործը թողած` զբաղվել այն հսկայական վնասների վերականգնմամբ, որոնք հասցվում են այս մարդկանց անգրագետ եւ անբարո գործունեության արդյունքում. վերջին օրինակը Գալուստ Սահակյանի ներդրած «ավանդն» էր հայ-վրացական հարաբերությունների վտանգման գործում: