ԻՆՉՈՒ ԵՎ ՈՒՄ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՁԵՐԲԱԿԱԼՎԵՑ ԵՆՈՔՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեի երեկոյան ձերբակալվեց նախկին Գերագույն խորհրդի անդամ, Աժ նախկին պատգամավոր Գոհարիկ Ենոքյանը: Վերջինս հայտնի է իր բարի համբավով, ուստի նրա մեկուսացումը հասարակական եւ քաղաքական շրջանակներում մեծ զարմանք առաջացրեց ու միանշանակ չընդունվեց: Իսկ ի՞նչն էր նախկին պատգամավորի ձերբակալման պատճառը:

Նախ՝ պաշտոնապես
Երեկ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրեց, որ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկված քրեական գործով 2015 թվականի մայիսի 4-ին սպանության նախապատրաստություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Գոհարիկ Ենոքյանը:
Նշենք, որ այս գործը նախկինում քննվել է ոստիկանությունում, թե ինչ ավարտ է ունեցել, մեզ պարզել չի հաջողվել: Միայն պարզեցինք, որ նշված գործը ՀՀ քր. դատ. օր.190-րդ հոդվածի 6 կետի 2-րդ պարբերության համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հրահանգով ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն՝ օբյեկտիվ քննություն իրականացնելու համար: Իսկ թե նախկին պատգամավորը կոնկրետ ում սպանությունն է նախապատրաստել, պաշտոնական աղբյուրները լռում են: Ուստի «Ժողովուրդ»-ն իր աղբյուրներից փորձեց պարզել, թե իրականում որտեղ է թաքնված «շան գլուխը»:
Պարզեցինք, որ այս պատմությունը սկիզբ է առել դեռեւս 2011 թվականից: Եվ այսպես, նշված ժամանակահատվածում ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանը` Յուվեցի Կարոն, մի քանի միլիոն դոլար է ներդրել Գոհարիկ Ենոքյանի փոխանակման կետում՝ հետագայում հետ ստանալու պայմանով: Նշենք, որ տարադրամի փոխանակման կետի սեփականատերը եղել է Գոհարիկ Ենոքյանը, իսկ նրա եղբոր տղան` Արայիկ Ենոքյանը, փոխանակման կետի տնօրենն է եղել կամ, այսպես ասած, աշխատեցնողը: Իսկ ինչպես է տեղի ունեցել գումար տրամադրելու գործընթացը:

Խնամու եւ փեսու թեթեւ ձեռքով
Պարզվում է, որ Յուվեցի Կարոյի կողմից Գոհարիկ Ենոքյանի տարադրամի փոխանակման կետին գումարը փոխանցվել է Ենոքյանի դստեր ամուսնու՝ Արտակի եւ նրա հոր` Խաժակ Բադալյանի միջոցով: Եւ որոշ ժամանակ անց Կարո Կարապետյանը պահանջել է իր գումարը: Խաժակ եւ Արտակ Բադալյանները հրաժարվել են գումար տալուց` ասելով, թե իրենք գումար չունեն, այն տվել են Գոհարիկ Ենոքյանին, նա էլ հրաժարվում է գումարը հետ վերադարձնել:
Լուրեր կան, որ Կարո Կարապետյանն անգամ դիմել է Գոհարիկ Ենոքյանի եղբոր որդուն` Արայիկին՝ նրանից եւս պահանջելով տված գումարը, սակայն հերթական անգամ մերժում է ստացել: Արայիկ Ենոքյանի եւ Կարո Կարապետյանի հարաբերությունները լարվել են, եւ գործին խառնվել են իրավապահները: Արդյունքում Արայիկ Ենոքյանը խարդախության հոդվածով կալանավորվել է: Տպավորությունն այնպիսին էր, որ այսքանով պետք է ավարտված լիներ պատմությունը, սակայն այս կալանավորումից հետո աղմկալի իրադարձությունները շարունակվեցին:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Կարո Կարապետյանը չի դադարել իր գումարը հետ պահանջելուց, հերթական անգամ դիմել է Արտակ եւ Խաժակ Բադալյաններին, վերջնաժամկետ ներկայացրել նրանց: Եւ, ահա, Բադալյաններն էլ նոր թափով սկսված քրեական գործի քննության ընթացքում արդեն իրենց խնամու (Արտակի դեպքում՝ զոքանչի)՝ Գոհարիկ Ենոքյանի դեմ ցուցմունքներ են գրել՝ պատմելով, որ գումարն իրականում Գոհարիկ Ենոքյանը չի վերադարձնում: Արդյունքում Ենոքյանը կալանավորվել է իր դստեր ամուսնու եւ նրա հոր տված ցուցմունքների հիման վրա:
Նկատենք, որ այս պատմությունը բավականին խորը արմատներ ունի, եւ «փողային հարաբերությունների» մասին տարիներ շարունակ տեղյակ են եղել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, ընդհուպ մինչեւ Սերժ Սարգսյանը: Սակայն Ենոքյանի անձը հաշվի առնելով, թերեւս, գործին ընթացք չի տրվել:

Ինչ ցուցմունք են տվել խնամիները
Մեր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Գոհարիկ Ենոքյանի խնամին եւ փեսան հայտնել են, որ Գոհարիկ Ենոքյանը իրենց կանչել է եւ ասել՝ Խաժակ ու Արտակ, դուք հեռացեք երկրից, Կարոյին խփել կտամ, իսկ այդ գումարի պատմությունը կավարտվի: ՀՔԾ-ին մոտ կանգնած «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ մոտավորապես այս բովանդակությամբ զրույց խնամիների մեջ մեկ անգամ չէ, որ կայացել է, ինչի ձայնագրություններն առկա են քրգործում:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ Գոհարիկ Ենոքյանի՝ տարադրամի փոխանակման կետը գտնվում է Մաշտոցի պողոտայի վրա, ուստի ստեղծված իրավիճակի եւ կատարվածի մանրամասները պարզելու նպատակով շտապեցինք տարադրամի փոխանակման կետ, սակայն կետը չէր գործում: Այն վարձակալական հիմունքներով տրված էր այլ քաղաքացու, որը հրաժարվեց որեւէ բան խոսել մեզ հետ:
Փորձեցինք զրուցել նաեւ հերթական անգամ տուժողի կարգավիճակում հայտնված, բայց աղմկալի պատմություններով հայտնի Կարո Կարապետյանի հետ: Սակայն վերջինս այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
Իսկ, ահա, Գոհարիկ Ենոքյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը, անդրադառնալով իր պաշտպանյալի դեմ խնամու եւ փեսայի գրած ցուցմունքներին, ասաց, թե տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում. «Նման հանգամանքներ բացարձակ չկան, նման անձինք չկան, ոչ մի բանը չի համապատասխանում իրականությանը: Նախ սկսենք նրանից, որ տիկին Ենոքյանը տարադրամի փոխանակման կետ չունի եւ որեւէ մեկից գումար չի վերցրել: Գոհարիկ Ենոքյանին պատկանող տարածքում իր եղբոր տղան` Արայիկ Ենոքյանն է մի անկյուն վերցրել եւ աշխատել: Կրկնում եմ, որ կոնկրետ որեւէ մեկից որեւէ լումա Գոհարիկ Ենոքյանը չի վերցրել, նման փաստ չկա»:
Պաշտպանը անդրադառնալով Գոհարիկ Ենոքյանի առողջական վիճակին՝ ասաց, որ վերջինս այրան բարձր ճնշում է ունեցել, եւ նրա համար շտապօգնություն են կանչել. «Առողջական վիճակը լավ չէ»:

37 ստորագրություն
Հաշվի առնելով Գոհարիկ Ենոքյանի առողջական վիճակը՝ երեկ ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը Ազգային ժողովում ստորագրահավաք էր կազմակերպել՝ Ենոքյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չկիրառելու միջնորդությամբ: Ըստ նրա՝ ազատության մեջ գտնվելով՝ Ենոքյանը ոչ մի վտանգ չի կարող ներկայացնել: Ու թեեւ Զոհրաբյանը կոչ էր արել բոլորին՝ հատկապես ԱԺ կին պատգամավորներին, միանալ նախաձեռնությանը, այնուամենայնիվ, օրվա վերջում ձեւաթղթի տակ ստորագրեցին 37 պատգամավորներ: Գրությունը ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացրեց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանը:
Արդյո՞ք ստորագրություններն ինչ-որ կերպ կօգնեն Գոհարիկ Ենոքյանին ազատ արձակել, դժվար է ասել: Հարցը կպարզվի մայիսի 7-ին, երբ լրանա նրա ձերբակալության 72-ժամյա ժամկետը:
Հ. Գ. ՀՔԾ մամուլի պատասխանատու Միքայել Ահարոնյանը հետեւողականորեն թաքցնում է ինֆորմացիան լրագրողներից: Նա տեղավորվելով «նախաքննության գաղտնիություն» տերմինի հետեւում՝ ՀՀ քաղաքացիներին պարզապես զրկում է տեղեկացված լինելու իրավունքից: Երեկ հասարակական-քաղաքական դաշտը պայթում էր Ենոքյան-Կարապետյանի գործի մասին տեղեկատվական քաղցից, սակայն ՀՔԾ-ն անանուն մի տեքստով իր գործը համարեց ավարտված: Բայց իրադարձության մասին ոչինչ չխոսելով՝ այն անտեսել հնարավոր չէ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱՅԻ ԲԱԺՆԻ ՊԵՏԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵՑ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից քննվող գործի շրջանակներում ձերբակալվել է քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետը: Պարզեցինք, որ վերջինիս ձերբակալումը կապված է «Օրթոպեդիայի եւ վնասվածքաբանության» գիտական կենտրոնի աշխատակցի հետ տեղի ունեցած միջադեպի գործով: Հիշեցնենք, որ գիտական կենտրոնի աշխատակիցը ՀՀ ոստիկանության կենտրոնականի բաժնում հաղորդում էր տվել, որ 2014 թվականի մարտի 21-ին` ժամը 12:00-ի սահմաններում, հիշյալ գիտական կենտրոնի բակային հատվածում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղեւորը վիճաբանել են, որի ընթացքում ուղեւորը ձեռքով հարվածել է իրեն, իսկ վարորդը գազային ատրճանակով կրակել է իր դեմքին: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ եւ քննվել ոստիկանության քննչական գլխավոր վարչության կենտրոնականի քննչական բաժնում: Հետագայում` 2014 թվականի հուլիսին, որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կարճելու եւ քրեական հետապնդում չիրականացնելու մասին` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Ամիսներ անց ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հրամանով քրեական գործով կայացված որոշումը վերացվել է եւ ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ օբյեկտիվ քննություն իրականացնելու հիմնավորմամբ:
Հիշեցենեք, որ ՀՔԾ-ի կողմից քննության արդյունքում, մինչ քննչական պետի ձերբակալումը, եւս մեկ անձ էր կալանավորվել: Իրավիճակի շուրջ պարզաբանումներ ստանալու ակնկալիքով «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանի հետ, ով հաստատեց քննչականի պետի ձերբակալությունը: «Այո՛, ՀՔԾ-ի վարույթում քննվող քրեական գործով Մալաթիայի քննչական բաժնի պետը ձերբակալվել է նախկինում՝ 2014 թվականին, չարաշահումներ կատարելու կասկածանքով: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով ժամանակավորապես կասեցվել է նրա լիազորությունների իրականացումը: Անմեղության կանխավարկածը եւ քննության գաղտնիությունը հաշվի առնելով՝ այլ մանրամասներ հրապարակել չեմ կարող»:

 

ԳԱԶԱՐ ԹԵ ԾԱՂԿԱԿԱՂԱՄԲ
«Սպայկա» ՍՊ-ն հերթական անգամ տուգանվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ՍՊԸ-ի անունով ապրիլի 13-ին Հայաստանից արտահանվել է գազար, սակայն թյուրիմացաբար մաքսային հայտարարագրում նշվել է, թե արտահանվել է սպիտակագլուխ կաղամբ: Եվ, ահա, մեկ օր անց «Սպայկա» ՍՊԸ-ի մաքսային գծով մասնագետը դիմել է ՀՀ ֆինանսների նախարարություն եւ հայտնել կատարվածի մասին, որից հետո ՀՀ ֆինանսների նախարարությունը քննություն է սկսել: Ավելի ուշ քննության արդյունքում որոշում է կայացվել «Սպայկա» ՍՊԸ-ի մաքսային մասնագետին ենթարկել վարչական պատասխանատվության` 50.000 դրամի չափով:




Լրահոս