Դեռեւս մարտի 26-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ Կառավարությունում տեղի էր ունեցել «Վարչապետների ակումբի» անդրանիկ նիստը, որին մասնակցել էին Հովիկ Աբրահամյանը, Վազգեն Մանուկյանը, Գագիկ Հարությունյանը, Խոսրով Հարությունյանը եւ Հրանտ Բագրատյանը: Վարչապետների հանդիպումից հետո հայտարարվեց, որ ընդհանուր քննարկումներ են եղել, իսկ նման հանդիպումները հաճախակի են լինելու: Շուրջ երկու ամիս է անցել, սակայն «Վարչապետների ակումբի» երկրորդ հանդիպման մասին այդպես էլ որեւէ լուր չկա:
Հիշեցնենք, որ անկախությունից ի վեր Հայաստանն ունեցել է 13 վարչապետ: Նախկին վարչապետներն են Վազգեն Մանուկյանը, Գագիկ Հարությունյանը, Խոսրով Հարությունյանը, Հրանտ Բագրատյանը, Արմեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Արմեն Դարբինյանը, Վազգեն Սարգսյանը, Արամ Սարգսյանը, Անդրանիկ Մարգարյանը, Սերժ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը: Սակայն նրանցից «Վարչապետների ակումբի» անդրանիկ եւ առայժմ միակ հանդիպմանը ներկայացան միայն 5-ը: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի հետ՝ պարզելու համար, թե ինչու նախկին ու ներկայիս վարչապետների երկրորդ հանդիպումը չի կայանում:
-Պարո՛ն Հարությունյան, վարչապետների երկրորդ հանդիպման մասին առայժմ որեւէ լուր չկա: Դուք նշել էիք, որ նման հանդիպումները կարող են նաեւ չլուսաբանվել, արդյո՞ք եղել են ոչ հրապարակային հանդիպումներ, ի՞նչ փուլում է գտնվում ակումբի աշխատանքը:
-Չէ՛, հանդիպումներ չենք ունեցել, բայց չեմ էլ կարծում, որ այդտեղ պետք է փուլեր ընտրել, մտածել… Չեմ կարծում, որ այդտեղ փուլերով նախատեսված աշխատանք է: Մենք պայմանավորվել ենք, որ նախկին վարչապետներից որեւէ մեկը անշուշտ կարող է նախաձեռնել, առաջարկել ակումբի հերթական նիստ: Բայց մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ, որպես կանոն, հավանաբար դա միշտ կանի գործող վարչապետը, դա ավելի տրամաբանական է, որովհետեւ այդ ակումբի գործունեության կարիքն ավելի շատ գործող վարչապետն ունի, քան մնացյալը: Սա է, ո՛չ ավել, ո՛չ պակաս:
-Բայց գուցե Դո՞ւք նախաձեռնեք նման հանդիպում, թե՞ առաջին հանդիպումից հետո կարծում եք, որ վարչապետների այդ ձեւաչափը որեւէ օգտակարություն իր մեջ չի պարունակում, եւ նոր հանդիպման իմաստը չեք տեսնում:
-Եթե այդ հանդիպման անհրաժեշտությունը տեսնեմ, իհարկե, կլինի, կարծում եմ, որ եթե հանրային կյանքում, տնտեսության կամ այլ ոլորտում կուտակվել են խնդիրներ կամ առաջացել է պրոբլեմ, որը միգուցե ունի քննարկման հրատապ անհրաժեշտություն, ապա կարելի է նման հանդիպում նախաձեռնել: Թեպետեւ մեր պարագայում, կոնկրետ իմ պարագայում, նման հարցի քննարկումը կարող է լինել ֆրակցիայում, կուսակցությունում: Եկեք համաձայնենք, որ ես ավելի շուտ կգնամ այդ ճանապարհով:
-Իսկ այսօր Հայաստանը սոցիալական, տնտեսական այնպիսի խնդիրներ չունի՞, որոնք հրատապ քննարկման անհրաժեշտությունը` նախկին վարչապետների մակարդակով, առկա է:
-Բայց մենք մեր ֆրակցիայում քննարկում ենք, իհարկե, կարելի է քննարկել, իհարկե, կարելի է այդ հարցերը նախագահների հետ էլ քննարկել, բայց դա ինքնանպատակ չի: Նպատակը ո՞րն է, եթե կա հարց, պետք է փորձել այդ հարցի լուծման ավելի ռացիոնալ ճանապարհը գտնել: Ես կարծում եմ, որ գոնե իմ պարագայում, որպես նախկին վարչապետ, որը հիմա ընդգրկված է Հանրապետական կուսակցության ֆրակցիայի մեջ, եթե առօրյա կյանքում, տնտեսության մեջ առաջանան խնդիրներ, ես ավելի կարճ ճանապարհն էլ ունեմ՝ այդ խնդիրների արդյունավետ լուծմանը հասնելու համար: Դա ֆրակցիան է, դա կուսակցության հնարավորություններն են, վերջ ի վերջո, շփումներն են վարչապետի հետ, ծայրահեղ դեպքում: Դրա համար ես կարծում եմ, որ վարչապետների ակումբի այդ հնարավորությունը կմնա հիմնականում որպես գործող վարչապետի համար հնարավորություն, նախկին վարչապետները չեմ կարծում, որ երբեւէ կօգտվեն դրանից:
-Ստացվում է, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի այդ նախաձեռնությունը ինքնանպատա՞կ էր եւ ընդամենը PR քա՞յլ:
-Գիտեք՝ շատ շտապում եք եզրակացություններ անել, ընդամենը եղել է մեկ հանդիպում: Վերջ ի վերջո, սա ինստիտուտ է, որը պետք է կայանա, սա ավանդույթ է, սովորույթ է, որը պետք է մեզանում ձեւավորվի ու, ընդ որում, այնպես, որ բոլորը դրա կարիքն ունենան: Համաձայնեք, որ սա ժամանակ է պահանջում, պետք չէ շտապել: Ես չեմ կարծում, որ այդտեղ ինչ-որ ճակատագրական բան կա, կարող է նաեւ լինի մարդ, որ այդ ակումբը չի ընդունի, կարող է՝ ինչ-որ մեկն էլ մյուսի հետ չի կարող նույն սեղանի շուրջ նստել, հնարավոր է նաեւ այդպիսի անձնական անհամատեղելիություն, ես դա չեմ բացառում: Բայց դա չի նշանակում, որ մյուսները չեն կարող իրար հետ շփվել, կամ չեն կարող միմյանց հետ հարցեր քննարկել: Ես հանգիստ եմ նայում այդ ամենին:
ԱՅՍՕՐ ԿՈՐՈՇՎԻ՝ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ, ԹԵ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ԳՈՀԱՐԻԿ ԵՆՈՔՅԱՆԻՆ
Երեկ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը Ազգային ժողովում ստորագրահավաք էր կազմակերպել՝ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Գոհարիկ Ենոքյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չկիրառելու միջնորդությամբ: Ըստ պատգամավորի՝ ազատության մեջ գտնվելով՝ Ենոքյանը ոչ մի վտանգ չի կարող ներկայացնել: Ու թեեւ Զոհրաբյանը կոչ էր արել բոլորին՝ հատկապես ԱԺ կին պատգամավորներին, միանալ նախաձեռնությանը, այնուամենայնիվ, օրվա վերջում ձեւաթղթի տակ ստորագրել էր ընդամենը 37 պատգամավոր:
Ստորագրահավաքի գրությունը ՀՀ գլխավոր դատախազություն է ներկայացրել ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանը: «Ժողովուրդ»-ը զրուցել է Է. Վարդանյանի հետ` պարզելու համար, թե ինչպես է արձագանքել դատախազությունը, ու ինչպիսի ակնկալիքներ ունեն նախկին պատգամավորի խափանման միջոցը փոխելու հարցում: Վարդանյանի փոխանցմամբ` դատախազությունից տեղեկացրել են, որ իրենց ուղարկած գրությունն ընդունվել է, իսկ կայացնելիք որոշման մասին կտեղեկացնեն առաջիկայում:
Նշենք, որ նախկին պատգամավոր Գոհարիկ Ենոքյանի ձերբակալության 72-ժամյա ժամկետը լրանում է այսօր՝ ժամը 17:00-ին, որից հետո նախաքննական մարմինը կորոշի` ինչ խափանման միջոց կիրառել: Նկատենք, որ նախօրեին իրականացված ստորագրահավաքից հետո մի խումբ ԲՀԿ-ականներ հայտարարեցին, թե իրենք տեղյակ չեն եղել՝ ինչի համար է կալանավորվել Գ. Ենոքյանը: ԲՀԿ-ական պատգամավորները դժվարին վիճակում էին հայտնվել, քանի որ ստորագրահավաքով օգնելու էին Գ. Ենոքյանին, սակայն մյուս կողմից էլ վնասելու էին իրենց գործընկեր Կ. Կարապետյանին:
«Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամներ Վահագն Մախսուդյանի եւ Վահան Կարապետյանի հետ:
-Պարո՛ն Մախսուդյան, միացե՞լ եք ստորագրահավաքին:
-Այո՛, որովհետեւ մարդը հիվանդ է, ես մնացած գործերից տեղյակ չեմ, մարդն այդ տարածքում չի կարող մնալ, նոր է վիրահատվել, առողջական խնդիրներ ունի:
-Իսկ տեղյա՞կ եք, թե ինչի մեջ է մեղադրվում Գ. Ենոքյանը:
-Ինձ չի հետաքրքրում, թե ինչի համար են կալանավորել, թող բաց թողնեն օրենքի խստությամբ իրեն… եթե մեղք է գործել, մեղավոր է, պատժեն, բայց այսօր մարդուն ապրելու իրավունքից զրկում են: Այսօր ո՛չ Դուք կարող եք ասել, ո՛չ ես, ո՛չ էլ իրավապահ մարմինները, թե իրականում ինչ է տեղի ունեցել, դա պետք է քննվի, որպեսզի պարզվի իրականությունը: Շատ մարդիկ շատ բան կարող են ասել:
-Սակայն քննչական մարմինն այդ մասին պաշտոնական տեղեկատվություն է տարածել:
-Եթե եղել է, թող քննեն, ես որեւէ բան այդ առումով չեմ ասում: Մեր տված ստորագրությունը ոչ թե Կարո Կարապետյանի դեմ է կամ ինչ-որ մի բան, այլ Գոհարի անձը, իր հիվանդ վիճակը հաշվի առնվելով է այդպես արվել: Ես այլ բան չգիտեմ, դրա մանրամասները պետք է քննի ու ուսումնասիրի իրավապահ համակարգը:
ՎԱՀԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
-Պարո՛ն Կարապետյան, Դուք է՞լ եք միացել ստորագրահավաքին:
-Միացել եմ, 73 տարեկան կին է, առողջական խնդիրներ ունի: Գոհարի հետ չեմ էլ շփվել, ուղղակի ցանկացած մարդու համար կարելի էր գնալ նման քայլի: Կարոյին էլ ենք ճանաչում, եթե Կարոն էլ պրոբլեմ ունենա, իր կողքն էլ կկանգնենք: Սա մարդասիրական նկատառումներից ելնելով է արվել: Հիմա թե ինչ կլինի, ինչ կորոշի իրավական համակարգը, ես դա չեմ կարող ասել:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ՓՈՐՁԵԼ ԵՆ ՕԳՆԵԼ ՃՈՅՏԻՆ
ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի` Ճոյտի կալանքի տակ գտնվելու ընթացքում մի շարք ՀՀԿ-ական պատգամավորներ օգնության առաջարկ են արել նրան: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց պատգամավորը` հրաժարվելով կոնկրետ անուններ նշել. «Շատ շատերը եղան, օգնության ձեռք մեկնեցին, սակայն, կներեք, չեմ կարող անուններ տալ, դրա իրավունքը չունեմ»: Հիշեցնենք, որ Հակոբ Հակոբյանը վարկային պարտավորությունները չկատարելու համար կալանքի տակ մնաց երկու ամիս եւ ստորագրությամբ ազատ արձակվեց 169 միլիոն դրամ ֆինանսների նախարարությանը վճարելու արդյունքում:
ԲՀԿ-Ի ԶԼՄ-Ն
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը մտադիր է իր սեփական լրատվամիջոցը հիմնել: Ըստ տեղեկությունների՝ այն լինելու է լրատվական օնլայն կայք եւ լուսաբանելու է առօրյա կյանքը՝ ԲՀԿ քարոզչության ֆոնին: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է այս լուրը ճշտել Նաիրա Զոհրաբյանից, որը հայտարարեց, թե տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում: «Ես ընդհանրապես կուսակցական լրատվամիջոցների արդյունավետությունը միշտ էլ համարել եմ զրոյական ու հիմա էլ եմ այդ կարծիքին: Հայաստանը շատ փոքր երկիր է, եւ որեւէ բան թաքուն անել հնարավոր չէ: Ուստի ես գտնում եմ, որ ամենաճիշտ ու ամենաօպտիմալ տարբերակը ազատ, արդար աշխատել բոլոր լրատվամիջոցների հետ, բոլոր այն լրատվամիջոցների հետ, որոնք պահպանում են պրոֆեսիոնալիզմի կանոնները: Դա շատ ավելի արդյունավետ է, քան ունենալ սեփական լրատվամիջոցը, որովհետեւ 3 րոպե հետո ՀՀ-ում չի լինի մեկը, որը չի իմանա, թե տվյալ լրատվամիջոցի հետեւում ով է կանգնած»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
ՎԱՐՉԱՊԵՏԸ ՆԱԽԱՏԵԼ Է
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վրդովվել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանի` խորհրդարանում դրսեւորած վարքագծից: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Աբրահամյանն իր մոտ է կանչել Միրումյանին եւ նրան նախատել այն բանի համար, որ չի կարողացել օրենսդիրներին այնպես ներկայացնել «Եկամտային հարկի մասին» եւ «Շահութահարկի մասին» օրենքներում առաջարկվող փոփոխությունները, որպեսզի դրանք բացասական լույսի ներքո չընկալվեին: Վարչապետին զայրացրել է փաստը, որ փոխնախարարի անկարողության պատճառով պատգամավորներն այլ կերպ են ընկալել նախագիծն ու սկսել են մեղադրել Կառավարությանը, քանի որ նաեւ չեն հասցրել կարդալ տեքստը: Նշենք, որ պատգամավորների մի մասն էլ երեկ լրատվամիջոցներին էր մեղադրում «խոպանչիների» օրենքը բացասական լույսի ներքո ներկայացնելու համար: