ԱԺ մշտական հանձնաժողովներում երեկ բավական թեժ քննարկումներ էին ընթանում: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը երեկ որոշեց մինչեւ մեկ տարով հետաձգել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագծի քննարկումը:
ՀՀ Արդարադատության նախարարությունը ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծ է ներկայացրել` առաջարկելով դատարանի որոշման հիման վրա որոշակի ժամկետով սահմանափակել դատապարտյալի նամակագրության գաղտնիությունը: Բացի այդ, նախարարությունն առաջարկում է 14-18 տարեկան հասակում հանցագործություն կատարած անչափահասներն իրենց նկատմամբ նշանակված պատիժը կրելու հնարավորություն ունենան նույն հիմնարկում մինչեւ նշանակված պատժի վերջը: Սակայն այդ դրույթները քննադատության ենթարկեցին պատգամավորներ Էդմոն Մարուքյանը եւ Գագիկ Ջհանգիրյանը՝ չընդունելով նամակագրության գաղտնիության սահմանափակումների եւ դատապարտյալների՝ որոշակի տարիքի հասնելուց հետո անչափահաս դատապարտյալների հետ նույն վայրում պատիժը կրելու վերաբերյալ առաջարկը: Նույնիսկ հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն էր դեմ արտահայտվում այս նախագծերին, իսկ քվեարկության ժամանակ միակ կողմ քվեարկողն այդ հանձնաժողովից եղավ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը: Ջհանգիրյանն ու Մարուքյանը դեմ քվեարկեցին, իսկ Դավիթ Հարությունյանը՝ ձեռնպահ: Արդյունքում՝ որոշվեց օրինագիծն ուղարկել վերամշակման:
Իսկ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերով հանձնաժողովում դրական հավանության արժանացավ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը: Սա նախատեսում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափած ու 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիներին, որոնք խուսափելով քրեական հետապնդումից, չեն վերադառնում հայրենիք, վերադառնալու հնարավորություն տալ:
Ուշագրավ է, որ երեկ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում բացասական եզրակացություն տրվեց ԲՀԿ-ական պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի եւ Վահե Հովհաննիսյանի հեղինակած տնտեսական բնույթի նախագծերին. Խոսքը վերաբերում է «Վարձու աշխատող չունեցող անհատ ձեռնարկատերերին եւ առեւտրային կազմակերպություններին հարկային արտոնություն տրամադրելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքներում լրացումներ կատարելու, ինչպես նաեւ՝ «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման եւ պետական աջակցության մասին» օրինագծերին, որոնք նախատեսում են հավասար մրցակցային պայմաններ մանր ու միջին բիզնեսի համար:
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ