Այսօր` մայիսի 11-ը, տարվա 131-րդ օրն է: Տարվա ավարտին մնում է 234 օր: Այս օրը ևս տեղի են ունեցել մի շարք իրադարձություններ, հայտնի մարդիկ են ծնվել և մահացել:
Թերևս, կարելի է առանձնացնել իսպանացի նկարիչ և գրող Սալվադոր Դալիի ծննդյան օրը: Նա ծնվել է 1904 թվականի Իսպանիայի Կատալոնիա նահանգի Ֆիգուերաս քաղաքում։ Դեռ մանկուց Սալվադորը տարբերվում էր իր վարքով և բնավորությամբ։ Իր առաջին նկարը նա նկարել է տաս տարեկան հասակում։
Նրա առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել 1925 թվականի նոյեմբերին Բարսելոնա քաղաքում։ Այդ տարիներին նա նկարում էր միայն ծովային նկարներ։ 1926 թվականին նրան հեռացնում են ակադեմիայից վատ վարքի համար։ Այդ տարի նա առաջին անագամ գնում է Փարիզ, որտեղ Դալին ծանոթանում է Պիկասսոյի և Բրետոնի հետ և հենց այդ ծանոթությունն է դառնում նրա սյուրռեալիստական ճանապարհ բռնելու սկիզբը։ 1929 թվականից նա լիովին ընկղմված էր այդ ոճի մեջ։ Հենց այդ տարիներին Դալին ծանոթանում և ամուսնանում է Գալա Էլյուառի հետ, որը հետագա Դալիական կյանքի մեծագույն ոգեշնչումն է դառնում։
Դալիի նկարները բնորոշվում են իրենց մանր գծանկարով և իրատեսական մանրամասնություններով և անշուշտ անբասիր գույներով, որոնք ևս շեշտվում են թափանցիկ ջնարակումով։ Դալին նաև նկարահանել է սյուրռեալիստական ֆիլմեր, տպագրել նկարազարդված գրքեր, զբաղվել է նաև ոսկերչությամբ, պատրաստել թատրոնային բեմեր և հագուստներ։
Դալիի նկարչության հետ մեկտեղ, կան նրա բալետային սցենարները և մի շարք գրքեր, որոնցից են՝ «Սալվադոր Դալիի գաղտնի կյանքը» (1942 թ) և «Հանճարի օրագիրը» (1964 թ)։ Դալիի կյանքն ու արվեստը դարձել էին մի կախարդական միաձուլում, որը նույնպես կարելի է Դալիի ստեղծագործություններից համարել։
Դալիի թատրոն-թանգարանը գտնվում է Իսպանիայի Ֆիգուերաս քաղաքում։