Հոկտեմբերի 21-ին՝ օրվա երկրորդ կեսին, Շիրակի մարզի քննչական վարչության բակ է տեղափոխվել 2012թ. օգոստոսի 1-ին Գյումրու ավագանու որոշմամբ 100 000 դրամով աճուրդի հանված եւ արդեն սեպտեմբերի 14-ին աճուրդով նախկին քաղաքապետի եղբորը` Գեւորգ Ղուկասյանին, վաճառված 1956թ. արտադրության «ԳԱԶ-13»՝ «Չայկա» մակնիշի ավտոմեքենան: Քննչականի բակ տեղափոխված մեքենան ազատված է սրահի բոլոր պարագաներից, ապակիներից եւ մնացած սարքերից, բացառությամբ ընթացքային մասերի: Հոկտեմբերի 19-ին քաղաքապետարանի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը աճուրդ-վաճառքի հանված եւ օտարված մեքենայի մասին տարածած հաղորդագրությունում նշել էր, որ աճուրդ-վաճառքի արդյունքում հաղթող ճանաչված Գեւորգ Ղուկասյանի հետ առքուվաճառքի համապատասխան պայմանագիր չի կնքվել, եւ օտարվող գույքի ընդունման-հանձնման ակտ չի կազմվել, փաստերի ուսումնասիրությունից էլ ակնհայտ է դարձել, որ «Գագեմա» ՍՊԸ-ի կողմից իրականացված մեքենայի գնահատումը, որը կազմել է 100 000 դրամ, չի կարող իրատեսական լինել:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Ինչպես տեղեկացանք Շիրակի մարզի քննչական բաժնի պետ Ալբերտ Երիցյանից, նշանակվել է մեքենայի ապրանքագիտական փորձաքննություն, եւ արդյունքները պարզ կլինեն առաջիկայում: «Մեքենայի թափքն է մենակ մնացել»,-նշեց Երիցյանը:
Գյումրու նախկին քաղաքապետի եղբայրը 2 օր առաջ galatv.am-ին տեղեկացրել էր, որ մեքենան իրենն է, ինքն այն գնել է ավագանու որոշմամբ եւ այդ որոշումն ու վճարման կտրոնները տարել ցույց է տվել Շիրակի մարզի քննչական բաժնի աշխատակիցներին: Սակայն Ալբերտ Երիցյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց. «Դեռ չի ներկայացրել, բայց մենք գրությունով պահանջել ենք, որ ներկայացնի»:
ՀՀ ոստիկանության տեղեկացմամբ` ոստիկանության Գյումրու բաժնի ծառայողները հոկտեմբերի 21-ին՝ ժամը 18:30-ին, խնդրո առարկա «Չայկա»-ն հայտնաբերել են Պլեխանովի փողոցի թիվ 131/028 տնակին հարակից տարածքից: Մինչ այդ մեքենան գտնվել է Կարեն Դեմիրճյանի փողոցի թիվ 9 հասցեում՝ նախկին «Բնակտնտեսություն» ընկերության ավտոտնակում: Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 09:10-ին, մեքենան Գյումրու քաղաքապետարանի կողմից կնքվել եւ ի պահ է հանձնվել նշված ընկերության պահակին մինչեւ հետագա տնօրինման հարցի լուծումը, սակայն նույն օրը՝ ժամը 15:00-ին, առանց համապատասխան թույլտվության, պոկվել է ավտոտնակի կապարակնիքը, եւ ավտոմեքենան փախցվել:
Ի դեպ, երբ քաղաքապետարանի քաղաքաշինության, անշարժ գույքի եւ կադաստրի բաժնի նախկին պետ Ռաֆիկ Հակոբջանյանն օգոստոսի 1-ին կայացած ավագանու նիստի ժամանակ առաջ էր քաշել իր տարեկից, քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող «Չայկա»-ի օտարման եւ աճուրդ-վաճառքի հարցը, նախկին քաղաքապետը կատակել էր. «Կարո՞ղ է քեզ էլ աճուրդի հանենք»:
Գյումրի