Տավուշի մարզի Գետահովիտ համայնքի բնակիչներն ու բնապահպան ակտիվիստները շարունակում են բողոքել «Մեգաէներջի» սեփական պատասխանատվությամբ ընկերության կողմից կառուցվող «Խաչաղբյուր-2» փոքր հէկ-ի կառուցման դեմ: Նրանք ընդգծում են, որ դրանով կվնասվի այդ տարածքում առկա եզակի էկոհամակարգը:
Բնապահպան ակտիվիստներն ու գետահովիտցիները հոկտեմբերի 12-ին Երեւանում՝ բնապահպանության նախարարության շենքի առաջ, բողոքի ակցիա էին կազմակերպել, ապա հանդիպել նախարար Արամ Հարությունյանի հետ, որը հանձնարարական էր տվել ուսումնասիրել խնդիրը եւ տասնօրյա ժամկետում հարցի վերաբերյալ եզրակացություն ներկայացնել: Այդ կապակցությամբ բնապահպանության նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել են Գետահովիտ համայնքի երկու բնակիչ, երկու բնապահպան ակտիվիստ, ինչպես նաեւ՝ բնապահպանության նախարարության գործակալությունների ղեկավարներ:
Ինչպես հայտնեց Իջեւանի «Օրհուս» կենտրոնի համակարգող Գագիկ Աղբալյանը, փոքր հէկ-ի կառուցապատման գոտում գտնվում է «Իջեւան» արգելավայրը, որտեղ առկա է Կարմիր գրքում գրանցված արջատխլենու պուրակ: Հանձնաժողովի անդամները հոկտեմբերի 17-ին ժամանել են Գետահովիտ: Բնապահպանության նախարարության աշխատակիցները փորձել են Գետահովտի բնակիչներին եւ բնապահպաններին համոզել, որ հէկ-ի կառուցապատման գոտին արգելավայրի տարածքում չէ, մինչդեռ վայրի բնության պաշտպանության հիմնադրամի Հայաստանի գրասենյակի տրամադրած քարտեզով այն «Իջեւան» արգելավայրի տարածքով է ձգվում:
Մեզ հետ զրույցում Գագիկ Աղբալյանը տեղեկացրեց. «Իրենք եկան այդ տարածք եւ հենց սկզբից «Մեգաէներջի»-ի հետ սկսեցին մեզ համոզել, որ այդտեղ նախկինում ճանապարհներ են եղել: «Մեգաէներջի»-ի աշխատողները ճանապարհները փակել էին, բնապահպանության նախարարության աշխատակիցները մեզ հայտնեցին՝ ճամփա չկա: Մենք ասացինք՝ «Մեգաէներջի»-ի աշխատակիցներին ասե՛ք, որ իրենց շինարարական տեխնիկան հետ քաշեն, ճանապարհը բացեն, իրենք էլ թե` դո՛ւք ասեք: Մենք ոտաբոբիկ անցանք գետը, չորս ժամ քայլել ենք ջրերի միջով, միայն հանձնաժողովի նախագահը, որ նախարարության բաժնի պետ է, ոտքով անցավ ճանապարհի սկզբնամասը եւ մեզ հարցրեց՝ տղե՛րք, սա կառուցապատման գոտու վե՞րջը չէ: Ասացինք, որ դեռ ճանապարհ կա անցնելու»: Գ. Աղբալյանը նշեց, որ այդ ժամանակ իրենց հետ է եղել եւ տապալված ծառերը, բնությանը պատճառված այլ վնասները գրանցել բնապահպանական պետական տեսչության Տավուշի մարզային բաժնի տեսուչ Գառնիկ Բաբաջանյանը:
Երեկ լրացավ հանձնաժողովի գործունեության համար նախատեսված 10-օրյա ժամկետը, եւ այժմ բնապահպանության նախարարը պետք է խնդրի վերաբերյալ իր դիրքորոշումն արտահայտի: Ըստ Գետահովտի բնակիչների՝ փոքր հէկ-ի շինարարության հետեւանքով ավերվել է սողանքային գոտում գտնվող Գետահովտի բնությունը, գյուղի աղբյուրների հոսքը նվազել է: Մոտ տասն օր առաջ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը նամակով դիմել է Գետահովտի համայնքապետարան՝ խնդրելով «Խաչաղբյուր-2» փոքր հէկ-ի շինարարության համար հողահատկացում կատարել: Գետահովիտ համայնքի ավագանու անդամները մեզ հայտնեցին, որ թեեւ մարզպետի նամակին չեն պատասխանել, սակայն իրենք մերժելու են առաջարկը: Հայտնենք, որ «Խաչաղբյուր-2» փոքր հէկ-ը կառուցվել է առանց հողահատկացման, առանց շինթույլտվության եւ բնակչության շրջանում հասարակական լսումների, բացի այդ, խախտվել են բնապահպանական մի շարք օրենքներ:
Տավուշ