ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ այսօր ՀՀ Կառավարությունը արտակարգ ռեժիմով է աշխատում ու ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացներին արձագանքում է շատ օպերատիվ:
-Պարո՛ն Սահակյան, տարբեր մակարդակներով ասվում է, որ առաջիկայում իշխանությունները լայն թափով սկսելու են տարբեր ձեւաչափերով սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումները: Խնդրում եմ նշեք, թե այժմ կոնկրետ ի՞նչ քայլեր են կատարվում այդ ուղղությամբ, եւ ի՞նչպիսի «ճանապարհային քարտեզով» եք առաջ շարժվելու:
-Կոնկրետ ծրագիրը սահմանված է դեռեւս նախագահի այն հրամանագրի մեջ, որով ձեւավորվեց սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը: Հետեւաբար հստակ ժամանակացույցը սահմանված է, իսկ այսօրվա իրավիճակը հետեւյալն է՝ մենք արդեն ունենք հավանության արժանացած հայեցակարգ, հիմա այդ հայեցակարգի հիման վրա նախագիծը մասնագիտական խմբի կողմից պետք է մշակվի, որպեսզի հետագայում սահմանադրական բարեփոխումները նախաձեռնող երկրի նախագահ Սերժ Սարգսյանը որոշի ուղարկել Ազգային ժողով: Այնուհետեւ համապատասխան ընթացակարգով կնշանակվի հանրաքվեի օրը, որպեսզի Ազգային ժողովի քննարկումներից հետո Սահմանադրության նախագիծը դրվի հանրաքվեի: Այս պահի դրությամբ մասնագիտական հանձնաժողովը աշխատում է բուն նախագծի վրա:
-Ինչպես հայտնի է՝ Վենետիկի հանձնաժողովն իր տված դրական եզրակացության մեջ որպես նախապայման նշել է քաղաքական լայն կոնսոլիդացիայի առկայությունը: Մինչեւ այս պահը, սակայն, այդ կոնսոլիդացիան տեսանելի չէ: Բարեփոխումների հարցում համագործակցությունը, կարծես թե, միայն ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամների հետ է, իսկ մյուսների հետ այն առայժմ չի ստացվում: Ինչպե՞ս են իշխանություններն այդ հարցը լուծելու:
-Կարծում եմ՝ այդքան էլ այդպես չէ: Այս ընթացքում բոլոր քաղաքական ուժերն էլ իրենց դիրքորոշումը ներկայացրել են, քննարկումներին մասնակցել են: Կարծում եմ, որ այդ ամենի մասին շատ վաղ է խոսել, քանի որ մասնագիտական հանձնաժողովի կատարած աշխատանքներից հետո ամեն ինչ պարզ ու հստակ կլինի: Եթե այժմ մենք ինչ-որ հայտարարություններով հանդես գանք այդ հարցի հետ կապված, սխալ կլինի: Դուք տեսել եք, որ նախագահը հանդիպումներ է ունեցել տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, զրուցել են այդ հարցի շուրջ: Ու այժմ ինչ-որ բաներ ասել, երբ գործընթացը դեռեւս շարունակվում է, հավատացեք՝ սխալ է:
-Նշվում է, որ իշխանությունները սահմանադրական բարեփոխումների իրականացմանը զուգահեռ նաեւ կադրային փոփոխություններ են իրականացնելու, եւ առաջիկայում տարբեր պաշտոնանկություններ ու նշանակումներ կլինեն:
-Ես նմանատիպ որեւէ տեղեկություն չունեմ, ես՝ որպես օրենսդիր, իմ իրավասության շրջանակներում կատարում եմ իմ աշխատանքները, իմ առջեւ դրված պարտականությունները: Պետաիրավական բարեփոխումների ծրագիրը, որը հաստատված է նախագահի կողմից, փորձում ենք կյանքի կոչել, եւ այդ ուղղությամբ բավական անելիքներ կան: Փորձում ենք Կառավարության մեր գործընկերներին այդ հարցում օգնել, որպեսզի ավելին իրականացնենք, ժամանակացույցից հետ չընկնենք. սրանք են իմ գործառույթները, որոնցով ես զբաղված եմ: Իսկ թե ով կփոխվի, կամ ում կփոխեն, ես դրա մասին որեւէ տեղեկատվություն չեմ կարող տրամադրել, դա իմ իրավասությունների եւ լիազորությունների մեջ չի մտնում:
-Որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ՝ գո՞հ եք այսօրվա Կառավարության գործունեությունից, արդյո՞ք գործադիրը կարողանում է իր առջեւ դրված խնդիրները լուծել:
-Հարցը շատ ավելի ընդհանրական է, ես՝ որպես մի փոքր ամբիցիոզ մարդ, երբեք գոհ չեմ լինում, եթե հաշվի առնենք այն իրավիճակը, որն այսօր կա, նաեւ` աշխարհաքաղաքական առումով՝ մեր տարածաշրջանում, մեր երկրի շուրջ, ՌԴ-ում, Եվրոպայում տեղի ունեցող գործընթացները, չեմ կարող ասել, որ ամեն ինչ գոհացնում է: Դրա համար կան ե՛ւ օբյեկտիվ, ե՛ւ սուբյեկտիվ պատճառներ: Մենք պետք է հասկանանք, որ այդ տնտեսական ճգնաժամը կա այսօր ե՛ւ ՌԴ-ում, ե՛ւ Եվրոպայում, եւ պետք է նկատի առնենք, թե այն որքանով է պրոյեկտվում մեր երկրի վրա, ու ինչ պետք է արվի, որպեսզի դրան լուծումներ տրվի:
-Այնուամենայնիվ, շատերի համոզմամբ` ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին այդպես էլ չհաջողվեց խոստացած տնտեսական աճն ապահովել ու ընդհանրապես այնպես անել, որպեսզի նրա վարչապետության ընթացքում մարդկանց կյանքում դրական փոփոխություն նկատվի: Շատերի համոզմամբ` Հ. Աբրահամյանը եւս «թույլ» վարչապետ է: Ի՞նչ կասեք:
-Ես կարծում եմ, որ այսօրվա դրությամբ Կառավարությունն աշխատում է արտակարգ ռեժիմով, այսինքն՝ փորձում է արագ արձագանքել բոլոր այն երեւույթներին, խնդիրներին, որոնք պետք է արագ լուծում ստանան: Ու Հովիկ Աբրահամյանն էլ՝ որպես օպերատիվ աշխատանքի կողմանկից, փորձում է մեղմել այդ ամենի հետեւանքները: Մենք այժմ պետք է ավելի խորը տնտեսական վերլուծություն անենք՝ հասկանալու համար, թե ինչի հետեւանք է այս ամենը: Իսկ Ձեր նշած տեսակետը հնչեցնողներն առավելապես քաղաքական շարժառիթներով են առաջնորդվում:
-Հիմնական դժգոհությունը Կառավարության տնտեսական բլոկի ներկայացուցիչներից է, եւ քաղաքական ուժերի մոտ համոզմունք կա, որ ներկայիս տնտեսական խնդիրների մեծ մասի պատճառը հենց Կառավարության տնտեսական պորտֆելները տնօրինող նախարարներն են:
-Օրինակ` պարոն Ճշմարիտյանի հետ՝ որպես պրոֆեսիոնալ մարդ, ես Ազգային ժողովում եմ շփվել, բավականին գիտակ, կոմպետենտ, խելացի անձնավորություն է: Ես չեմ կարող որեւէ գնահատական տալ ինչ-որ մարդկանց կատարած աշխատանքին, միգուցե իմ գնահատականները նաեւ սուբյեկտիվ լինեն:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ