Թշնամուն հարցազրույց տալը ես հիվանդագին չեմ ընդունում. Կարո Եղնուկյանը` Տիգրան Խզմալյանի հարցազրույցի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կինոռեժիսոր և հասարակական գործիչ Տիգրան Խզմալյանը հարցազրույց է տվել ադրբեջանական haqqin.az-ին: Հարցազրույցի ժամանակ կինոռեժիսորը քննադատել է Հայաստանի իշխանություններին և խոսել երկրում տիրող ծանր տնտեսական իրավիճակի մասին:

Պատասխանելով հարցին՝ ո՞վ է մեղավոր ՀՀ-ում սոցիալական անարդարության, կոռուպցիայի համար, Խզմալյանը պատասխանել է, որ մեղավոր է ինչպես իշխանությունը, այնպես էլ հասարակությունը, որը «կուլ է տալիս այդ բոլոր ստորացումները`  հանուն անվտանգության պատրանքի»:

«Որքան ինձ հայտնի է, նման իրավիճակ է տիրում նաև մյուս հետխորհրդային երկրներում, մասամբ` նաև Ադրբեջանում: Կարծում եմ, որ մեր՝ իշխանության առաջ պարտության հիմնական պատճառը մեր ազգային էլիտայի թուլությունն է, որը զիջել է Կրեմլի կողմից ղեկավարվող հանցավոր ռեժիմին»,- ասել է նա:

Իսկ հարցին՝ ի՞նչ է տվել Հայաստանի` ԵՏՄ անդամակցությունը, կինոռեժիսորը պատասխանել է, որ անգամ վիճակագրական տվյալներն են վկայում իրադարձությունների աղետալի զարգացման մասին:

Խզմալյանը խոսել է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին և ասել. «ՀՀ պատմության մեջ դժվար թե լինի մի քաղաքական գործիչ, որն իր ժողովրդի մոտ նման ատելություն և ցասում առաջացնի»: Ըստ նրա` Քոչարյանը շանսեր չունի, այդ իսկ պատճառով ապրում է Ռուսաստանում, որտեղ Պուտինը նրա համար «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդում պաշտոն է պահել:

Armlur.am-ի հետ զրույցում «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, Տիգրան Խզմալյանի վաղեմի ընկեր Կարո Եղնուկյանն, անդրադառնալով նշված հարցազրույցին, ասաց, որ նորմալ է վերաբերվում թշնամու լրատվամիջոցին հարցազրույց տալուն.«Ես բովանդակությանը լավ տեղյակ չեմ, բովանդակության մասով որևէ գնահատական տալ չեմ կարող: Ինչ վերաբերում է հարցազրույց տալուն, դա վատ բան չէ ինքն իրենով: Ես հիվանդագին չեմ մոտենում թշնամու լրատվամիջոցին հարցազրույց տալուն: Բազմիցս նաև Թուրքիայից են գալիս Հայաստան, տարբեր մարդկանցից հարցազրույց վերցնում»,- եզրափակեց ՀԽ անդամը:




Լրահոս