«Տիգրան Խզմալյանն անցել է բարոյականության սահմանը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանին և Թուրքիային չի կարելի հարցազրույցներ տալ` ի դեմ մեր իրականության: Նրանք շատ լավ տեղյակ են` ինչ է կատարվում ՀՀ-ում և օգտագործում են այս վիճակը` իրենց մութ ու դավադիր ծրագրերով: Armlur.am-ի հետ զրույցում ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը նման տեսակետ հայտնեց` անդրադառնալով կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի` հակահայ քարոզչությամբ հայտնի ադրբեջանական haqqin.az կայքին տված հարցազրույցին:

«Երբ մեր երեխաների վրա են այդ սրիկաները հարձակվում, մենք բարոյական իրավունք չունենք շան հետ խոսելու: Ես չէի ասի` հակահայկական քայլ էր, բայց սա բարոյական սահմանն անց քայլ է: Ես չեմ գովերգում մեր իշխանություններին, բայց նաև գտնում եմ, որ ընդդիմադիր լինելը դեռ չի նշանակում, որ կարող է թշնամու հետ խոսել մեր ներքին խնդիրներից: Մենք կարող ենք խոսել մեր երկրում, մեր ներսում և դրանով բավարարվենք: Դա ես չեմ համարում հայանպաստ գործունեություն: Մենք իրավունք չունենք մեր խոսքով Ադրբեջանի ժողովրդին ցույց տալ, որ այստեղ իրավիճակն ավելի վատ է, քան այնտեղ: Այդպես չէ` նրանց մոտ շատ ավելի խայտառակ է իրավիճակը»,- մանրամասնեց Գուրգեն Եղիազարյանը:

Նրա խոսքով` ՀՀ իշխանությունները, հայաթափելով Հայաստանը, Խզմալյանից պակաս օգուտ չեն տալիս Ադրբեջանին: Եղիազարյանը կարծում է, որ Տիգրան Խզմալյանն անցել է բարոյականության սահմանը:




Լրահոս