Նոր մանրամասներ հերթապահության ժամանակ մահացած զինծառայողի գործից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հաղորդագրություն է տարածել մայիսի 8-ին մահացած զինծառայողի գործի առնչությամբ.

«Երեկ՝ մայիսի 12-ին, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցներն այցելեցին 2015 թ. մայիսի 8-ին մահացած զինծառայող Հարություն Համբարյանի հարազատներին: Հարությունը ծառայում էր ԼՂ Մարտակերտի շրջանի  «Ինտերնատ» կոչվող զորամասում: Ծառայում էր հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) զորքերում:

Ինչպես հայտնի է լրատվական միջոցներից, զինծառայողի մահվան փաստի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի  110-րդ հոդվածի 1-ին մասի (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը) հիմքով:

Հարազատների հետ զրույցից պարզ դարձավ, որ դեպքի նախորդ օրը՝ 2015 թ. մայիսի 7-ին, երեկոյան մոտ ժամը 18:00-ին,  Հարությունը հեռախոսազրույց է ունեցել ավագ քրոջ՝ Հասմիկ Համբարյանի հետ: Նրա տրամադրությունը շատ բարձր է եղել: Նա Հասմիկից հետաքրքրվել է, թե ինչպես են ծնողները և իմանալով, որ նրանք այժմ զբաղված են գարնանացանի աշխատանքներով, ասել է՝ «Մի քիչ մնաց, թող դիմանան, գամ՝ մյուս անգամ ես եմ անելու այդ գործը»:

Հարությունի հոր՝ Հրայր Համբարյանի խոսքերով, դեպքի օրն իրենց ընտանիքի բոլոր անդամները վաղ առավոտից տանը չեն եղել  (գնացել են հողամաս կարտոֆիլ ցանելու): Տուն վերադարձել են միայն երեկոյան ժամը 19:00-ի սահմաններում: Դեպքի մասին իրենք առաջին անգամ տեղեկացել են Արմենիա հեռուստաընկերության 20:00-ին թողարկվող «Ժամը» լրատվական հաղորդման ընթացքում ներկայացվող տեղեկատվական վազող տողից: Ըստ հոր՝ թողարկման ժամանակ Հարությունի ազգանվան մեջ առկա է եղել տառասխալ՝ Համբարյանի փոխարեն գրված է եղել Ղամբարյան, ինչը փոքր-ինչ թեթևացրել է ընտանիքի անդամների լարվածությունը:

Սակայն մոտ 10 րոպե անց  հեռախոսազանգով զինկոմիսարիատի աշխատակիցը Հարությունի հորը տեղեկացրել է, որ տղան «վիրավորում է ստացել և որ նրան տեղափոխում են Երևան»: Սակայն, քույրը հայտնեց,  որ մինչ այդ պահը նա արդեն իսկ համացանցի նորություններով տեղեկացել էր, որ «Հարությունը մահացու հրազենային վիրավորում է ստացել»: Հարությունի ծառայակից ընկերներից մեկը զինվորի հուղարկավորության  ժամանակ նրա ծնողների հետ զրույցում հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել Հարությունի մարտական հերթապահության ժամանակ՝ մարտական հենակետում: Մարտական հենակետը, սակայն, ըստ քրոջ, առաջին գծից մոտ 7 կմ հեռու է:

Հարություն Համբարյանի մարտական հերթապահությունը նշանակված է եղել 2015թ. մայիսի 8-ին ժամը 14:00-ից 16:00-ն, իսկ դեպքը, ինչպես հայտնի է լրատվամիջոցներից, տեղի է ունեցել 15:10-ին: Նրա ծառայակից ընկերը տղայի հարազատներին հայտնել է, որ առավոտյան Հարությունը լվացել է գլուխը, հարդարվել, «կանտովկան» մաքրել, կոկիկ հագնվել (ինչպես միշտ) և դուրս է եկել ծառայության: Դեպքի պահին, ըստ Հարությունի ծառայակիցներից մեկի՝ հարազատներին տրամադրած տեղեկությունների,  Հարությունից մոտ 30 մետր հեռավորության վրա գտնվել է նրա ծառայակիցներից մեկը (Ըստ Հարությունի քրոջը հասած տեղեկությունների՝ երկու հոգի, որոնցից մեկը սթրեսի պատճառով չի կարողանում խոսել և պառկած է հոսպիտալում):

Ըստ Հարությունի հորը՝ Հրայրին զինծառայողի ընկերներից մեկի կողմից հաղորդված  տեղեկությունների՝ ժամը 15:10-ի սահմաններում Հարությունի այդ ծառայակիցը, որը մոտ է գտնվել նրան դեպքի պահին, ինչ-որ բան նկատելով, Հարությունին հարցրել է. «Հարու՛թ, էդ ի՞նչ ես անում»: Հարությունը պատասխանել է. «Հե՛չ, ոչ մի բան»: Դրանից հետո հնչել է կրակոց և ծառայակիցը վազել է օգնության: Հարությունի ընկերներից մեկը նրա ծնողներին պատմել է, որ ինքը դեպքի պահը չի տեսել և դեպքի մասին իմացել է միայն այն ժամանակ, երբ աղմուկ է լսել, ու երբ ժամանել է շտապօգնության մեքենան:

Հարությունի հարազատները ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցներին հայտնեցին, որ  իբր թե Մարտակերտում խոսակցություն է եղել, որ մահվան պատճառն անորոշ է: Այսինքն՝ միանգամից պարզ չի եղել, թե արդյոք դեպքը ինքնասպանության հետևանք է, թե ոչ: Իսկ հաջորդ օրն արդեն ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ինքնասպանության հասցնելու հոդվածով: Հարությունի հոր խոսքերով՝ դիահերձման ժամանակ ներկա են գտնվել նաև իր  հարազատներից և ընկերներից:  «Հարությունի հրազենային վիրավորումը եղել է ճակատային հատվածում՝  վերևի մասից», – ասում է քույրը: Հարությունն ունեցել է կարճատեսություն և կրել է օպտիկական ակնոց:

Հարությունի մարմինն ընկած է եղել բերանքսիվայր և ակնոցը  մանր փշրված է եղել: Ըստ քրոջ, Հարությունը միշտ գոհ է եղել իր ծառայությունից և ծառայության վայրից, քանի որ այն մարտական հենակետը որտեղ նա ծառայել է, բավականին հեռու է եղել առաջին գծից: Հարությունը նաև հայտնել է, որ ՀՕՊ ուժերում ծառայությունը համեմատաբար ավելի հեշտ է անցնում: Իսկ այդտեղ նա ծառայության էր անցել այն պատճառով, որ լավ էր հաշվարկներից ու գծագրությունից: Ըստ Հասմիկի՝ Հարությունի հրամանատարները միշտ գոհ են եղել նրա ծառայությունից:

Զինծառայողի քույրը նաև հայտնեց, որ զորակոչվելու հենց առաջին օրը Հարությունի ջերմությունը բարձրացել է՝ հասնելով 40 աստիճանի՝  մինչ զորակոչվելը կատարված պատվաստման պատճառով: Զորամասում նա անցկացրել է մեկ օր, որից հետո նրան տեղափոխել են Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, որտեղ նա անցկացրել է մոտ 10 օր: Հասմիկը, որը մասնագիտությամբ բժիշկ է (էնդոկրինոլոգ, շտապօգնության բժիշկ), նշում է, որ եղբոր մոտ սկսվել է բրոնխիտ, թոքերը բորբոքվել են, նշիկներն՝ այտուցվել:

Միևնույն ժամանակ Հասմիկը նշում է, որ հետագայում Հարությունը լիովին ապաքինվել է և նույնիսկ ավելի կոփվել: «Արձակուրդ գալուց հետո նա արդեն լրիվ առողջ էր, մենք նկատեցինք, որ Հարութը շատ է փոխվել, հասունացել է, ավելի լուրջ ու հավասարակշռված է դարձել»: Զինծառայության ընթացքում Հարությունը մեկ անգամ արձակուրդ է եկել՝ 2014թ. հուլիսին, ևս 2 անգամ հարազատներն են այցելել նրան: Քրոջ՝ Հասմիկի խոսքերով՝ Հարությունը շատ կենսուրախ երիտասարդ էր: Նա ֆուտբոլի մեծ երկրպագու էր: Քրոջը խնդրում էր գրանցել ֆուտբոլային խաղերի արդյունքները և ամեն անգամ զանգելիս մեծ ոգևորությամբ հարցնում վերջին ֆուտբոլային հանդիպումների արդյունքները:

Նույնիսկ դեպքից երկու օր առաջ Հարությունը խնդրել է քրոջը ուշադիր հետևել ֆուտբոլային խաղերին և մտապահել հաշիվը, որպեսզի նա զանգով տեղեկանա արդյունքների մասին: Զինծառայողների բոլոր հարազատները և համագյուղացիները վստահ են, որ կյանքն այդքան շատ սիրող, ծնողների համար այդքան շատ անհանգստացող և այդքան հավասարակշռված մարդը, ինչպիսին Հարությունն էր, ուղղակի չէր կարող ինքնասպանություն գործել:

Հարությունի հայրը նաև նշեց, որ իր որդին նույնիսկ սիրած աղջիկ չի ունեցել, ում պատճառով կարող էր դիմել այդ քայլին: Հարություն Համբարյանը սովորում էր Հայաստանի Ագրարային Համալսարանի Հողաշինարարության և հողային կադաստրի ֆակուլտետում: Զորակոչվել էր զինծառայության 2014 թ. հունվարի 13-ին: Նրա ծառայության ավարտին մնացել էր 8 ամիս»:

 




Լրահոս