Ի՞նչ պայմաններում «Գելի» գնդապետ եղբայրը ջրից չոր դուրս եկավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Նոր Նորքի զինվորական կոմիսար, գնդապետ Ռաֆայել Զախարյանն դատապարտվեց 3,5 տարվա ազատազրկման:

Ռ. Զախարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքը դատարանը վերաորակել էր 311-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը)՝ դատապարտելով 3 տարի ժամկետով ազատազրկման, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի զենք պահելը)՝ դատապարտելով 6 ամսվա ազատազրկման:

Նկատենք , որ մեղադրող դատախազը զինկոմի համար պահանջել է 9 տարվա ազատազրկում, սակայն դատավորը բավականին մեղմ է գտնվել և նրան դատապարտել է 3,5 տարվա ազատազրկման: Իսկ այս պարագայում, ամենայն հավանականության, Ռաֆայել Զախարյանը պատիժը պայմանականորեն չի կրի:

Հիշեցնենք, որ Նոր-Նորքի զինվորական կոմիսար, գնդապետ Ռաֆայել Զախարյանը ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Գարիկ Գաբրիելյանի` «Գելի» հորաքրոջ որդին է: Armlur.am-ի հետ զրույցում Գարիկ Գաբրիելյանը հորաքրոջ որդու ազատազրկման վերաբերյալ ասաց, որ տեղյակ չէ իր հորաքրոջ գնդապետ որդու` 3,5 տարի ազատազրկման մասին. «Էլ բան ու գործ չունե՞ք, տեղյակ չեմ այդ մասին: Անգամ հիմա երկրում չեմ, բան չգիտեմ»:

Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Ռաֆայել Զախարյանը, զբաղեցնելով Նոր Նորքի զինկոմիսարի պաշտոնը,  հանդիսանալով տեղական զորակոչային հանձնաժողովի նախագահ, օժտված լինելով նույն զինկոմիսարիատում հաշվառված և առողջական վիճակի բերումով տարեկետման մեջ գտնվող զորակոչիկներին մինչև տարեկետման ժամկետի ավարտը այլ ընտանեկան դրության բերումով տարեկետման իրավունք ձեռք բերելու դեպքում կրկին համապատասխան բուժհիմնարկ ուղեգրելու և նման խմբի անձանց նկատմամբ հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, 2014թ. մարտի 17-ին իր աշխատասենյակում, Գագիկ Վարդանյանից, որդու՝ Ալբերտ Վարդանյանի օգտին առողջական վիճակի բերումով պահեստազորում հաշվառելու, դրանով իսկ զինվորական ծառայության զորակոչից վերջնականապես ազատելու դիմաց պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ 1.659.840 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար կաշառք:

Իսկ 19.03.2014թ.  նույն զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետի աշխատասենյակում Գ.Վարդանյանից ստացել է 3900 ԱՄՆ դոլար:

Բացի այդ, քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել ռազմամթերք հանդիսացող «ՊՄ» և «ԱՊՍ» ատրճանակների համար նախատեսված, գործարանային արտադրության / 9X18 ՊՄ/ 9մմ տրամաչափի 24 հատ փամփուշտ և դրանք պահել իրեն պատկանող «Տոյոտա Պրադո» ավտոմեքենայի պահախցիկում:




Լրահոս