Փորձը ցույց է տալիս, որ վերջին տարիներին հետախոսազանգերով, սոցցանցերով և նման այլ եղանակներով ծանոթությունները միշտ չէ, որ բարի ավարտ են ունենում: Անձին արատավորող տեղեկություններ տարածելու սպառնալիքի միջոցով շորթումը որոշ տղամարդկանց համար դարձել է ապրելու հեշտ միջոց: Այդպիսի տղամարդիկ հիմնականում փնտրում են դյուրահավատ աղջիկների, որոնց սուտ խոստումներով կարողանում են խաբել և մեծ չափով գումար վերցնել:
Տղամարդիկ այսկերպ աղջիկներին մոլորության մեջ են գցում` կեղծ բարերար ներկայանալով, ասելով, թե ունեն շքեղ առանձնատներ, մեքենաներ, իսկ աղջիկներն այս ամենից որպես կանոն հեշտ գայթակղվում են: Իսկ արդյունքում` սուտ խոստումներ և իրական նյութական վնասներ: Իսկ թե որքան կարող է լինել կնոջը հասցված բարոյական վնասը, թերևս, ոչ ոք հաշվել չի կարող:
Եվ իզուր չէ, որ մասնագետները խորհուրդ են տալիս հարաբերությունների այն փուլում, երբ տպավորություն է, որ շուտով պետք է ամուսնություն տեղի ունենա, այդ մարդու անձնական տվյալները ստուգել փաստաթղթային մակարդակով: Սա մեծ հնարավորություն է ավելի վստահ լինել:
Armlur.am-ը բազմիցս հրապարակել է սոցցանցի միջոցով շորթում կատարելու դեպքերի մասին, երբ տուժող կողմում են հայտնվել դյուրահավատ աղջիկները: Քիչ չեն եղել նաև դեպքերը, երբ նման իրավիճակներ ստեղծողները պատիժ կրելիս են եղել քրեակատարողական հիմնարկներում և իրենց սև գործը ՔԿՀ-ի ներսից են արել:
Նման իրավիճակում տարիներ առաջ հայտնվել էր Լիլիթ Չ.-ն, ում խնդիրների պատճառով սպանություն կատարած եղբայրը այս տարի ազատ կարձակվի պատժի կրումից:
Լիլիթի ընտանիքը շատ դժվարություններ էր կրել. նրա ծնողները ամուսնալուծվել էին, երբ ինքն ու եղբայրը` Արմանը, դեռ շատ փոքր էին: Քույր ու եղբայր մեծացել էին մոր կողքին` Նոր-Հաճնի իրենց բնակարանում:
2007-ին, երբ Լիլիթը հեռախոսով ծանոթացել էր «Կոշ» ՔԿՀ-ում իր պատիժը կրող Հովհաննեսի հետ, կարծել էր, թե երջանկությունն արդեն թակում է տան դուռը և ուր որ է` այն ներս կմտնի:
Խարդախություն կատարելու համար «Կոշ»-ում պատիժը կրող Հովհաննեսը մի օր զանգահարել էր քրոջը` Իզաբելային, և ասել, որ ինքը` «Կոշ» ՔԿՀ-ում, օրինական կարգով ամուսնացել է Լիլիթի հետ: Հովհաննեսն այդ ժամանակ քրոջն ու մորը խնդրել էր` գնան Լիլիթ Չոբանյանի տուն ու ծանոթանան նրա հետ: Ըստ Իզաբելայի ցուցմունքի` իրենք մատանի էին գնել ու գնացել Լիլիթենց տուն և ծանոթացել նրա հետ: 2011թ. օգոստոս ամսին Հովհաննեսն ազատվել էր պատիժը կրելուց և բնակվել Լիլիթենց` արդեն վարձած բնակարանում` նրա մոր և եղբոր հետ միասին, որոնց չէր ճանաչում: Իզաբելան մի օր զանգահարել էր Լիլիթին` իմանալու եղբոր գտնվելու վայրը, Լիլիթն ասել էր` չգիտեմ…
Ըստ Լիլիթի ցուցմունքի` տարիներ շարունակ ինքն ու հարազատներն ապրել են Հովհաննեսի սպառնալիքների, ահաբեկումների և վիճաբանությունների մեջ. նա անգամ կալանավայրում գտնվելիս իրենից հաճախ գումար է պահանջել, վախեցրել է, որ եթե իրեն գումար չտան, կվնասի ՌԴ արտագնա աշխատանքի մեկնած եղբորը: Իրենք նույնիսկ մորը և եղբորը սեփականության իրավունքով պատկանող Նոր Հաճըն քաղաքում գտնվող բնակարանն են վաճառել և գումարը հանձնել Հովհաննեսին: Այս ամենի ազդեցության տակ Լիլիթն անգամ ինքնասպանության փորձ է արել:
Ավելին, բանտից ազատվելուց հետո, համատեղ բնակվելու ընթացքում Հովհաննեսը հաճախ տուն է եկել ալկոհոլի ազդեցության տակ, վիճաբանություն է ստեղծել և ծեծել Լիլիթին: 2011թ.սեպտեմբերի 17-ի գիշերը, հերթական անգամ Հովհաննեսը հարբած վիճակում տուն է եկել, շենքի մուտքում սկսել է հայհոյանքներ տալ և հարվածել դռանը` խանգարելով հարևանների հանգիստը: Հարևանների բողոքի հիման վրա քրգործ է հարուցվել, և Հովհաննեսի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Այնուհետև Լիլիթը Հովհաննեսի հետ Աբովյան քաղաքում կրպակ են վարձել և սկսել մրգի առուվաճառքով զբաղվել: Նոյեմբերի 5-ին Հովհաննեսը եկել է կրպակ և հերթական անգամ ծեծել կնոջը` կոտրելով աջ ձեռքի ցուցամատը:
Գրեթե նույն սցենարը տեղի է ունեցել նաև հաջորդ օրը. Հովհաննեսը, կրկին հարբած, կրպակում ծեծել է Լիլիթին, վերջինս էլ վախից միզել է: Անծանոթ տղաներն են նրան օգնության հասել, ամուսնու ձեռքից ազատել, և թույլ տվել, որ իրենց հեռախոսից զանգահարի եղբորը:
Վեճն այսքանով չի ավարտվել: Այդ ամենը տեսնելով` եղբայրը չի կարողացել իրեն զսպել, միջամտել է, որի ժամանակ Հովհաննեսը ասել է նրան. «Դու ինձ համար մեկ րոպեի բան ես»:
Ըստ քրգործի նյութերի` փեսան ու աներորդին վիճելով իջել են բակ, որտեղ Հովհաննեսը առաջարկել է Արմանին` «Եթե այդքան տղա ես, գնանք մի խախանդ տեղ ու խոսենք»: Եվ նրանք միասին գնացել են Կոտայքի մարզի Նոր Հաճըն քաղաքի «Արզնի» ՀԷԿ-ի ջրատարի մոտ: Այնտեղ քայլելով մոտեցել են ջրատարին և շարունակել վիճաբանությունը: Հովհաննեսը կրկին սկսել է ցինիկ տոնով խոսել, հայհոյանքներ տվել Արմանի և նրա ընտանիքի հասցեին: Այդ ժամանակ Արմանը դուրս է եկել հունից և չհասկանալով, թե իր հետ ինչ է կատարվում, գրպանից հանել է ծալովի դանակը հարված հասցրել փեսայի կրծքավանդակին: Վերջինս ընկել է գետնին, իսկ Արմանը որոշ ժամանակ նստել է այնտեղ` չհասկանալով թե ինչ է կատարվում, և երբ սթափվել է, տեսել է, որ հագուստները կեղտոտված են. փսխել է և անգամ ետ չի նայել և չի տեսել, թե Հովհաննեսն ինչ վիճակում է: Հասկանալով, թե ինչ է արել, նույն տաքսիով վերադարձել է տուն: Այդ մասին ոչ ոքի չի ասել, իսկ քրոջն ասել է, որ Հովհաննեսն իրեն այլևս չի անհանգստացնի:
Լիլիթը կարծել է, թե եղբայրը, կանխելով իրենց տան վիճաբանությունները, խոսել է Հովհաննեսի հետ, և նա այլևս իրենց հետ չպետք է բնակվի: Եվ քանի որ ամուսինն այդ ժամանակ եղել է հետախուզման մեջ, կարծել է, թե նա հասկացել է, մեկնել է Ռուսաստան և չի վերադառնա:
2012-ի մարտի 22-ին` դեպքից մոտ 4,5 ամիս անց, Հովհաննեսի դիակը հայտնաբերել են «Արզնի» ՀԷԿ-ի ճնշման ջրավազանում` կրծքավանդակի և ձախ նախաբազկի վնասվածքներով:
Դրանից հետո ոստիկանություն են հրավիրել Չոբանյաններին, և Արման Չոբանյանին մեղադրանք առաջադրել սպանության համար: Սակայն դատարանում համադրելով հետազոտված ապացույցներն ու ցուցմունքները, մեղադրողը փոփոխել է մեղադրանքը` սպանությունը վերաորակելով հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանության (քր. օրի 105 հոդ. 1-ին մաս): Դա հիմնավորվել է նաև փորձագետների եզրակացություններով: Նրանք նաև արձանագրել են, որ Հովհաննեսը հարվածը ստանալուց հետո, երբ արնահոսել է, այդ ընթացքում կարող էր կատարել ցանկացած գործողություն, իհարկե անգիտակից վիճակում (այսինքն, կարող էր նաև ընկնել ջրատարը, քանի որ գտնվել է ալկոհոլային սուբկլինիկական հարբածության վիճակում-հեղ.):
Մեղադրանքը փոփոխելիս գործով մեղադրող դատախազն այսպիսի եզրահանգումներ է արել. «…ամբաստանյալի հայրը ընտանիքը լքել է, երբ նա (Արմանը) եղել է ընդամենը 2 տարեկան: Արդեն հասուն տարիքում նա՝ որպես ընտանիքի միակ տղամարդ, փորձել է հոգալ քրոջ և հաշմանդամ մոր հոգսերը: Այդ ընտանիքի և Հ. Նաղդալյանի առնչության առաջին իսկ օրվանից` 2007թ.-ից, խաթարվել է ընտանիքի անդորրը… Հ. Նաղդալյանի կողմից տևական ժամանակ` շուրջ 4 տարի, գործադրած սպառնալիքների, բռնությունների, ծանր վիրավորանքի, պարբերաբար դրսևորած հակաիրավական և հակաբարոյական վարքագծի կապակցությամբ առաջացած երկարատև հոգեճնշող իրավիճակի հետևանքով հանկարծակի առաջացած հոգեկան խիստ հուզմունքի վիճակում՚ հայտնված Արման Չոբանյանը սպանել է նրան»:
Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել այն, որ ամբաստանյալը բնութագրվում է դրականորեն, նախկինում դատված չի եղել, ՀՀ քր. օրի 105 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել, ընդունել է մեղքը և զղջացել կատարվածի համար, առաջին անգամ հանգամանքների պատահական զուգորդմամբ կատարել է միջին ծանրության հանցանք, հանցանքը կատարել է կյանքի ծանր հանգամանքների զուգորդմամբ և կարեկցանքի շարժառիթով, խնամքին են գտնվում քույրը և 2-րդ խմբի հաշմանդամ մայրը, որոնք չեն աշխատում, երիտասարդ է:
Պատիժը ծանրացնող հանգամանքներ դատարանը չի հայտնաբերել և Արմանին դատապարտել է 4 տարվա ազատազրկման:
Ի դեպ, 4 տարին 105 հոդվածի 1-ին մասի սանկցիայով նախատեսված առավելագույն պատիժն է: