Հրազդանում 12,6 մլն դոլար ծախսելուց հետո ջրամբարը վերանորոգվել է, բայց մնացել վթարային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2012թ. մայիսի 2-ին Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի համանուն ջրամբարը Սերժ Սարգսյանի ձեռամբ պաշտոնապես հանձնվեց շահագործման: Գյուղացիները մեծ ոգեւորությամբ են հիշում այդ օրը, երբ Ջրամբարի թողարկման ժամանակ հայտարարվեց, որ ծախսվել է 9,5 մլն ԱՄՆ դոլար համաշխարհային բանկի վարկային միջոցներից եւ 3,1 մլն ԱՄՆ դոլար ՀՀ պետբյուջեից, որի դիմաց պետք է ունենայինք տարեկան 23 մլն խմ ամբարված ջուր (այսքանով պետք է նվազեր Սեւանից ջրի բացթողումը):

Ջրամբարի գործարկման արդյունքում Մխչյանի պոմպակայանում պետք է խնայվեր 10,9 մլն կվտ/ժամ էլԷներգիա: Միայն Կոտայքի մարզում լրացուցիչ 1055 հա հողատարածք պետք է դառնար ոռոգելի, եւ, վերջապես, Սեւան-Հրազդան կասկադի հիդրոէլեկտրակայանները պետք է արտադրեին 21 մլն կվ /ժամ լրացուցիչ էժան հոսանք: Մինչդեռ այսօր գյուղացիները մատնացույց են անում Մարմարիկ գետը՝ մինչեւ ջրամբար լցվելը եւ ջրամբարից հետո: Անզեն աչքով անգամ տեսանելի է, որ «ջրերը ուրախ գալիս են, գնում», իսկ Մարմարիկի ջրամբարը ինչպես դատարկ էր, այնպես էլ դատարկ մնում է:

Այս կապակցությամբ «Առողջ Հրազդան» բնապահպանական խմբի անդամ Մովսես Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մի շարք հարցադրումներ է անում. «Արդյո՞ք արժանահավատ են լուրերը, թե 12,6 մլն ԱՄՆ դոլար ծախսելուց հետո ջրամբարը վերանորոգվել է, չէ որ այն ինչպես վթարային կար, այնպես էլ վթարային մնացել է: Կամ արդյոք Սեւանից 72,2 մլն խմ լրացուցիչ ջրառ նախատեսող օրենքում հաշվառված է Մարմարիկի ջրամբարի 23 մլն խմ ջրաքանակը: Իրատեսական հաշվարկով հիշյալ ջրաքանակը դեռեւս 2013թ-ին պետք է նվազեցված լիներ՝Սեւանից օրենքով նախատեսված 168 մլն խմ-ից: Եվ վերջապես, ովքե՞ր են մեղավորներն ու պատասխանատուները, որ նախագահի ձեռամբ ջրամբարի գործարկման արարողության ընթացքում հնչեցրած նախագծային չափանիշները մինչեւ այսօր չեն իրականացվել»:

Արեւիկ Հակոբյան
Կոտայք




Լրահոս