ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ
«Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլուն վերջինիս՝ Վրաստանի կառավարության ղեկավար նշանակվելու առթիվ»,-հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Վրաստանի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Մաղթում եմ հաջողություն եւ բազմաթիվ ձեռքբերումներ Ձեր պատասխանատու առաքելության մեջ: Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ կհաջողվի նոր լիցք հաղորդել երկկողմ համագործակցությանը, որը խարսխված է հայ եւ վրաց ժողովուրդների դարավոր բարեկամության ավանդույթների վրա»,-մասնավորապես ասված է Տիգրան Սարգսյանի ուղերձում: Նա նաեւ Իվանիշվիլուն պաշտոնական այցով  հրավիրել է Հայաստան՝ իր համար հարմար ժամկետներում:

ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆ
Երեկ՝ ժամը 17-ի սահմաններում, ԱԻՆ-ն ահազանգ է ստացել, որ Երեւանի շենքերից մեկում վերելակի հետ վթար է տեղի ունեցել: Պարզվել է՝ Դավիթաշենի Սասնա Ծռեր 2 հասցեում գտնվող նորակառույց շենքում ինքնաշեն վերելակի ճոպանը պոկվել է, եւ վերելակը ընկել է հորանում աշխատողների վրա: Կա երկու զոհ եւ երկու վիրավոր: «Արմենիա» բժշկական կենտրոնից NEWS.am-ին տեղեկացրել են, որ տուժածներից մեկի՝ 60-ամյա Գեւորգ Սաֆարյանի վիճակը կայուն է, իսկ 45-ամյա Խաչիկ Եփրեմյանի մասին դժվարացել են հստակ տեղեկություններ հաղորդել՝ նշելով, որ հնարավոր են բարդություններ:

ԵՐԵԽԱՅԱԿԱՆ
Չեղյալ է հայտարարվել ռուսաստանցի երգիչ Ֆիլիպ Կիրկորովի համերգը Բաքվում, որի տոմսերը սպառվել էին մեկ ամիս առաջ: Թեեւ սկզբում որպես պատճառ նշվել են տեխնիկական խնդիրները, բայց հետո պարզվել է՝ իրական պատճառն այն է, որ Ֆիլիպի հայրը՝ Բեդրոս Կիրկորովը, որոշել է օգնել հայաստանցի 13-ամյա երգիչ Անդրանիկ Ալեքսանյանին:

ՀՐԴԵՀ
Այսօր՝ ժամը 00:13-ին, ահազանգ է ստացվել, որ Գյումրու տնակային թաղամասի մոտակայքում վագոն-տնակ է այրվում է:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

ԿԱՐՏՈՖԻԼ ՉԷ
NEWS.am-ը հայտնում է, որ հոկտեմբերի 24-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, 124 համարի երթուղայինի մեջ արտառոց դեպք է տեղի ունեցել: 19-ամյա մի աղջիկ միկրոավտոբուսի արգելակման հետեւանքով վայր է ընկել եւ ստացել մարմնական վնասվածքներ:

ՄԱՀԱԶԴ
«Առավոտ»-ի տեղեկացմամբ՝ երեկ՝ վաղ առավոտյան, հանկարծամահ է եղել Շիրակի մարզպետարանի ֆինանսական ու սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հովհաննես Մամիկոնյանը: 62-ամյա պաշտոնյան սրտի կաթված է ստացել սեփական աշխատասենյակի դուռը բացելիս: Հովհաննես Մամիկոնյանը ծնունդով «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի հայրենի գյուղից՝ Փանիկից է: Երկար տարիներ զբաղեցրել է տարբեր պաշտոններ Արթիկում եւ Գյումրիում: Իր վերջին պաշտոնը ստանձնել է Լիդա Նանյանի՝ մարզպետ նշանակվելուց հետո:

ԱՐԺԵ՞Ր
Սերժ Սարգսյանը երեկ շնորհավորել է Թուրքիայի Հանրապետության նախագահ Աբդուլլահ Գյուլին՝ Թուրքիայի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ:

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Ավստրալիայի ամենախոշոր՝ Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանը ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության եւ նրա բնակչության ինքնորոշման իրավունքը:




Լրահոս