6 ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ ԿՈԾԿՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2 տարի նախաքննություն կատարելուց հետո ՊՆ ՀԿԳ քննիչ Մ. Բուլղադարյանը կարճել է ԼՂՀ զորամասերից մեկի մարտական դիրքում կատարված 6 զինծառայողների սպանության գործը: Սակայն տուժող երկու զինծառայողների՝ Ռոբերտ Հովհաննիսյանի եւ Անդրանիկ Սարգսյանի իրավահաջորդների ներկայացուցիչ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը պահանջում է վերացնել այդ որոշումը, թերի քննված գործն ուղարկել նոր քննության, մեղավորներին էլ պատժել:
Հիշեցնենք, որ 2010թ. հուլիսի 28-ին՝ ժամը 18-ի սահմաններում, ՊԲ N զորամասի թիվ 147 մարտական դիրքում հրազենային մարտական վնասվածքով հայտնաբերվել էին նույն զորամասի 4-րդ գումարտակի դասակներից մեկի հրամանատար, ավագ լեյտենանտ Վարդգես Թադեւոսյանի եւ նույն դասակի ժամկետային զինծառայողներ՝ սերժանտ Գարեգին Հովսեփյանի, շարքայիններ Անդրանիկ Սարգսյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի, Կարո Այվազյանի եւ հետախույզ-նռնակաձիգ, շարքային Արտեմ Մանասյանի դիերը: Նույն օրը քրգործ էր հարուցվել սպանության փաստով: Ըստ նախնական վարկածի՝ ԱՄՆ-ում 3 անգամ դատված Կարո Այվազյանն էր սպանել 5 ծառայակիցներին, հետո ինքնասպան եղել: Պատճառն իբր եղել էր Կարոյի եւ Անդրանիկի քնած լինելը, ինչը տեսել էին դիրքեր եկած զորամասի հրամանատարության երկու ներկայացուցիչները, նկատողություն արել դիրքի պատասխանատու Վարդգեսին, վերջինս էլ բռնություն էր կիրառել Անդրանիկի նկատմամբ: Կարոն էլ դա տեսել էր եւ իրեն ամրակցված գնդացիրով («ՌՊԿ»-ով) բոլորին սպանել: Փաստորեն, այս վարկածով էլ նախաքննությունն ավարտել են, եւ քննիչն այդ ողբերգության համար մեղավոր ողջ մարդ չի գտել, որ քրեական պատասխանատվության ենթարկի եւ քրգործը կարճել է:
Մինչդեռ Ա. Սաքունցը ՀՀ զինդատախազ Գ. Կոստանյանին հասցեագրած բողոքում պատճառաբանել է, թե քննիչը որ հարցերի պատասխանը չի տվել, եւ ինչու պետք է պատժվեն զորամասի հրամկազմի 2 անդամները: Եւ այսպես, դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ Գարեգինն ու Անդրանիկն ունեցել են թեթեւ հարբածություն, Արտեմը՝ թեթեւ ալկոհոլային խմածություն, Ռոբերտը եւ Վարդգեսը՝ ծանր աստիճանի խմածություն, իսկ Կարոն՝ ծանր աստիճանի հարբածություն: Մինչդեռ զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ Վիգեն Պետրոսյանը եւ շտաբի պետի տեղակալ Սամվել Գեւորգյանն իրենց ցուցմունքներում նշել են, որ երբ դիրքի պատասխանատու Վարդգեսի, դիրքի ավագ Գարեգինի եւ Դավիթի հետ միասին այցելել են նշյալ մարտական դիրքի դիտակետ, չեն զգացել տղաների խմածությունը: Այսինքն՝ հակասություն կա դատաբժշկական եզրակացության եւ զորամասի 2 պատասխանատուների ցուցմունքների միջեւ. կա՛մ տղաները խմած չեն եղել, եւ սխալ եզրակացություն է տրվել, կա՛մ նշյալ 2 անձինք են սուտ ցուցմունք տվել: Եթե այդպես է, արդյոք փոխգնդապետեր Պետրոսյանն ու Գեւորգյանը պատասխանատվությունից խուսափելու միտում չեն ունեցել:
Քննիչը որոշման մեջ նշել է, որ բացակայում է Արտեմի դիակի արտաքին զննություն կատարելու մասին արձանագրությունը, սակայն չի պարզել, թե ինչու չկա, եւ պատժի միջոցներ չի ձեռնարկել պատասխանատուների նկատմամբ: Ըստ որոշման՝ Վարդգեսը բռնություն է կիրառել միայն Անդրանիկի նկատմամբ, սակայն արտաքին ոչ հրազենային բնույթի վնասվածքներ են արձանագրվել նաեւ Արտեմի դիակի վրա: Թե որտեղ, ինչու եւ ում կողմից են դրանք հասցվել, քննությունը կրկին չի պարզել: Ինչո՞ւ են Կարոյին ամրակցված «հանցագործության գործիքների»՝ «ՌՊԿ-74» տեսակի ձեռքի գնդացրի եւ փամփուշտալիցքերի վրայից բացակայել Կարոյի մատնահետքերը: Կարոն չէր կարող մաքրել, ուրեմն ո՞վ եւ ինչո՞ւ է դրանք վերացրել: Բացի այդ, որքանո՞վ է օրինաչափ գումարտակի հրամանատար Ֆելիքս Բաղդասարյանի հրամանը, որով սպանված զինծառայողները ինժեներական աշխատանքներ կատարելուց անմիջապես հետո ներգրավվել են մարտական հերթապահության մեջ, ինչն էլ կարող էր հոգնածության, քնելու պատճառ լինել եւ հանգեցնել ողբերգության: Քննիչը նաեւ չի պարզել, թե Կարոն (հասակը 150-155 սմ է եղել) իր ֆիզիկական տվյալներով արդյոք կարող էր «ՌՊԿ»-ով ինքնասպան լինել (այդ գնդացիրն ավելի երկար է, եւ բարձր հասակ ունեցող անձը միայն կարող է այն իր վրա ուղղել եւ ոտքի մատով ձգանը քաշել):
Նախաքննության ընթացքում Կարոյի պապիկը ներկայացրել է փաստաթղթեր, ըստ որոնց՝  Կարոն ԱՄՆ դատարանի կողմից դատապարտվել է ազատազրկման, եւ միաժամանակ Կարոյին արգելվել է գտնվել այն տարածքում, որտեղ առկա է զենք: Սակայն նախաքննության ընթացքում Կարոյին ԶՈՒ զորակոչելու օրինականության հարցը քննության չի առնվել, եւ գնահատական չի տրվել, թե արդյոք Կարոյին օրենքի խախտմամբ զորակոչելը եւ զենքի հետ նրա առնչություն ունենալու վերաբերյալ դատարանի որոշումն անտեսելը չեն հանգեցրել ողբերգության: Նկատենք նաեւ, որ փոխգնդապետերը դիտակետում Կարոյի եւ Անդրանիկի կողմից մարտական հերթապահության կանոնների խախտման մասին գրառում չեն արել մարտական հերթափոխության մատյանում եւ անմիջապես չեն զեկուցել վերադասին: Ուստի Ա. Սաքունցը բողոքում նշել է. «Առկա են բավարար հիմքեր՝ մեղադրանք առաջադրելու զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ փոխգնդապետ Վիգեն Պետրոսյանի եւ շտաբի պետի տեղակալ փոխգնդապետ Սամվել Գեւորգյանի նկատմամբ»: Այսինքն՝ առանց նշյալ հարցադրումների պարզաբանման հնարավոր չէ քննությունը համարել օբյեկտիվ եւ լրիվ: Դրանք չպարզաբանելը կնշանակի քրգործը կոծկել եւ մեղավորներին նոր հանցանքի մղել:

ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս