ԷԼԷՆԵՐԳԻԱՅԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԳՆԱՃԸ ԿԱՎԵԼԱՆԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկայում ՀՀ-ում էլեկտրաէներգիայի սակագինը կրկին կթանկանա. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն հայտ է ներկայացրել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ բնակչությանը մատակարարվող էլէներգիայի սակագինը վերանայելու պահանջով: Էլէներգիայի սակագնի սպասվելիք թանկացումը դժգոհությունների ալիք է բարձրացրել ոչ միայն քաղաքացիների մոտ, այլեւ գործարար դաշտում:

Տեղեկացնենք, որ ՀԷՑ-ն առաջարկում է էլէներգիայի ցերեկային սակագինը դարձնել մեկ կիլովատը 58 դրամ, իսկ գիշերայինը՝ 48 դրամ: Այսինքն՝ ՀԷՑ-ն առաջարկում է էլէներգիայի սակագինը բարձրացնել միանգամից 16 դրամով, կամ նույնն է թե՝ 38 տոկոսով: Իսկ թե ինչպես է ՀԷՑ-ը հիմնավորում իր առաջարկը, պարզ կդառնա առաջիկա օրերին՝ հայտում ներկայացված տվյալների հրապարակումից հետո:
Բացի ռուբլու արժեզրկումից, դոլարի եւ եվրոյի կտրուկ բարձրացումից, ռուսական շուկայում ստեղծված անկայունությունից, հայ գործարարներին առաջիկայում սպասվում է եւս մեկ նոր մարտահրավեր: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մի շարք գործարարներ հայտարարեցին, որ նման իրավիճակում արտահանումն ուղղակի անհնար է դառնում: Էլէներգիայի թանկացումն անխուսափելիորեն հանգեցնելու է նաեւ մի շարք ապրանքատեսակների թանկացմանը:
ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը նշեց, որ էլէներգիայի սակագնի թանկացման արդյունքում թռչնամսի եւ հավկիթի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողները կբարձրացնեն իրենց արտադրանքի գինը: «Տնտեսվարողներն այնքան են հոգնել, որ նրանցից ոչ ոք չի ցանկանում հաշվարկներ անել, կարելի է ասել, որ արդեն անիմաստ է դառնում աշխատելը: Էլէներգիայի նախորդ տարվա թանկացումը դեռ չմարսած, հիմա էլ պատրաստվում են նորին: Մենք հիմա պետք է մեր արտադրանքի ինքնարժեքն էլ թանկացնենք: Արտադրանքի վաճառքի գինը պետք է թանկացնենք, թե այսպես դեպի ուր ենք գնում, հայտնի չէ: Կթանկանան նաեւ թռչնամիսը ու հավկիթը»,- վրդովված նկատեց Ստեփանյանը: Նա նշեց, որ ձու եւ թռչնամիս արտադրողներն ավելի շատ սպառում են էլէներգիա, քան գազ: «Ամսվա կտրվածքով յուրաքանչյուր ընկերություն էլէներգիայի մեծ ծախսեր է կատարում, այն ծախսվում է լուսավորության եւ միկրոկլիմայի կարգավորման վրա»,- բացատրեց մասնագետը: Նա տեղեկացրեց, որ ձու եւ թռչնամիս արտադրող ընկերություններն ունեն վարկային պարտավորություններ, որոնց մարման ժամկետները թեեւ ժամանակավորապես երկարաձգվել են, սակայն շարունակում է իրենց համար անլուծելի հարց մնալ:
Պանրի արտադրությամբ զբաղվող «Իգիթ» ընկերության ներկայացուցիչ Անդրանիկ Իգիթյանը նույնպես նշեց, որ պանրի արտադրության մեջ էլէներգիան մեծ նշանակություն ունի:
«Ամեն ինչ էլէներգիայի հետ է կապված, իսկ թե ինչ են մտածում մեր իշխանությունները, մարդ չի հասկանում: Մեր բոլոր պահեստները, սառնարանները էլէներգիայով են աշխատում, ջերմաստիճանը նույնպես էլէներգիայով է պահպանվում: Բնական է, որ մենք պետք է վերանայենք մեր արտադրանքի ինքնարժեքը»,- լրացրեց Իգիթյանը:
«Ժողովուրդ»-ը «Իգիթ»-ի ներկայացուցչից տեղեկացավ, որ ընկերությունը ներկայումս քիչ քանակությամբ պանիր է արտահանում դեպի ՌԴ, սակայն շահույթ չի կարողանում ապահովել: Պատճառը ռուսական շուկայում ստեղծված անկայուն վիճակն է: «Պահանջարկ կա, բայց ռուբլու արժեզրկման պատճառով գները վերանայել ենք ու էժանացրել: Տարբերությունը նկատելի է: Բացի այս, զրոյական օգուտով ենք աշխատում: Շարունակում ենք արտահանել միայն ռուսական շուկայում մեր տեղը չկորցնելու համար: Նաեւ պայմանագրեր ունենք կնքած ե՛ւ բնակիչների, ե՛ւ ՌԴ-ում մեր գործընկերների հետ: Դա մեխանիզմ է, որը չենք կարող կանգնեցնել: Ճիշտ է՝ տեղական շուկայում պանրի վաճառքը թույլ է, վաճառքի եւ արտադրության ծավալները նվազել են, բայց պետք է հաշվարկներ կատարենք, որ այս իրավիճակում կարողանանք գոյատեւել»,- ներկայացրեց մեր զրուցակիցը:
Էլէներգիան թանկացնելով` «ՀԷՑ»-ը մտածում է իր մասին, դրա հետեւանքով սեփական արտադրանքի գինը բարձրացնելով` գործարարները՝ իրենց մասին, իսկ արդյունքում, ինչպես միշտ, տուժում է շարքային սպառողը: Հայաստանում, ինչպես գիտենք, հասարակ քաղաքացիների շահերն անտեր են: Հակառակ դեպքում այս կամ այն ընկերության, տվյալ դեպքում` ՀԷՑ-ի անարդյունավետ կառավարման պատճառով ՀՀ շարքային քաղաքացիների բեռը հերթական անգամ չէր ավելացվի:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՊԱՐՏՔԸ ՉԵՆ ՎՃԱՐՈՒՄ
Շիրակի մարզպետարանը մոտ օրերս Ողջի գյուղի՝ 2013-2014 թթ պետությանն ունեցած ցորենի սերմացուի պարտքերի հետ կապված կդիմի դատարան. Ողջիի 14 ընտանիք արդեն դատական հարկադիր կարգով ստիպված կլինի վճարել անցնող 2 տարիների 2 մլն դրամի պարտքը:
Շիրակի մարզը ցորենի սերմացուի մասով Կառավարությանը պարտք է 23 մլն դրամ: Ողջիի դեպքում պարտքի մարման թերացումը կազմում է 100 տոկոս: Համայնքապետ Հրաչիկ Մանուկյանի համար գյուղացիների կեցվածքը անհասկանալի է: Նրա խոսքով` սերմացուն եղել է բարձր որակի, տվել է բարձր բերք՝ 1 հա-ի դիմաց 70 ցենտներ: Գյուղն ունի լավ բնակլիմայական պայմաններ:
Միակ խնդիրը ջուրն է: Ջրագծի կառուցման հարցում ունեն պայմանավորվածություն «ՀԱՅԱՍՏԱՆ» համահայկական հիմնադրամի հետ, եւ առաջիկայում այդ խնդիրն էլ կլուծվի: Ողջիի գյուղապետը դեմ է դատական գործընթացին, սակայն ինքն էլ այլընտրանք չի տեսնում. մի քանի անգամ դիմել է մարզպետին, խնդրել հավելյալ ժամանակ տրամադրել, սակայն գյուղացիները ոչ մի լումա չեն վճարել:
Ողջեցիները մեզ հետ զրույցում նշեցին գյուղատնտեսական անբարենպաստ տարին ու կարկտահարությունը` ակնկալելով Կառավարության ըմբռնումը, ինչին գյուղապետ Հ. Մանուկյանը հակադարձեց. կարկուտ ունեցել են միայն 2014-ին, մինչդեռ պարտքը գալիս է 2013-ից:
Մարզպետարանից էլ նշեցին, որ պարտքեր կան նույնիսկ 2011-ից, սակայն իրենք հետամուտ են Կառավարության՝ 2013-2014 թթ.պարտքերի վերադարձման որոշման կատարմանը: Բայադնուր համայնքը 2 մլն դրամի պարտքից այս օրերին վճարել է 1,6 մլնը: Մարզպետարանում հույս ունեն, որ մինչ դատարան դիմելը, Ողջին էլ կարող է նույն օրինակին հետեւել:

ԱՐՄԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Գյումրի




Լրահոս