Նախօրեին “կանյաչնիում” տեղի ունեցած ԲՀԿ հավաքից առաջ ՀՀԿ-ականները պնդում էին, որ արտերկրից վերադարձած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի միջև վերջնական համաձայնությունը կայացել է. ԲՀԿ-ն կսատարի “գործող նախագահին”։ Հայտարարությունը կլինի մինչև նոյեմբերի վերջ. “Օրը դեռ որոշված չէ, մինչև վերջ ասածն էլ խիստ հարաբերական է՝ այն կարող է լինել նոյեմբերի հինգին, տասին, քսանին՝ կերևա. պորտֆելների և սահմանադրական հանրաքվեի մասին այս պահին վաղ է բարձրաձայնելըե։ ԲՀԿ նիստը, որը տևել էր մի քանի ժամ, և որի մասին ԲՀԿ-ն քար լռություն է պահպանում, պարզվում է՝ իրականում ամենևին էլ ինտրիգ չի պարունակել։ Չնայած որոշ լրատվամիջոցների լուրերին, թե նիստում խոսվել է քաղաքական լուրջ սեգմենտների, կոշտ պայքարի, ընդդիմության միավորման մասին։ ,Սուտ է,– տեղեկացրեց ԲՀԿ մեր աղբյուրը,- լուրերը չեն համապատասխանում իրականությանը”։
Համենայնդեպս, նախագահական ընտրություններին սեփական թեկնածուով մասնակցելու և կամ Սերժ Սարգսյանին սատարելու մասով խոսակցություն, որպես այդպիսին, նիստում չի ընթացել։ Գագիկ Ծառուկյանն իր “ծերակույտին” ընդամենը հարկ է համարել տեղեկացնել, որ քաղաքական քննարկումներ իսկապես կան, այդ թվում և Սերժ Սարգսյանի հետ։ Ուրիշ ոչինչ։ Այնուհանդերձ, ներկաների տպավորությամբ՝ Սերժ Սարգսյանի սատարման և սեփական թեկնածուով հանդես գալու հարաբերակցությունը 60-40 է՝ հօգուտ սատարման։ Խորհրդակցության առյուծի բաժինն առնչվել է ընթացիկ, կազմակերպչական հարցերին, և “կոշտը”, ըստ մեր աղբյուրների, վերաբերել է նրան, որ Ծառուկյանը դժգոհություն է հայտնել պառլամենտում գործող ԲՀԿ երեսունյոթ հոգանոց ֆրակցիայից, որի ընդամենը յոթ հոգին են ակտիվ աշխատում, իրենց “ճղում”, մնացածները չգիտես ինչով են զբաղված։