Այս օրերին նաիրիտցիների ամենօրյա պայքարի և դաժան փորձությունների մեջ դրական լույս նկատվեց, նրանց դեմքին անկեղծ ժպիտ հայտնվեց: Գործարանի աշխատակիցենրից մեկի՝ Արմեն Դեմիրճյանի 14-ամյա տղան Իրանի Իսլամական Հանրապետությունում կայացած Կարատեի միջազգային մրցումների ժամանակ առաջին պատվավոր հորիզոնականն է գրավել՝ Հայաստան բերելով ոսկե մեդալ:
Չնայած այն հանգամանքին, որ իրենց խնդիրները լուծված չեն, նաիրիտցիները մի մարդու նման ուրախացել էին իրենց պայքարակից ընկերոջ որդու, կարելի է ասել, փոքրիկ նաիրիտցու հաղթանակով: Իսկ «նաիրիտցի» անվանումն արդեն կարծես դարձել է պայքարի սիմվոլ, հաղթանակի հասնելու գրավական:
Արմեն Դեմիրճյանը Armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը չէր սպասում, որ իր որդին ոսկե մեդալով կվերադառնա, բայց ուրախությունը շատ մեծ է: Ստացած ոսկե մեդալն ու սերտիֆիկատը Երևանի քաղաքապետարանում է, որտեղից Գևորգին և իր մարզիչ Գարուշ Սարիբեկյանին օրերս կհրավիրեն՝ հավանաբար շնորհակալություն հայտնելու, որ Իրանում ՀՀ դրոշը պատվով է ծածանել:
Քրիստինա Աղալարյան