Նախարարի պարգեվին արժանացած զինվորը մահամերձ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Չենք լռելու” երիտասարդական նախաձեռնությանն է դիմել Տավուշի մարզի Սև Քար գյուղի բնակիչ Ռոմիկ Քոչարյանը՝ պատմելով իր որդու հիվանդության նկատմամբ ՊՆ-ի կողմից ցուցաբերված խայտառակ վերաբերմունքի մասին:
Նրա խոսքերով, 1 տարի 10 ամիս բանակում ծառայելուց հետո Նուբարաշենի զորամասի ժամկետային զինծառայող Արթուր Քոչարյանի մոտ հայտնաբերվել է արյան սուր հիվանդություն: Ընդ որում, ախտորոշումը կատարվել է գրեթե մեկ ամիս ուշացումով՝ հայրենի “արհեստավարժ” բժիշկները այդքան ժամանակ կարծում էին, որ երիտասարդի մոտ դեղնախտ է:
Այն բանից հետո, երբ բժիշկները հայտնեցին, որ Արթուրի բուժումը հնարավոր է միայն արտերկրում, պաշտպանության նախարարությունը խնդրել էր զինվորի հարազատներին գտնել առավել մատչելի տարբերակը՝ խոստանալով փոխհատուցել բուժումը: Երբ պարզ է դարձել, որ հիվանդության բուժման ամենաէժան տարբերակը Մոսկվայում է և արժե 67000 ԱՄՆ դոլար, ՊՆ-ի ռազմաբժշկական վարչության պետ Ա. Փարսադանյանը և աշխատակազմի ղեկավար Գ. Հայրապետյանը խորհուրդ են տվել հովանավորներ որոնել՝ հորդորելով իրենց վրա հույս դնել ընդամենը 3 միլիոն դրամի չափով: 
“Մեզ փաստացի հույսով արեցին, իսկ երբ եկավ գումարը տրամադրելու պահը ուղղակի “գցեցին”: Սա՞ է այս երկրի վերաբերմունքն իր զինվորի հանդեպ: “Զինուժով” նայում ենք՝ փառաբանում են: Ամոթ չեք անում, որ այսպիսի խաղաքարտ եք տալիս ադրբեջանցիների ձեռքը: ՊՆ-ի գեներալները հարյուրհազարավոր դոլոր արժողությամբ ջիփերով են ման գալիս, իսկ մահամերձ զինվորի բուժման համար գումար չկա՞: Պաշտպանության նախարարն իմ որդուն լավ ծառայության համար ժամացույց էր նվիրել: Քանի՞ գրոշի արժեք ունի այդ ժամացույցն այսօր”,- ասում է մահամերձ զինվորի հայրը “Չենք լռելու”-ի պատրաստած տեսահոլովակում՝ կոչ անելով Սերժ Սարգսյանին, կոռուպցիայի դեմ պայքարից բացի, զբաղվել նաև այս խնդրով:
Զինվորի մայրը, որպես վերջին միջոց, հազիվ արցունքները զսպելով դիմում է բոլոր բարի մարդկանց՝ իր որդու կյանքը փրկելու հարցում օգնելու խնդրանքով:
“Չենք լռելու”-ն կոչ է անում պաշտպանության նախարարությանը հոգալ զինվորի բուժման բոլոր ծախսերը՝ հրապարակայնորեն երաշխիքներ տալով Արթուրի հարազատներին: Եթե ոչ բյուջեի, ապա այդ ոլորտում ծաղկող կոռուպցիայից ստացված միջոցների, կամ էլ մատակարարներից պարտք վերցնելու հաշվին:
Նախաձեռնությունը հետևելու է երիտասարդի ճակատագրին և տեղյակ է պահելու հանրությանը:




Լրահոս