Նախօրեին արտառոց դեպք է արձանագրվել Արարատի մարզի Արտաշատ քաղաքում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մի կին հրազենային վնասվածքով տեղափոխվել է Արտաշատի հիվանդանոց: Ավելի ուշ պարզեցինք, որ կինը Աճառյան փողոցի բնակիչ է: Ըստ հարեւանների՝ դեպքը տեղի է ունեցել ժամ 24:00-ի սահմաններում, լսվել է մեկ կրակոց, որից հետո կինը սկսել է օգնություն կանչել: Հարեւանները խուճապահար սկսել են փորձել կնոջը օգնություն ցույց տալ, մինչեւ նրան տեղափոխել են հիվանդանոց:
Մեր տեղեկություններով՝ ավելի ուշ կնոջը հրազենային վնասվածք պատճառելու կասկածանքով ոստիկանություն բերման են ենթարկել վիրավոր կնոջ ամուսնուն` Գալուստ անունով: Նա իրավապահներին ասել է, որ ինքն է որսորդական զենքով իր կնոջը վիրավորել, ինչը տեղի է ունեցել պատահաբար: Պարզվել է նաեւ, որ զենքը պատկանել է տուժողի հարեւանին: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին տեղեկությունը, ինչպես նաեւ տեղեկացրին, որ տղամարդուն ստորագրությամբ բաց են թողել, իսկ զենքը առգրավել են: Ընթանում է քննություն: