15-20 ՀՈԳՈՎ ԵՆ ԾԵԾԵԼ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծից մահացած զինվորական բժիշկ Վահե Ավետյանի ընկերը` գործով տուժող Արտակ Բայադյանը, երեկ դատարանում ցուցմունքներ է տվել ու մանրամասն պատմել, թե ինչպես է եղել դեպքը՝ բացահայտելով, որ իրենց ծեծել են 15-20 հոգով:
Նրա խոսքով՝ հունիսի 17-ին իրենց ընկերոջ` Արկադի Աղաջանյանի ծնունդն է եղել, եւ ընկերներով որոշել են այն նշել Արզնու ձորում: Խանութից գնումներ կատարելուց հետո նրանք գնացել են այնտեղ, տեղավորվել մի տաղավարում եւ ծնունդը նշելուց հետո որոշել երաժշտություն լսել եւ քեֆը շարունակել «Հարսնաքար»-ում: 6 հոգով մտել են ներս, տեղավորվել, սակայն խնդիր է ծագել՝ Վահե Ավետյանի հագուստի հետ կապված. նրանց է մոտեցել ռեստորանի մատուցող Դավիթ Ադամյանը եւ ասել, որ իրենց մոտ արգելվում է մարզահագուստով գտնվելը: Ու չնայած Վահեն հումորով է մոտեցել, այդուհանդերձ, հագուստը փոխել եւ վերադարձել է ռեստորան: Երբ կրկին մատուցող Դավիթը մոտեցել է տղաներին, Վահեն կատակով ասել է. «Կարո՞ղ է գլխարկով էլ չի կարելի»: Ռեստորանի աշխատակիցը ագրեսիվ ձեւով պատասխանել է. «Էս կարո՞ղ ա կայֆավատ ես ըլնում», որից հետո Վահեին եւ Արկադիին դուրս են հրավիրել՝ խոսելու` պատճառաբանելով, որ ներսում անհարմար է: Սակայն որոշ ժամանակ անց Արտակ Բայադյանը դուրս է եկել ընկերների հետեւից եւ Վահեին տեսել կքանստած վիճակում` ձեռքով գլուխը պահած եւ արնահոսող քթով:    
Երբ Արտակը հայտնվել է ռեստորանի աշխատակիցների տեսադաշտում, նրանք հարցրել են, թե ով է հայհոյել, ու թեեւ Արտակը պատասխանել է, որ իրենք չեն հայհոյել, նրանք տղաներին ուղեկցել են ավտոկայանատեղի` խոսակցությունը շարունակելու` միաժամանակ նշելով, որ իրենք մատուցողին կպատժեն: Վահեի սեղանակից ընկերներն էլ առանց որեւէ լուրջ մտահոգության գնացել են աշխատակիցների հետեւից, որտեղ նրանց շրջապատել են 15-20 հոգի եւ սկսել հարվածել: Կոնկրետ Արտակը շատ հարվածներ է ստացել գլխի եւ դեմքի շրջանում եւ որոշ ժամանակ անց կորցրել գիտակցությունը: Երբ ուշքի է եկել, քիչ այն կողմ տեսել է Վահեին՝ անբնական պառկած եւ անգիտակից վիճակում, շնչառությունն էլ` շատ թույլ:
Հաջորդ դատական նիստում կշարունակվի տուժող Արտակ Բայադյանի հարցաքննությունը:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի` «Հարսնաքար»-ի անվտանգության աշխատակիցներ Գարիկ Մարգարյանը,Դավիթ Ադամյանը, Արթուր Բաբլոյանը, Արման Բաղդասարյանը, Արման Խաչատրյանը եւ Նորայր Հայրապետյանը ծեծի են ենթարկել Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին, Գարիկ Սողոմոնյանին, Արկադի Աղաջանյանին եւ Էդգար Նիկոյանին` Վահե Ավետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը, Արտակ Բայադյանի եւ Գարիկ Սողոմոնյանի առողջությանը` միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով, իսկ Արկադի Աղաջանյանին եւ Էդգար Նիկոյանին ծեծի արդյունքում մարմնական վնասվածքներ չեն պատճառվել:

Է. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս