Բրիտանական հեղինակավոր The Guardian թերթը հարապարակել է «Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթի իր անվանակարգը՝ փորձելով կանխատեսել, թե այս տարի որ երկրի ներկայացուցիչն է հաղթելու միջազգային մրցույթում: «Արմենպրես»ի փոխանցմամբ՝ թերթի կանխատեսումներով՝ 2015-ի հաղթողը կլինի Հայաստանը ներկայացնող «Genealogy» խումբը՝ իր «Face The Shadow» (թարգմանաբար` Առերեսվի՛ր ստվերին) երգով:
Առաջին տասնյակում, ըստ բրիտանական թերթի, Հայաստանին համապատասխանաբար կհետևեն Սերբիան, Շվեդիան, Ադրբեջանը, Հունաստանը, Ռուսաստանը, Հունգարիան, Բելգիան, Վրաստանը և Նորվեգիան: Իսկ ամենավերջին հինգ տեղերը, ըստ կանխատեսման, աճման կարգով կզբաղեցնեն Ֆրանսիան, Սոլվենիան, Էստոնիան, Կիպրոսը և Գերմանիան:
Թերթն զգուշացնում է, որ իր առաջարկած վիճակագրական աղյուսակը հիմնված է ոչ թե երգերի որակի, այլ վերջին 12 տարիների ընթացքում յուրաքանչյուր երկրի ստացած ձայների միջին քանակի վրա: «Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթն անցկացվում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Այս տարվա համար ընտրված նշանաբանը խորհրդանշում է Եվրոպան, որը միավորում է բոլորին. մրցույթի կազմակերպիչները կարծում են, որ Եվրատեսիլի միջոցով համախմբվում են մշակույթներ, լեզուներ`կառուցելով կամուրջներ:
Մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 23-ին, որի ընթացքում ելույթ կունենան նաև «Մեծ հնգյակի» երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, ինչպես նաև Ավստրիան՝ որպես «Եվրատեսիլ 2014»ի հաղթող: Հոբելյանական 60րդ «Եվրատեսիլ»ին մասնակցում են 40 երկիր: