«Բարգավաճ Հայաստանի» առաջնորդությամբ ոչ իշխանական քառյակի խոստացած թեժ աշնան կանխատեսումները, ինչպես հայտնի է, ի դերեւ ելան: Ու հիմա ԲՀԿ-ի իրական «տանիքները» չեն կարող ձեռքերը ծալած նստել. նրանք ինչ-որ ծրագրեր են մտմտում:
Նախ նկատենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում հարմարավետ տեղավորված շատ գործիչներ փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո անհետացել են: Երբ Սերժ Սարգսյանը փետրվարի 12-ին նախ՝ իր մոտ կանչեց Գագիկ Ծառուկյանին, ապա՝ նաեւ հավաքվեցին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Մոնումենտում գտնվող առանձնատանը, ԲՀԿ-ի եւ դրա շուրջ հավաքված քոչարյանական ու իրենց ընդդիմադիր պատկերացնող մասսան շոկ ապրեց: Ինչպես հայտնի է՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մի շարք անհատների ներդրել էր ԲՀԿ-ի ներսում կամ համախմբել նրա շուրջը, որպեսզի ամեն ինչ վերահսկելի լինի, եւ Ծառուկյանը չփորձի շեղվել հիմնական «գծից»:
Բայց քանի որ Ծառուկյանը չկարողացավ դիմանալ իշխանական ճնշումներին եւ մեկ գիշերում հանձնվեց՝ հրաժարվելով քաղաքական գործունեությունից, քոչարյանական թիմի ներկայացուցիչներից Վարդան Օսկանյանը որոշեց լքել երկիրը՝ հանգրվանելով հարազատ ԱՄՆ-ում, իսկ, ահա, ԱԺ պատգամավորներ Վահե Հովհաննիսյանը, Ստեփան Մարգարյանը եւ էլի մի քանիսը փաստացի դադարեցրին իրենց համագործակցությունը ԲՀԿ-ի փշրանքների վրա նոր-նոր ձեւավորվող ԲՀԿ-ի հետ: Նրանք առաջվա պես ակտիվ չեն: Անորոշ ու անհասկանալի վիճակում են գտնվում նաեւ Ռոբերտ Քոչարյանի նախկին խորհրդական Գարիկ Իսագուլյանը, ՀՀ նախագահի մշտական թեկնածու Արամ Հարությունյանը եւ էլի պրոքոչարյանական մարդ-կուսակցությունները: Եւ հիմա անհրաժեշտ է ինչ-որ միավոր ստեղծել, որպեսզի բոլորը կրկին հավաքվեն մի տեղում եւ պայքարեն կործանարար ռեժիմի դեմ:
Իհարկե, այդ ուժը չի կարող լինել ԲՀԿ նախկին խոսնակ Տիգրան Ուրիխանյանի նորաբաց «Ալյանսը», քանի որ Ուրիխանյանը չունի քաղաքական ու մարդկային այն կշիռը, որ կարողանա կոնսոլիդացիա ապահովել: Ու թերեւս դրա համար է, որ ԱԺ պատգամավոր Վահե Հովհաննիսյանը առաջարկ է ստացել աշխատանքի անցնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ըստ ամենայնի, նա հրապարակավ բացատրությամբ կզբաղվի PR հարցերով, բայց իրականում բոլորին է հայտնի, որ Գագիկ Ծառուկյանի ելույթների տեքստերը, քաղաքական ուղեգիծը նախանշում էր հենց Հովհաննիսյանը, իսկ ԲՀԿ նախկին նախագահն ընդամենը կարդում էր գրվածը:
Եւ այս «գորշ կարդինալին» երկրորդ նախագահի գրասենյակ տանելը ամենեւին էլ պատահական եւ չմտածված քայլ չէ:
«Ժողովուրդ»-ը փորձեց, իհարկե, կողմերի հետ զրուցել՝ հասկանալու համար, թե ինչ զարգացումներ են սպասվում, արդյո՞ք ՀՀ երկրորդ նախագահը պատրաստվում է աշնանը ակտիվանալ եւ ե՞րբ է նա հանդիպել ԲՀԿ-ից «քաշվածների» հետ:
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի պատասխատանու Վիկտոր Սողոմոնյանն ու ԱԺ պատգամավոր Վահե Հովհաննիսյանը չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին: Իսկ, ահա, Ստեփան Մարգարյանը անպատասխան թողեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման, հնարավոր քաղաքական ակտիվության եւ նոր զարգացումների մասին հնչեցրած «Ժողովուրդ»-ի հարցերին:
Մեզ մնում է սպասել զարգացումներին՝ հասկանալու համար, թե քաղաքական դաշտում ինչ անակնկալներ են սպասվում նոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության «տեսքով ու նմանությամբ»:
Թամարա Միքայելյան