ՀՀ վերահսկիչ պալատը 2014 թվականին ստուգել է Արմավիրի մարզպետարանի գործունեությունը, ստուգվել են այդ կառույցի, ինչպես նաեւ համայնքների կողմից կնքված գործարքները, եւ այդ ամենի արդյունքում հայտնաբերվել եւ արձանագրվել են մի շարք խախտումներ:
Ի դեպ, Արմավիրի մարզը եղել է 2014 թվականին վերահսկիչ պալատի վերահսկողության միակ ուղղությունը: Ըստ ՎՊ-ի տարեկան հաշվետվության՝ ստուգման համար ընտրվել են առավել ռիսկային համայնքներն ու գործարքները: Մասնավորապես ստուգվել են Արգավանդ, Մյասնիկյան, Մայիսյան, Գետաշեն, Լեռնագոգ, Արմավիր (գյուղ), Փշատավան, Այգեվան, Երվանդաշատ, Քարակերտ, Նալբանդյան, Գեղակերտ, Դողս, Ջրարբի, Նոր Կեսարիա, Ակնալիճ, Ամբերդ, Հովտամեջ, Ծաղկալանջ եւ Գայ գյուղերը: ՎՊ ստուգումների արդյունքում հենց նշված գյուղերում արձանագրվել են մի շարք խախտումներ:
Մասնավորապես, ունենալով հողի հարկի եւ գույքահարկի գծով հարկային ապառքներ՝ գյուղապետարանները հաշվի չեն առել «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 7-րդ կետի պահանջը եւ իրենց՝ 2013 թվականի բյուջեները պլանավորելիս հողի հարկի եւ գույքահարկի ապառքների կառուցվածքը չեն ներառել: Սա այն դեպքում, երբ վերը նշված գյուղերը 2013 թվականին ընդհանուր կուտակել են հողի հարկի գծով 46 մլն 673 հազար դրամի, իսկ գույքահարկի գծով` 18 մլն 663 հազար դրամի ապառքներ:
Բացի այս, պարզվում է՝ հողի հարկի եւ գույքահարկի բազաներից դուրս են մնացել առանձին կառույցներ: Օրինակ՝ Մայիսյան գյուղում 83.76 հա հողատարածքը եւ դրա վրա կառուցված շենք-շինությունները ընդհանրապես պետական գրանցում չեն ստացել ու արդյունքում չեն հարկվել: Թվով 10 հասարակական օբյեկտների գործառնական նշանակություն չի փոխվել: Դրանք նախկինում եղել են հիմնականում խանութներ, իսկ այժմ օգտագործվում են որպես բնակելի տարածքներ: Այդ տարածքների գործառնական նշանակությունը չփոխելու արդյունքում համապատասխան համայնքների բյուջեները զրկվել են գույքահարկից: Պարզվել է նաեւ, որ մի շարք հողօգտագործողներ եւս խախտել են իրենց պայմանագրային պարտավորությունները: Այս խնդրի հետ կապված ՎՊ-ի ստուգումների արդյունքում արձանագրվել է 23 մլն 649 հազար դրամի չվճարված հարկային պարտավորություններ:
Ըստ ՎՊ-ի՝ խախտվել են «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքի պահանջները, ինչի արդյունքում համայնքներում ընդհանուր չի գանձվել 2 մլն 139 հազար դրամ տեղական տուրք:
ՎՊ-ն Արմավիրի մարզում խնդիրներ է հայտնաբերել նաեւ աղբահանության գործընթացում: Ըստ հաշվետվության՝ խախտվել են «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի պահանջները: Մասնավորապես, խոսքն այն մասին է, որ աղբը չի տեղադրվել օրենսդրությամբ սահմանված կարգով արտոնագրված աղբավայրերում, իսկ աղբահանության վճարների դրույքաչափերը հաստատվել են օրենքի պահանջների խախտմամբ: Ավելին՝ մարզի առանձին գյուղերում ավագանու որոշմամբ սահմանված աղբահանության վարձավճարներից պակաս է հավաքագրվել 1 մլն 518 հազար դրամ:
Արգավանդ գյուղում ինքնակամ շինությունների չօրինականացման արդյունքում համայնքի բյուջեն զրկվել է 795 հազար դրամ լրացուցիչ եկամուտից: Ջրի վարձավճարների հավաքման մասով եւս ՎՊ-ն խնդիրներ է բացահայտել, ըստ այդմ, պարզվել է, որ համայնքային բյուջեներ չի գանձվել 11 մլն 92 հազար դրամ գումար:
«Ժողովուրդ»-ը զրուցեց վերը նշված համայնքներից մի քանիսի ղեկավարների հետ՝ պարզելու համար, թե արդյոք ՎՊ-ի կողմից արձանագրված խախտումներն այս ընթացքում վերացվե՞լ են, թե՞ ոչ:
Ասենք, Մայիսյանի գյուղապետ Եսայի Մովսիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ հայտնաբերված խախտումներն իր պատճառով չեն եղել: «Մի տարածք կա, որն այսօր հիմնականում օրինական դաշտ մտած չէ, եւ այս պատճառով էլ գանձումները չեն կատարվել: Այդ տարածքը Մայիսյան գյուղի վարչական տարածքի մեջ է մտել դեռեւս 98 թվականից: Այդ տարածքում հողակտոր ունեցող մարդիկ մեկը մյուսին են վաճառել իրենց տարածքները, իսկ հիմա մարդ կա մահացած է, մարդ էլ կա՝ գյուղից հեռացել է, եւ այդպես էլ գանձումները չեն կատարվել: Հիմա ես նրանց որտեղի՞ց գտնեմ, բերեմ: Բայց մենք այս թեմայի շուրջ նամակ ենք ուղարկել վարչապետին եւ խնդրել, որպեսզի համապատասխան օրենք ընդունվի, որով հնարավոր կլինի այսօր փաստացի այդ հողակտորները մշակողներին տալ սեփականության իրավունք»,- ասաց Մայիսյանի գյուղապետը:
Արմավիրի գյուղապետ Ռաֆիկ Մարգարյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ չվճարված հարկերն ամբողջությամբ դեռ չեն հավաքագրվել: «Այս տարվա ընթացքում կմարենք դրանք: Մարդիկ 2012 թվականին տեղացած ուժգին կարկուտից տուժել էին եւ վճարունակ չէին, դրա համար էլ չկարողացան վճարել: Հո՞ խեղդելով չէ, մարդիկ պետք է ոտքի՞ կանգնեն, թե՞ չէ: Բայց պատկան մարմինների հետ ժամանակացույց ենք գծել, որով եւ պետք է կատարենք հավաքագրումները»,- ասաց Ռաֆիկ Մարգարյանը:
Սյունէ Համբարձումյան