Մալաթիայում բեռամբարձը 11 մետր բարձրությունից պոկվել և ընկել է բանվորի գլխին. նա մահացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանի վարույթ է ընդունվել անզգուշությամբ մահ պատճառելու դեպքով հարուցված քրեական գործ:

Ինչպես Armlur.am-ը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից, ամբաստանյալի կարգավիճակում են հայտնվել «Լուսարբիլդ» ՍՊԸ աշխատանքային ղեկավար Լևոն Խաչատրյանն ու բրիգադավար Միքայել Դադոյանը:

Այսպես, ըստ մեղադրական եզրակացության, Լևոն Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով Լուսարբիլդ ՍՊԸ-ում որպես աշխղեկ, պայմանագիր է կնքել Տ. Սիմոնյանի հետ, որն էլ աշխատանքի է անցել ՍՊԸ-ում՝ որպես բանվոր: Նույն ՍՊԸ-ում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ բրիգադավար Մ. Դադոյանը, հանդիսանալով տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պաշտպանության կանոնների պահպանության համար պատասխանատու անձ, հաշվի չառնելով այն հանգամանքը, որ Տ. Սիմոնյանը գտնվում է փորձաշրջանում և չի անցել ատեստավորում, Սիմոնյանին բեռնման և բեռնաթափման աշխատանքներ է կարգադրել: Սրա հետևանքով նախորդ տարվա հոկտեմբերի 6-ին բեռամբարձ տարրան պոկվել է 11մ բարձրությունից և ընկել Տ. Սիմոնյանի վրա: Վերջինս ստանալով գանգուղեղային վնասվածք՝ գանգուղեղի ջնջխմամբ, 4 օր անց մահացել է:

ՍՊԸ  երկու աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 157 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այն է, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտել է, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը:




Լրահոս