Շիրակի մարզում համայնքների սահմանային հատվածները կհստակեցվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը սկսել է Շիրակի մարզում իրականացնել համայնքների սահմանային հատվածների հստակեցումներ, քանի որ մարզում քիչ չեն այն համայնքները, որոնք 2010 թվականին ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքում լրացումներ կատարելուց հետո, ունեցան սահմանախախտումներ եւ հայտնվեցին խնդրահարույց իրավիճակում:

Ըստ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի հողաշինության եւ հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչության պետ Զորիկ Խաչատրյանի՝ նման համայնքներ կան Ախուրյանի տարածաշրջանում, ինչպես նաեւ՝ Արփի լճի հարակից հատվածում, որտեղ հատկապես առանձնանում է Շաղիկ համայնքը: Տեսչության պետի խոսքով՝ ներկայումս մարզպետարանի՝ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի եւ քարտեզագրության ու գեոդեզիայի վարչության մասնագետները կատարում են չափումներ ու քարտեզագրումներ, ինչպես նաեւ՝ իրականացնում համայնքների սահմանային նիշերի տեղադրում:

Այս ամենից բացի՝ եւս մեկ նորարարություն է կատարվելու մարզում. համայնքների վարչական սահմաններին կից պետական սեփականություն հանդիսացող եւ գյուղատնտեսական նշանակություն ունեցող հողակտորները հանձնվելու են համայնքների տնօրինությանը: Այդպիսով` համայնքապետերին հնարավորություն է տրվելու դրանք հանձնել վարձակալության ու ստացված եկամուտը մուտքագրել համայնքի բյուջե: Վերջին նորարարության համար, ինչպես նշեց Զորիկ Խաչատրյանը, հիմք են ընդունվել որոշակի սկզբունքներ ու չափորոշիչներ, մասնավորապես` պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողակտորների համայնքների հետ սահմանակցությունը, ճանապարհների առկայությունը, համայնքների բնակչության թիվն ու անասնագլխաքանակը (նպատակահարմարությունը հստակեցնելու համար):

Մարզային պատասխանատուները հույս ունեն, որ այս աշխատանքների ամփոփումից հետո կվերանան նաեւ համայնքների միջեւ առկա հողային վեճերը, որոնց ամենաթարմ օրինակը Հառիճ-Նահապետավան վեճն էր արոտավայրի շուրջ: Իսկ մարզի համայնքային վարչական սահմանների հստակեցման ու վերաբաշխումների աշխատանքները միջգերատեսչական հանձնաժողովը կավարտի մինչեւ աշուն, որից հետո արդեն համայնքապետերին կփոխանցվեն իրենց համայնքների վարչական նոր սահմաններն ու տիրապետությանը հանձնված հողերի հստակ չափագրմամբ քարտեզները:

Արման Գրիգորյան
Գյումրի




Լրահոս