Թեեւ այս տարվա պետական բյուջեի նախագծում նախատեսվում է 6,2 տոկոս տնտեսական աճ, սակայն մյուս կողմից 2013թ. նախատեսված չէ ոչ աշխատավարձերի, ոչ կենսաթոշակների բարձրացում: Երեկ այս մասին հերթական անգամ հայտարարվեց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, երբ քննարկվում էր պետական բյուջեի սոցիալական ոլորտի հատկացումները:
Երբ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հարցրել էր, թե ինչպես է ստացվել, որ թեեւ 107 մլրդ դրամով նախատեսված է ավելացնել ծախսերը, սակայն ոչ կենսաթոշակները, ոչ աշխատավարձերը չեն բարձրացվելու, ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը պատասխանել էր՝ այդ գումարներն ուղղվելու են արտաքին պարտքի թեթեւացմանը:
Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ այս գործելաոճը մեղմ ասած անհասկանալի է: Այստեղ կա մեկ այլ հանգամանք. 2013թ. կայանալու են ՀՀ նախագահի ընտրություններ, եւ ՀՀԿ-ն հայտարարել է Սերժ Սարգսյանի թեկնածությունն առաջադրելու մասին: Ուստի նախագահական ընտրություններից առաջ արժի պետական բյուջեի նախագծի համատեքստում անդրադառնալ Ս. Սարգսյանի նախընտրական ծրագրի կատարմանը՝ առնվազն կենսաթոշակների ու պետական ծառայողների աշխատավարձերի բարձրացման համատեքստում:
2008թ. Սերժ Սարգսյանը նախընտրական ծրագրում խոստացել էր, օրինակ, 2012թ. միջին կենսաթոշակը հասցնել 39 հազար 498 դրամի, իսկ պետական ծառայողների միջին ամսական աշխատավարձի չափը, ըստ նախընտրական ծարագրի, դեռ 2012թ. պետք է կազմեր 207 հազար 800 դրամ: Ընդ որում, Սերժ Սարգսյանից բացի, պետական ծառայողների աշխատավարձերի մասին ժամանակին հայտարարել էր նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Մենք ծրագրավորում ենք 2009 թվականից կտրուկ ավելացնել քաղաքացիական ծառայությունում ընդգրկված աշխատողների աշխատավարձը` կտրուկ: Մենք տարածաշրջանում չենք դիմանում մրցակցությանը: Վրաստանում եւ Ադրբեջանում քաղծառայողների աշխատավարձերը 2-2,5 անգամ ավելի բարձր են, քան ՀՀ-ում»,-2008թ. մայիսի 8-ին կայացած կառավարության նիստում խոստացել էր վարչապետը:
Բայց չորս տարի անց ստիպված ենք արձանագրել՝ այս նախընտրական խոստումներից որեւէ մեկը չի կատարվել: Ե՛ւ Ս. Սարգսյանի, ե՛ւ Տ. Սարգսյանի խոսքերն այդպես էլ մնացին օդում կախված: Ընդ որում, Ս. Սարգսյանը նախատեսել էր կենսաթոշակն ու պետական ծառայողների աշխատավարձերը բարձրացնել դեռ 2012թ.: Բայց կենսաթոշակների ու աշխատավարձերի բարձրացում նախատեսված չէ անգամ 2013թ. պետական բյուջեով:
Սա, թերեւս, պատահական չէ. կարելի է եզրակացնել, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը միտումնավոր չի կատարում նախագահի ծրագիրը կամ Տ. Սարգսյանը որոշել է սեփական հայեցողությամբ խմբագրել ու վերաձեւակերպել այն: Այլապես անհասկանալի է, թե ինչու Ս. Սարգսյանի խոստումները չիրականացվեցին ո՛չ նախորդ, ո՛չ էլ անգամ այս տարի: Բայց սա արդեն այն խնդիրն է, որին Ս. Սարգսյանը պետք է արձագանքի անձամբ: Մի բան, որը նա այդպես էլ չի անում:
Ի դեպ, տարիների ընթացքում Ս. Սարգսյանին չի հաջողվել իրականացնել իր նախընտրական ծրագրի ոչ միայն այս, այլեւ շատ ու շատ ուրիշ առանցքային դրույթներ:
Օրինակ՝ նա նաեւ խոստացել էր. «Երկրորդ սերնդի բարեփոխումներն ուղղակիորեն կանդրադառնան ամբողջ ժողովրդի բարեկեցության վրա: Ամեն ոք պետք է զգա, որ իր կյանքի որակը բարելավվում է: Ստեղծվելու են նպաստավոր պայմաններ` մարդկանց աշխատանքով ապահովելու համար», կամ` «Ցանկացած նորաստեղծ ընտանիք կունենա բնակարան եւ ավտոմեքենա ձեռք բերելու հնարավորություն», կամ` «Մշտական ուշադրության առարկա կհանդիսանա հեռավոր եւ սահմանամերձ շրջաններից բնակչության արտագաղթի կանխումը: Այդ շրջաններից բնակչության արտահոսքի հիմնական պատճառը աշխատատեղերի բացակայությունը կամ նեղ մասնագիտացումն է, ցածր սոցիալական ակտիվությունը, որը հանգեցնում է սոցիալական անտարբերության: Գիտակցելով դա` ցուցաբերվելու է համալիր մոտեցում Հայաստանի ողջ տարածքի զարգացման խնդրին»: Բայց այս խոստումները եւս չեն իրականացվել. այս տարիներին ո՛չ կյանքի որակն է բարձրացել, ո՛չ էլ արտագաղթը կանխվել: Ավելին, միայն այս տարվա առաջին տասն ամսում ՀՀ-ից հեռացած ու ՀՀ վերադարձածների թվի տարբերությունը կազմում է 100 հազար մարդ, ասել է թե՝ միայն մինչեւ նոյեմբերի 1-ը ՀՀ-ից արտագաղթել է 100 հազար հոգի: Ու այսքանից հետո էլ դեռ Սերժ Սարգսյանը պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը:
Հ.Գ. Ի դեպ, ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն ԱԺ-ում բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարել է, թե 2014թ. նախատեսված է քաղծառայողների աշխատավարձերի 20 տոկոս բարձրացում, եւս 20 տոկոս բարձրացում նախատեսված է 2015-ին: Ինչպես ասում էր հայտնի ֆիլմի հերոսը. «Может завтра, а может послезавтра»:
ՍԱՐԳՍՅԱՆՆԵՐԻ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ