ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը նոյեմբերի 22-ին, ժամը 13.00-ին պարտավոր է ներկայանալ Ավան եւ նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` իր դեմ ներկայացված քաղաքացիական հայցի գործով: Այդ մասին գրում է “Հայկական ժամանակ” թերթը։
“Չներկայանալու դեպքում Հայրապետյանը պարտավոր է դատարան ներկայացնել նոտարական վավերացման հայտարարություն այն մասին, որ այս գործով իր շահերը ներկայացնող չորս փաստաբաններին տրված լիազորագրերի մեջ առկա ստորագրությունները պատկանում են հենց իրեն եւ կեղծված չեն:
Նման որոշում երեկ կայացրել է դատավոր Արսեն Բաբայանը` բավարարելով այս գործով հայցվոր, ազգագրագետ Հրանուշ Խառատյանի միջնորդությունը: Հայցը դատարան է ներկայացվել “Նուվել դԱրմենի” ամսագրին Հայրապետյանի տված հարցազրույցի հետ կապված:
“Շատ կուզենայի հավատալ, որ Հայրապետյանը դատական նիստերին չի ներկայանում ամոթի պատճառով, քանի որ ասել է բաներ, որոնք իսկությանը չեն համապատասխանում”,- նիստի ավարտից հետո ասել է Խառատյանը: Երեկ նույն դատարանում շարունակվել է “Հարսնաքարի” գործով դատավարությունը”,- գրում է “Հայկական ժամանակը”։