Թող «Լեքսուս» քշի, բայց միայն ընկերության շահույթի հաշվին, իսկ գողության համար սպառողը չպետք է վճարի. Դավիթ Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, անդրադառնալով էլեկտրաէներգիայի թանկացմանը, ասաց՝ գողության և անարդյունավետ կառավարման համար սպառողը չպետք է վճարի. «Անարդյունավետ կառվարման համար վճարում է սեփականատերը՝ իր շահույթների հաշվին»:

Հարցին՝ ինչու այդ մասով քրեական գործ չի հարուցվում, նախարարն ասաց. «Եթե խոսում ենք գողության մասին, յուրաքանչյուր նման կազմակերպություն ունենում է կորուստներ, որոնք հաշվարկվում են: Իսկ եթ խոսքը վերաբերում է ավելի մեծ կորուստներին, ապա դա սեփականատիրոջ գրպանից կատարվող գողություն է, ոչ թե սպառողի: Եթե դուք մտածում եք սեփականատիրոջ մասին, ապա, խնդրեմ, տվեք հաղորդում: Խոսքը վերաբերում է սեփական մի ընկերության, որի գրպանից գողանում են: Առաջին շահագրգիռ անձը պետք է լինի սեփականատերը,- ասաց նա:

Նախարարի խոսքով՝ ոչ մի տարի գերկորուստները երբևէ սակագնի մեջ չեն արտահայտվել. «Ուսումնասիրության համար մեզ առաջին հերթին անհրաժեշտ է համագործակցություն սեփականատիրոջ հետ: Ի դեպ, ունեցել ենք քննարկումներ: Բացահայտումները միշտ չեն հեշտ, եթե չկան չափիչ սարքեր: Սեփականատերն ասում է, որ դա լուրջ ներդրումների հետ է կապված: Ես համարում եմ, որ կազմակերպական միջոցառումների շնորհիվ էականորեն կարելի էր կրճատել կորուստները»:

Լրագրողի հարցին՝ ինչո՞ւ պետք է ՀԷՑ-ի ղեկավարությունը «Լեքսուս» քշի և դրա համար ես վճարեմ, նախարար Հարությունյանն ասաց՝ շատ ճիշտ հարցադրում էր: «Շատ ճիշտ եք ասում: Պե՞տք է որևէ մեքենա քշի, թե՝ ոչ: Դրանք կոչվում են ծախսեր: Արդյո՞ք ենթադրվում է, որ որևէ բաժանմունքի ղեկավար պետք է քշի «Լեքսուսը»: Պատասխանը հետևյալն է՝ եթե ուզում է քշել «Լեքսուս», թող քշի, բայց միայն ընկերության շահույթի հաշվին: Իսկ հանձնաժողովը ծախսերը հաշվարկելիս ասում է՝ հաճելի է, որ դուք քշում եք «Լեքսուս», բայց ես կհաշվարկեմ սահմանված կարգով՝ եթե մեքենան արժի 12 հազար դոլար, ապա կհաշվարկվի 12 հազար: Այդ բոլոր քայլերը կատարվում են: Եթե դուք հայտը համադրեք ծախսերի հետ, ապա կտեսնեք իրական տարբերությունը: Դուք կարող եք մարզադաշտ կառուցել, իհարկե, կարող եք, բայց ոչ սպառողի հաշվին»,- ասաց Դավիթ Հարությունյանը:




Լրահոս