Պայթյունից տուժածների վերքերը բառերով չես նկարագրի. պարզաբանում է բժիշկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ այսօր Էջմիածնում` «Զվարթնոց» ռեստորանի մոտակայքում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել խոշոր պայթյուն, ինչի հետևանքով ծանր այրվածքներով ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն է տեղափոխվել երեք մարդ:

Հայտնել էինք նաև, որ գազալցակայանը պատկանում է ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին (Ճոյտ), իսկ տուժածները նրա որդին ու այլ ազգականներ են:

Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանը Armlur.am-ին հայտնեց, որ հիվանդները գտնվում են Վերակենդանացման բաժանմունքում, երեքի վիճակն էլ ծայրահեղ ծանր է, գտնվում են շոկային վիճակում: Բժշկի փոխանցմամբ, նրանցից Արմեն Հակոբյանը (Ճոյտի եղբայրը) ամենավատ վիճակում գտնվողն է. նա ստացել է 65% այրվածք, իսկ շնչուղիներն այրվել են 20%-ի չափով: Իսկ Հակոբ Հակոբյանի որդին` կրկին Արմեն Հակոբյանը, 25 % այրվածք է ստացել, նրա շնչուղիները ևս վնասվել են: Երրորդ տուժողը` Արթուր Գասպարյանը, միջին ծանրության վնաս է ստացել, նրա վիճակը մյուսների հետ համեմատած, լավ է:

Այդուհանդերձ, բժիշկ Դավիդյանը դժվարացավ որևէ հստակ պատասխան տալ` ասելով, որ այս պահին դեռևս ոչինչ պարզ չէ. «Երեքի վիճակն էլ ծանր է: Մի քանի ժամից դուրս կգան շոկային վիճակից: Հիմա կաթիլայինի տակ են գտնվում: Այրվածքները շատ-շատ են: Նրանց ստացած վերքերը բառերով չես նկարագրի. շատ խորն են»:

Նորայր Դավիդյանը նշեց նաև, որ այս պահին դժվար է ասել` որքանով են այրվածքները համատեղելի կյանքի հետ:




Լրահոս