Հատկացված բյուջեն չի հերիքում, բայց չենք էլ ուզելու պետությունից. Կարեն Անդրեասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն իր խոսքում ներկայացրեց իր ղեկավարած գրասենյակի աշխատանքների որակական ցուցանիշները:

Նա նշեց, որ արագ արձագանքման ծառայության վրա 20 մլն դրամ է ծախսվել, որի մեջ մտում են 6 աշխատակիցների աշխատավարձերը, կոմունալ ծախսերը, գործուղումները և այլն:

«Արագ արձագանքման խումբը ահազանգերի դեպքում դեպքի վայր է հասել ողջամիտ ժամկետներում: Ինչի համար որ ուզել ենք 20 մլն-ը, գերակատարել ենք»,- ասաց Անդրեասյանը:

Բռնությունների կանխարգելման ինստիտուտի համար հատկացված  26 մլն դրամը ծախսվել է 6 աշխատողի վրա: «Մեր աշխատակիցները 183 այցելություններ են կատարել փակ հաստատություններ, որից 125-ը պլանավորված է եղել: Ինչպես գիտեք մեր այցելությունները հոգեբուժարաններ շատերի կողմից լավ չընդունվեց և սվիններով ասում էին, թե հոգեբուժարաններում նման դեպքեր չկան, որոնք մենք արձանագրել են: Բայց այսօր արդեն զարգացում է տեղի ունենում այս ոլորտում»,- ասաց Օմբուդսմենը:

Հաջորդ ոլորտը, որտեղ ծախսվել է հատկացված բյուջեն, Օմբուդսմենի գրասենյակի իրավաբանական վերլուծությունների բաժինն է, որի վրա ծախսվել է 26 մլն դրամ 8 աշխատողի աշխատավարձերի, կոմունալ ծախսերի և տրանսպորտային միջոցների վրա:

Բյուջեից շուրջ 50 մլն դրամ է տրամադրվել անհատական դիմումների ընդունման ծառայությանը: Ծառայությունն ունի 16 աշխատող, որից 3-ը մարզերում: «Դրական լուծում ստացած դիմումների թիվը 41 տոկոսով ավելի է եղել հաշվետու տարում, քան մենք պատկերացրել ենք, որ պատկան մարմիները կարող էին հետևել մեր առաջարկներին»,- ասաց ՄԻՊ-ը:

Նրա խոսքով՝ հատկացված բյուջեն չի հերիքում, բայց չեն էլ ուզելու գումար. «Բայց դա չի նշանակում, որ մենք կարիք չունենք: Մենք հասկանում ենք, որ սա մեր պետությունն է և պետք է մնացած ոլորտներին ևս գումարներ հատկացվեն: Եթե հիշում եք՝ ես մի քանի տարի առաջ այս ամբիոնից հայտարարեցի, որ հրաժարվելու եմ որևէ ուղիղ ֆինանսավորումից իմ բյուջե»:

Իսկ Օմբուդսմենի վրա, համեստ բյուջեից ծախսվել է շուրջ 20 մլն դրամ, ներառյալ գործուղումները, աշխատավարձը և այլն:




Լրահոս