Նախատեսվում է 10 տարիների ընթացքում տարեկան իրականացնել միջինը 140 կմ ճանապարհների կապիտալ հիմնանորոգման աշխատանքներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեղի ունեցավ ճանապարհային ոլորտը համակարգող միջգերատեսչական խորհրդի հերթական նիստը   ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում տեղի ունեցավ ճանապարհային ոլորտը համակարգող միջգերատեսչական խորհրդի հերթական նիստը, որին ներկա էին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, ֆինանսների, արդարադատության, էկոնոմիկայի, քաղաքաշինության, բնապահպանության նախարարությունների, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ:

Նիստը նախագահող ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ողջունեց նիստի մասնակիցներին՝ նշելով, որ քննարկվող հարցերը կնպաստեն ոլորտում կատարվող աշխատանքների արդյունավետությանը:  Խորհրդակցական մարմնի քննարկմանը ներկայացված առաջին հարցը ՀՀ պետական նշանակության ավտոճանապարհային և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման 2016-2018 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի (ՄԺԾԾ) նախագիծն էր:  ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության պետ Քաջիկ Քաբաբյանն իր զեկույցում ներկայացրեց առաջիկա երեք տարիների համար նախատեսվող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների, տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման ծրագրերի մանրամասն նկարագրությունը: Այսպիսով՝ 2016-ին կվերականգնվեն շուրջ 49 կմ ավտոճանապարհներ, 2017-ի համար նախատեսված է շուրջ 26 կմ, իսկ 2018թ. կհիմնանորոգվեն 22 կմ ավտոճանապարհներ: Հիմնանորգումների համար անհրաժեշտ ֆինանսավորումները կտրամադրվեն ՀՀ պետական բյուջեից:

Նիստի ընթացքում զեկույցով հանդես եկավ «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանը՝ ներկայացնելով Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» նոր վարկային ծրագրով 2016-2019 թթ. ընթացքում կառուցման ենթակա շուրջ 155 կմ ճանապարհահատվածների նախագծման, տեխնիկական հսկողության, հիմնանորոգման և սպասարկման աշխատանքները:  Զեկույցի երկրորդ մասը վերաբերում էր Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման 92 կմ միջպետական ավտոճանապարհի վերականգնման աշխատանքներին:  Եվրոպական ներդրումային բանկի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակներում իտալական «Լոտտի Ինժեներիա» կազմակերպությունը անցյալ տարվա մարտից իրականացնում է այդ ճանապարհի տեխնիկատնտեսական հիմնավորման, բնապահպանական ազդեցության գնահատման, ինչպես նաև նախագծանախահաշվարկային փաստաթղթերի կազմման աշխատանքները, որոնք արդեն մոտենում են ավարտին:

Ծրագիրը համաֆինանսավորելու պատրաստակամություն է հայտնել Ասիական զարգացման բանկը: ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված բանակցային խումբը ֆինանսավորման նպատակով այս պահին քննարկումներ է տանում Եվրոպական ներդրումային բանկի և Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ:

Գագիկ Բեգլարյանն անդրադառնալով Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհահատվածին նշեց, որ մամուլում անընդհատ հիշատակվող այս ճանապարհի այսօրվա վիճակը նախարարության կողմից աչքաթող չի արվել, այնտեղ իրականցվում են փոսալցման աշխատանքներ և նպատակահարմար չէ թեկուզ հատվածական  հիմնանորոգումը, քանի որ հաջորդ տարվա գարնանը կսկսվի ճանապարհի ամբողջական հիմնանորոգումը:  Նախարարը խոսեց նաև Գյումրի-Բավրա ճանապարհահատվածի մասին և նշեց, որ այն ընդգրկված է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրում, և հաջորդ տարի այդ ճանապարհահատվածում կմեկնարկեն կառուցման աշխատանքները. «2016-ի ընթացքում մենք կիրականացնենք այս 2 մեծ, խոշոր նախագծերը, որը իրականում մի քանի անգամ կբարելավի ճանապարհների որակը»:  ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետ Վանյա Աթյանը ներկայացրեց ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պահպանման 2015-2025 թթ. ֆինանսավորման ռազմավարության նախագիծը:  Ըստ այդմ՝ նախատեսվում է 10 տարիների ընթացքում տարեկան իրականացնել միջինը 140 կմ ճանապարհների կապիտալ հիմնանորոգման աշխատանքներ:

Նշված ռազմավարության իրականացումը հնարավորություն կտա միջպետական և հանրապետական ճանապարհների անհարթության միջազգային ցուցանիշների (ԱՄՑ) ապահովումը:  Նիստի ավարտին քննարկվեցին նաև ճանապարհային ոլորտի արդյունավետ կառավարմանը և համակարգմանը վերաբերող այլ հարցեր:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

unnamed




Լրահոս