«Փոսն էլ կփորենք». ԿԳ նախարարը վարչապետին ներկայացրեց դպրոցի կառուցման ընթացքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում որոշվեց Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեով նախատեսված` ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը 2015-ին հատկացնել 15032.9 հազ. դրամ՝ Երևանի Զաքարիա Սարկավագի 14 հասցեում տեղակայված շինության ստորգետնյա երկաթբետոնե հիմքերի քանդման աշխատանքներն իրականացնելու համար: Նախագիծը ներկայացրեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նախարարը նշեց, որ սույն որոշմամբ առաջարկվում է կարգավորել այն խնդիրը, որն առաջացել է` չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի կառուցման հետ կապված:

«Կառավարության որոշմամբ` նախկինում այդտեղ կառուցված շենքը քանդվել է, որպեսզի նոր դպրոց կառուցվի: Չինական կողմը խնդրում է, որպեսզի մենք փոսն էլ փորենք, քանդենք նաև նկուղային հարկը և տարածքը տրամադրենք իրենց»,- ասաց նա:

«Փոսն էլ կփորենք»,- նշեց  ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և նախարարից  հետաքրքրվեց, թե շինարարական աշխատանքները որ փուլում են գտնվում: Աշոտյանը պատասխանեց, որ հենց ավարտվեն այդ աշխատանքները, կսկսվի նաև շինարարությունը: «Նախագիծը կա, քննարկված է շահագրգիռ գերատեսչությունների հետ: Բավական գեղեցիկ դպրոց է ստացվում` ժամանակակից ենթակառուցվածքներով: Նախագծի վերջնական հաստատումը դեռ չկա, որովհետև լիազոր մարմինները դեռ պետք է աշխատեն, բայց չինական կողմն էլ է շահագրգիռ, որ ավարտեն այդ դպրոցի շինարարությունը և հանձնեն մեզ»,- նշեց  նախարարը:




Լրահոս