«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 27-ին դիմել է գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, որպեսզի վերջինս զբաղվի իր և կնոջ մասին վերջին շրջանում լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների տարածման խնդրով: Նախարարը գրել է, որ իր կնոջ մասնակցությամբ վթարի, Ֆրանսիայում հիվանդանոց, թանկարժեք մուշտակ ձեռք բերելու և մյուս լուրերը սուտ են, ապատեղեկատվություն, նպատակ ունեն զրպարտելու իրեն և իր ընտանիքին: Օհանյանը խնդրում է պարզել տեղեկությունների իսկությունը, իսկ եթե պարզվի, որ դրանք սուտ են, ճշտել դրանք տարածողի ինքնությունը և պատասխանատվության ենթարկել:
Ներկայացրել է նաև խնդրո առարկա հրապարակումները՝ հիմնականում «Հայկական ժամ» կայքից: Գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը մեզ հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը. «Նկատի ունենալով, որ վերոնշյալ նյութերում առկա է առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկատվություն, ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության կողմից վերոնշյալ նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն՝ Քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան ընթացքը լուծելու համար»: Նկատենք, որ զրպարտությունն ու վիրավորանքը վաղուց են ապաքրեականացվել, սակայն պաշտպանության նախարարը որոշել է ետ պտտել ժամանակի անիվը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։