Խորհրդարանում շարունակվում են 2014թ. պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումները: Ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ 2014թ. գյուղատնտեսության նախարարության համար նախատեսվել էր 6 մլրդ դրամ, որը հետո ավելացվել է և դարձել 13 մլրդ դրամ: Նա նշեց, որ այս ցուցանիշը 2.2 մլրդ դրամով ավելի է, քան 2013թ. համանուն ցուցանիշն էր:
Ջանջուղազյանը նշեց, որ իրականացվել է 22 ծրագիր և դրանց համար գումար է տրամադրվել նաև պահուստային ֆոնդից: «12 ծրագրեր են նախատեսվել և իրագործվել: 4 ծրագիր իրականացվել է արտաքին աջակցությամբ: ՍԱՊԾ-ի կատարողականը կազմել է 94.86 տոկոս, 1.4 մլրդ դրամ է օգտագործվել: Այստեղ իրականացվել են 10 ծրագրեր, նաև պահուստային ֆոնդից են գումարներ տրամադրվել», – նշեց Ջանջուղազյանը:
Գլխավոր գանձապետը հայտնեց, որ ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից իրականացվել են 31 ծրագրեր: Իսկ բնապահպանության նախարարության համար նախատեսվել էր 3.3 մլրդ դրամ, իրականացվել են 29 ծրագրեր և պահուստային ֆոնդից են միջոցներ տրամադրվել: