ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը մանկատների երեխաների` Երևանի փողոցներում մուրացկանությամբ զբաղվելու հարցով դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ և այնտեղի մասնագետների հետ համաեղ մոնիթորինգներ են անցկացնելու:
Նշենք, որ այսօր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ադատրյանն անհեթեթություն էր որակել պատգամավորի` երեխաների մուրացկանությամբ զբաղվելու և վարձակալելու մասին հայտարարությունները ու կոչ արել ապացույցներ ներկայացնել: Նաիրա Զոհրաբյանն այս առնչությամբ նշեց. «Նման տեղեկություններն անհեթեթություն որակելուց առաջ ճիշտ կլիներ, որ իրենք զբաղվեին և հասկանային, թե ինչ է կատարվում իրենց մանկատներում ու գիշերօթիկներում»:
Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, թե բազմաթիվ տեղեկություններ կան, որ երեխաների հետ մուրացկանությամբ զբաղվող կանայք երեխաներին վերցնում են չքավոր հարևաններից, նաև կան տեղեկություններ, որ վերցնում են մանկատներից:
«Ես բարձրացրել եմ խնդիրը, ճշտելը արդեն իրենց գործն է: Աբովյան փողոցով անցեք, դուք ինքներդ մոտեցեք և հարցրեք, թե այդ երեխաները որքանով կապ ունեն այդ կանանց հետ: Եկեք միասին անցկացնենք այդ մոնիթորինգը», – հավելեց նա:
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ինքը խոսել է նաև Հատուկ քննչական ծառայութան հետ, ներկայացրել է իր ունեցած տեղեկատվությունը: «Աբովյան փողոցում ես երեխային հարցրել եմ՝ կապ ունի՞ այս կինը քեզ հետ, երեխան պատասխանել է՝ ոչ, և երեխային արագ փախցրել են: Ավելին, երեխաներից մեկն ասել է, որ ինքը մանկատնից է: Սա, կարծում եմ, բավական է, որ պատկան մարմիններն այդ փողոցում անցկացնեն մոնիթորինգ», – հավելեց պատգամավորը: