«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ, նախկին ՕԵԿ-ական պատգամավոր Գագիկ Մխեյանը հայտնվել է դատարանում: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2015թ. մայիսի 20-ին Երեւան համայնքը դիմել է Կենտրոն Եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով, որ Գագիկ Մխեյանին պարտավորեցնեն վճարել հողի վարձավճարի պարտքը, ինչպես նաեւ նրանից բռնագանձեն վճարումների ուշացման արդյունքում կուտակված տույժերը: Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Գագիկ Մխեյանի հետ:
-Պարո՛ն Մխեյան, Երեւան համայնքը դատի է տվել Ձեզ հողի վարձավճարի պարտքի համար, տեղյա՞կ եք:
– Այդ ի՞մ մասին է խոսքը:
– Այո՛, Ձեր մասին է, այլ Գագիկ Մխեյան կա՞:
-Ուղղակի հողի վարձը չէինք վճարել, այդքան բան, իրենք էլ դիմել են դատարան, պետք է վճարենք :
– Մե՞ծ գումարի մասին է խոսքը, որ չէիք կարողանում վճարել:
-Չէ , չէ :
-Այդ դեպքում ինչո՞ւ թողեցիք գործը հասնի դատարանին, ինչո՞ւ բանակցությունների միջոցով չկարողացաք հարցը լուծել, որ Ձեզ դատի չտային:
-Չեմ իմանում, դեռ անգամ ինձ դատարանից ծանուցագիր էլ չի եկել, թող գա, կհասկանամ՝ ինչի մասին է խոսքը, նոր այդ ժամանակ կխոսենք: Ախր այդտեղ բան էլ չկա, թեթե գումարի մասին է խոսքը:
-Եթե այդքան թեթեւ գումարի մասին է խոսքը, չթողնեիք՝ հասներ դատարան:
-Ինչ անեմ, խնդիր չկա, ես էլ եմ այդ մասին նոր իմացել:
Հ.Գ. Մեզ առայժմ չհաջողվեց պարզել, թե կոնկրետ ինչ գումարի մասին է խոսքը, որը, ըստ Մխեյանի, «թեթեւ գումար» է, բայց այնքան թեթեւ չէ, որ ժամանակին դա վճարեին: Ի դեպ, Գագիկ Մխեյանը հայտնի է իր, մեղմ ասած, առատաձեռն չլինելու եւ ամեն մի լուման հաշվելու բնավորությամբ: Նրա բնավորության այդ գծի շուրջ ԱԺ-ում արդեն լեգենդներ են շրջում, ասենք, ասում են՝ նա նույնիսկ թաղում գնալու բենզինն է խորհրդարանից պահանջում եւ ստանում:
Քնար Մանուկյան