ՀՈՎՍԵՓՅԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ԴԱՏԱԽԱԶԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը երեկվա դրությամբ դեռ չէր ստացել Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ ծեծի գործի նյութերը: Ինչպես հայտնի է՝ նա մայիսի 21-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ ինքը ՀՀ քննչական կոմիտեից կպահանջի եւ մինչեւ մայիսի 25-ը կստանա Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ ծեծի գործը եւ դրանից հետո նոր միայն կկարողանա գնահատականներ տալ: Երեկ «Ժողովուրդ»-ը ՀՀ գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից պարզեց, որ դեռեւս մայիսի 22-ին քրեական գործը հսկող դատախազը պահանջել է նյութերը: Սակայն նրան ՀՀ քննչական կոմիտեից պատասխանել են, որ գործն առայժմ չեն կարող տրամադրել: ՔԿ-ից իրենց մոտեցումը հետեւյալ կերպ մեկնաբանեցին. «Քրեական գործով ձեռնարկվում են ակտիվ քննչական եւ դատավարական գործողություններ, հարցաքննվում են տարբեր անձինք, որոնք կարող են գործի հանգամանքների բազմակողմանի եւ լրիվ քննությունն ապահովելու նպատակով էական ցուցմունքներ տալ: Ծանուցագրեր են ուղարկվել շուրջ երկու տասնյակ անձի՝ վարույթն իրականացնող մարմնին ներակայանալու համար: Քննության ակտիվ փուլում քննչական գործողությունների ընդհատումը վարույթն իրականացնող մարմնի կարծիքով նպատակահարմար չէ: Քրեական գործի նյութերը կուղարկվեն անհրաժեշտ քննչական գործողությունները կատարելուց հետո»: Իհարկե, եթե գործը պահանջողը լիներ ոչ թե վերահսկող դատախազը, այլ ուրիշ պաշտոնյա, ապա ՔԿ-ի պատասխանը լիարժեք հասկանալի կլիներ:

 

 

 

 

Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, պարզվում է, չի ցանկանում հետեւել ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրինակին եւ դատի տալ գործարար Փայլակ Հայրապետյանին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Կճոյանն ասել է, թե ինքը հոգեւորական է, եւ իր «հասկացողությունը» տարբերվում է: Մյուս կողմից՝ Տիգրան Սարգսյանի մոտեցումն էլ առաջ այլ է եղել: Փայլակ Հայրապետյանը երկու տարի շարունակ գոռում-գոչում է, որ Տիգրան Սարգսյանը եւս առնչություն է ունեցել իր գույքն իրենից խլելու պատմությանը, բայց այն ժամանակ նրա հայտարարությունները վարչապետ Տիգրան Սարգսյանը զրպարտություն չէր համարում, իսկ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանը համարում է: Իհարկե, բացառված չէ, որ ԱՄՆ-ում ապրելու արդյունքում են Տիգրան Սարգսյանի «աչքերը բացվել», եւ նա հասկացել է, որ ուրիշի գույքը խլելու մեջ մեղադրվելը վատ բան է:

 

 

 
Երեկ Երեւան-Էջմիածին մայրուղում տեղի ունեցած դժբախտ պատահարը` գազալցակայանում տեղի ունեցած պայթյունը, որի արդյունքում երեք մարդ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, եւս մեկ ահազանգ է, որ այս ոլորտում անհրաժեշտ է շտապ քայլեր ձեռնարկել: «Ժողովուրդ»-ը պարզել է, որ տվյալ գազալցակայանը, որում եղել է պայթյունը, փորձաքննության է ենթարկվել մի քանի տարի առաջ: Իսկ ընդամենը երկու շաբաթ առաջ էլ «Մաքուր եւ Ուղիղ» ընկերությանը, որին պատկանում է այդ գազալցակայանը, տուգանել են եւ արգելել են գազալցում իրականացնել: Սակայն գազալցակայանը շարունակել է աշխատել: Այն հանգամանքը, որ պայթյունի արդյունքում տուժած երիտասարդներից մեկը գազալցակայանի տիրոջ որդին է, իսկ մյուսը` նրա եղբոր որդին, թերեւս մյուս գազալցակայանների տերերին պետք է մտորելու տեղիք տա: Ի վերջո, անվտանգության կանոնները հենց այնպես, ձեւի համար չեն գրված, եւ դրանք պետք է պահպանվեն, որպեսզի հնարավոր լինի դժբախտ պատահարներից խուսափել:

 

 
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացված էլէներգիայի սակագինը բարձրացնելու վերաբերյալ հայտը որքան շատ ենք ուսումնասիրում, այնքան նորանոր փաստեր են ի հայտ գալիս: Առաջիկա մեկ տարում ՀԷՑ-ն, ի թիվս այլ նյութերի, պատրաստվում է նաեւ ցեմենտ գնել 63 տոննա 215 կիլոգրամ: Պարզվում է՝ ՀԷՑ-ը պատրաստվում է ցեմենտը գնել ոչ ավել, ոչ պակաս կիլոգրամը 57 հազար դրամով: Այո՛, նշվածի մեջ ոչ մի թյուրիմացություն չկա: ՀԷՑ-ը ցեմենտի համար պատրաստվում է ծախսել 3 միլիարդ 603 միլիոն 255 հազար դրամ: Սա հենց այն թիվն է, որը ստացվում է մեկ կիլոգրամը 57 հազար դրամով հաշվարկելիս: Ի դեպ, ցեմենտի մեծածախ տոննայի գինը 10 հազար դրամով էժան է: Թերեւս մնում է միայն պարզել, թե ՀԷՑ-ը այդ գնով ինչ ցեմենտ է պատրաստվում գնել: Գուցե դա հատուկ ցեմենտ է, ասենք, ՀԷՑ-ի պատվերով ռուսական տիեզերանավերը կոսմոսում են արտադրելու եւ ներկրեն Հայաստան:

 

 

 
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՎԵՐՋԻՆ ՓՈՒԼԸ

Սահմանադրական փոփոխությունների տեքստը մշակող մասնագիտական հանձնաժողովն առաջիկա 3-4 օրերին հանդիպելու է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ՝ նրանց առաջարկը եւ մոտեցումները պարզելու համար: Ինչպես մի քանի օր առաջ հայտարարել էր սահմանադրական փոփոխությունները նախապատրաստող հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունայնը՝ իրենք հանդիպելու են այն 14 քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, որոնք հանձնաժողովին առաջարկներ են ներկայացրել: Պաշտոնապես այս հանդիպումների նպատակը սահմանադրական փոփոխությունների շուրջ քաղաքական ուժերի հնարավորինս լայն կոնսենսուս ապահովելն է: Սակայն ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը երեկ խորհրդարանում, լրագրողների հարցերին ի պատասխան, խոստովանել է, որ իշխող ՀՀԿ-ի համար քաղաքական այլ կուսակցությունների լայն աջակցությունը պարտադիր պայման չէ: Նա նկատել է, որ այդ կոնսենսուսի անհրաժեշտությունը կարեւորել է Վենետիկի հանձնաժողովը: Սակայն նույն Վենետիկի հանձնաժողովը լայն կոնսենսուսը ոչ թե որպես պարտադիր պայման է նշել, այլ ընդամենն ասել է, որ ցանկալի կլինի, եթե այդպես լինի:
Մյուս կողմից արդեն իսկ կարող ենք ասել, որ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ առաջիկա հանդիպումները զուտ ձեւական բնույթ են կրելու, քանի որ մինչ օրս հրապարակված բոլոր այն առաջարկությունները, որոնք ներկայացվել են սահմանադրական փոփոխությունները նախապատրաստող հանձնաժողովին, առանձնապես սկզբունքային հարցեր չեն պարունակում: Հիմնական խնդիրը, որը բոլոր առաջարկներում առկա է, խորհրդարանի ընտրությունները 100 տոկոս համամասնական դարձնելն է: Իսկ ինչպես հայտնի է՝ սահմանադրական փոփոխությունները պատրաստող հանձնաժողովը հենց այդ մոտեցումն էլ առաջ է տանում:
Փաստորեն, այս կոնսուլտացիաների փուլի ավարտից հետո սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը պետք է արդեն սկսի քննարկել բուն փաստաթուղթը: Իսկ բուն փաստաթուղթը նախատեսում են քննարկել հունսիսի սկզբին: Թերեւս հենց այդ ժամանակ էլ Հայաստանի հանրությունը հստակ կիմանա, թե ՀՀ իշխանություններն Սահմանադրությունում կոնկրետ ինչպիսի փոփոխություններ են ցանկանում իրականացնել: Իսկ եթե հաշվի առնենք այն փաստը, որ ծրագրված է հուլիսի սկզբին փոփոխությունների փաթեթը ներկայացնել Վենետիկի հանձնաժողովին, ապա ակնհայտ է դառնում, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն այլեւս սարերի ետեւում չէ: «Ժողովուրդ»-ը ժամանակին՝ դեռեւս մեկ ամիս առաջ, կանխատեսել էր, որ իշխանությունները սահմանադրական հանրաքվեն հնարավոր է՝ աշնանը անցկացնեն: Այժմ արդեն ակնհայտ է, որ հանրաքվեն տեղի կունենա հենց նոյեմբերին: Ի դեպ, 2005-ի սահմանադրական հանրաքվեն տեղի է ունեցել նոյեմբերի 25-ին:




Լրահոս