ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կյանքում առաջին անգամ անակնկալ վճռականությամբ մի քայլ է արել՝ մայիսի 27-ին դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին, որպեսզի վերջինս զբաղվի իր եւ կնոջ մասին վերջին շրջանում լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների խնդրով: Նախարարն իրեն զրպարտված է համարում:
Այսպիսով, Սեյրան Օհանյանի կնոջ՝ «Ռազմական բժիշկների հայկական ասոցացիա» ՀԿ նախագահ, ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Ռուզաննա Խաչատրյանի չափից ավելի ակտիվությունը, գույնզգույն զգեստներին համահունչ ծաղկեփնջերի մոտ լուսանկարվելն ու պճնված արտաքինով հոսպիտալներ գնալը իրավիճակն այնքան լրջացրեց, որ բանը հասավ իրավապահ մարմինների քննությանը: Պարզվում է՝ Սեյրան Օհանյանը դատախազին ուղղված գրության մեջ նշել է, որ իր կնոջ մասնակցությամբ վթարի, Ֆրանսիայում հիվանդանոց, թանկարժեք մուշտակ ձեռք բերելու եւ մյուս լուրերը սուտ են, ապատեղեկատվություն, նպատակ ունեն զրպարտելու իրեն եւ իր ընտանիքին: Նա խնդրել է պարզել տեղեկությունների իսկությունը, իսկ եթե դրանք սուտ են, ճշտել դրանք տարածողի ինքնությունը եւ պատասխանատվության ենթարկել: Այդ նյութերն արդեն ուղարկվել են ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն:
Հասկանալի է, որ Օհանյանի կողմից «դիվանբաշուն» դիմելը ոչ այնքան ինքնապաշտպանության, որքան հետագա զարգացումներին ընդառաջ արված քայլ է՝ լրագրողների ու լրատվամիջոցների գործունեությունը զսպելու համար: Գաղտնիք չէ, որ Օհանյանը դիտարկվում է որպես ՀՀ նախագահի հավանական թեկնածուներից մեկը: Եւ նա այսօրվանից արդեն պատրաստվում է, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրինակով, լրագրողներին դատի տալ, որպեսզի չհամարձակվեն իր մասին «թթու խոսք ասել»: Այսպիսով նա փորձում է իր կնոջ՝ բամբասանքներով լի կենսագրությունը «մաքրել»՝ արգելելով այդ մասին որեւէ հրապարակում անել եւ միաժամանակ իրեն ապահովագրել: Բայց կա մի ճշմարտություն, որ հետին թվով կենսագրություն չեն կերտում: Եւ այն, ինչ եղել է անցյալում, անհնար է սրբագրել, խուսափել դրանից:
Իհարկե, չի բացառվում, որ նախարարի եւ իր կնոջ անցյալի մասին բոլոր հրապարակումները իսկապես սուտ են: Բայց այս դեպքում ստացվում է, որ նախարարն ու իր ընտանիքն ընկել են այն ծուղակը, որ տարիներ շարունակ պատրաստվել է իշխանական քարոզչական դաշտի կողմից: «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս գրել, ահազանգել, բարձրաձայնել է թիթեռի կյանք ունեցող կայքերի մասին, որոնք գործում են՝ գրված ու չգրված օրենքները խախտելով, ուղղակի քայլելով մարդկանց վրայով: Սնկի պես աճող կայքերն իրենց գործունեությամբ պախարակում են նաեւ լրագրողների անունը: Սենսացիոն վերնագրով ու պոռնոնկարներով անորակ նյութերով հագեցնում են դաշտը, մուտք ապահովում եւ գովազդներ ունենում եւ այլն՝ թացն ու չորը իրար խառնելով: Բայց այս իրավիճակի պատասխանատուն եւս ՀՀ իշխանություններն են, ու հենց այն թիմը, որը ներկայացնում է Սեյրան Օհանյանը:
Ի վերջո, այդ բոլոր կայքերը, այսպես թե այնպես, ֆինանսավորվում (անգամ մեկ պարկ կարտոֆիլ վերցնելու պատրաստակամությամբ) գործում են նույն իշխանության ամենատարբեր մակարդակի ներկայացուցիչների հովանավորությամբ: Նույնիսկ հիմա նորաձեւ է դարձել, որ ամեն մի պաշտոնյա, գործարար, շքեղ ավտոմեքենա, բրենդային հագուստ, սիրեկան ունենալուն զուգահեռ, նաեւ մի կայք ունենա, որ «չուզողներին սեւացնի»: Եւ հիմա նախարարը քաղում է իրավիճակի պտուղները:
Ու եթե այս պարզ ճշմարտությունը չեն հասկանում Սեյրան Օհանյանի խորհրդատուները եւ որոշել են դատական հայց ներկայացնել նաեւ «Հրապարակ» օրաթերթի դեմ, դա ուղղակի անմտություն է: Այս օրաթերթը իր «Հանրությունն ուզում է ունենալ» հրապարակման մեջ ընդամենն արձանագրել է, թե Պնախարարի կնոջ մասին ինչ են գրում համացանցում եւ կայքերում՝ զգուշացնելով տիկնոջը, որ «սիրունանալուց զատ»՝ կլինեն նաեւ հարվածներ, ու պետք է պատրաստ լինել դրան: Եւ եթե այս հրապարակումը պիտի դառնա դատարանի քննության առարկա, նշանակում է, որ Սեյրան Օհանյանի թիմը չի տարբերում լրագրությունն ու բամբասանքը, հոդվածն ու պատվերը, եւ ամենակարեւորը՝ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑԸ էժանագին քարոզչամիջոցից:
Թեեւ նախարարի թիմը միշտ էլ լրատվամիջոցների հետ շփվել է իմ ու քոնի, յուրայինի ու օտարի սկզբունքով: Նրանց համար կան սիրելիներ, որոնց թույլատրելի է ամեն ինչ, եւ մերժվածներ, որոնց թշնամաբար են վերաբերվում: Եւ լրատվամիջոցների ընտրությունն էլ է խոսում ՊՆ աշխատակիցների որակի մասին՝ պաշտոնական եւ մարդկային իմաստով:
Իսկ հիմա տեքստում տեղադրված լուսանկարի մասին. 2013 փետրվարի 20-ին, ըստ լուրերի, ՀՀ նախկին վարչապետի կողմից ֆինանսավորվող, ՊՆ-ի կողմից օգտագործվող կայքերից մեկում, ահա, այսպիսի վրիպում էր թողարկվել, որին թերեւս չէինք էլ անդրադառնա, քանի որ լրահոս ապահովելու արագության տակ ամեն թերություն էլ հնարավոր է թույլ տալ: Բայց հիմա անհրաժեշտ է հիշեցնել Սեյրան Օհանյանին, որ ՊՆ-ի մասին մի լուր է հրապարակվել այդ կայքում, եւ զարմանալի զուգադիպությամբ վերջին տողում նշված է Արծրուն անունը՝ որպես ինֆորմացիայի աղբյուր. «Արծրունն ասաց, բայց խնդրեց իր անունը չտալ դեռ»: Չի բացառվում, որ հենց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն է նման եւ այլ բովանդակությամբ հրահանգներ ու պատվերներ տվել, ու հիմա Ս. Օհանյանի թիմը պետք է պատրաստ լինի բումերանգի էֆեկտին:
Այնպես որ, այս իրավիճակում ամենաքիչը բարեխիղճ լրատվամիջոցներն են մեղավոր, որոնց դեմ ցանկացած քայլ լուրջ հակահարվածի կարժանանա:
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ