ԼԱՎԱՆԴԱՅԻ ԱՐԱՅԻԿԻ «ԳՈՐԾԱՐԱՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գործարար, նախկին ՕԵԿ-ական Արայիկ Հայրապետյանը (Լավանդայի Արայիկ) «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե իր կողմից ստեղծվելիք կուսակցությունն անվանվելու է «Գործարար»: Նա հավելեց, որ կուսակցության անդամները լինելու են մանր բիզնեսով զբաղվող գործարարները:
-Պարո՛ն Հայրապետյան, Ձեր կողմից ստեղծվելիք կուսակցության «շինարարական աշխատանքներն» ի՞նչ փուլում են գտնվում: Ի վերջո, այն ի՞նչ ուղղվածություն է ունենալու:
-Ես ուզում եմ ստեղծել մանր եւ միջին բիզնեսմենների համար հավաքատեղի, որի անունն է կուսակցություն: Այսինքն՝ նրանք այն մարդիկ են, որոնք ոչ մի անգամ ոչ մի քաղաքական պայքարի մեջ չեն եղել, որոնք կընդգրկվեն մեր կուսակցության մեջ:
-Բայց եթե կուսակցություն է կոչվում, ուրեմն արդեն քաղաքականությամբ պետք է զբաղվի, եթե նպատակ ունեք քաղաքականությունից հեռու մնալ, այդ դեպքում ինչո՞ւ եք կուսակցություն ձեւավորում:
-Գիտեք ինչ, արդեն մեկ ամիս է՝ ես հանդիպումներ եմ ունենում, եղել է առաջարկ, որ եկե՛ք կուսակցություն չկոչենք: Ինձ համար մեկ է, միգուցե եւ չանենք, կուսակցություն չկոչվի մեր միավորումը: Ուղղակի հետագայում պետք է կուսակցությունը ռոտացիոն կարգով ղեկավարվի: Այսինքն՝ մի տարի կլինեմ ես, էն մյուս տարի կլինի մյուսը եւ այլն: Ու հիմա մենք տեսնում ենք, որ մասնակիցներից ոչ մեկը հետագայում պատգամավոր կամ մեկ այլ բան չի դառնա, ուրիշ բան, երբ որ մենք միջնորդենք մեր կողմից, որ ինքը ներկայացնի մեզ:
-Իսկ Ձեզ կուսակցությունում լինելո՞ւ են հայտնի գործարարներ, օրինակ՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, Ռուբեն Հայրապետյանը:
-Ոչ մի բիզնեսմեն, գործարար չի լինելու: Մեր գործարարները, ասենք, ԱԺ-ում կամ կառավարությունում չեն լինելու: Իրենք խոշոր բիզնեսմեններ են, ես դրա համար հատուկ շեշտեցի, որ մերն ավելի միջին եւ մանր բիզնեսմեններն են լինելու:
-Ովքե՞ր կկարողանան ընդգրկվել Ձեր կուսակցության շարքերը, ի՞նչ նախապայմաններ են պետք դրա համար:
-Կուսակցությունում կան մանր եւ միջին բիզնեսով զբաղվողներ, ոչ մի անուն Ձեզ ոչինչ չի տա, բոլորը սրճարանի տերեր են, հացի փռի տերեր, փոքրիկ մարկետների տերեր, տարբեր… որոնք խոշոր չեն: Հիմա շատ ակտիվ քննարկումներ են ընթանում, ես կարծիք եմ արտահայտել, հիմա պետք է քննարկեն, բոլորի կարծիքը պետք է հաշվվի:
-Քանի՞ մարդ է հավաքվել Ձեր կուսակցությունում կամ «չկուսակցությունում». կա՞ կոնկրետ թիվ: Եւ ընդհանրապես, ովքե՞ր են ցանկանում դառնալ Ձեր կուսակցության անդամ:
-Այժմ զուտ հանդիպումներ են լինում: Կոնկրետ թիվ չեմ կարա ասեմ, բայց որ շատ-շատ են ցանկացողները, հաստատ է: Ու մենք նախընտրում ենք, որ նրանք բոլորը նախկինում եղած լինեն ոչ կուսակցական:
-Արդեն որոշե՞լ եք՝ ինչ է լինելու կուսակցության անունը:
-Նախօրոք որոշված է՝ «Գործարար» է կոչվելու, բայց հնարավոր է՝ փոփոխվի:
-Իսկ Դուք դուրս եկե՞լ եք ՕԵԿ-ից:
-Ճիշտը որ ասեմ, լուծարվելուց հետո դեռեւս չեմ վերականգնվել: Եթե այս մտահղացումը գնա առաջ, ես որոշում կկայացնեմ: Վերակազմավորումից հետո դեռեւս չեմ անդամագրվել ՕԵԿ-ին: Ես, անկեղծ ասած, քաղաքից բացակայում էի, հիմա էլ շատ զբաղված եմ, եւ իմ կողմնորոշվելու հարցն էլ դեռ կա:
-Խնդիրնե՞ր ունեք ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի հետ, որ չեք անդամագրվում, թե՞ այդ կուսակցությունն այնքան վատն է, որ չեք ցանկանում վերադառնալ:
-Ես այս ամենը դժգոհության էլեմենտով չեմ ասում, բոլորն էլ այնտեղ իմ ընկերներն են, Արթուր Բաղդասարյանն էլ է իմ ընկերը: Ուղղակի եթե ես զբաղվեմ իմ գործով, ապա այդ ժամանակ նոր կորոշեմ: ՕԵԿ-ում բացարձակապես վատ չէ, ուղղակի ես իմ մտահղացումներն ունեմ, լավի-վատի հարց այդտեղ չկա:
-Իսկ Ձեր կողմից ստեղծվելիք կուսակցությունն առաջիկա նախագահական ընտրություններին ո՞ւմ է սատարելու: Ակտի՞վ է լինելու:
-Մենք ֆիզիկապես չենք հասցնում մասնակցել:
-Բայց Դուք ՀՀ չափահաս քաղաքացի եք, անձամբ ո՞ւմ եք Ձեր ձայնը տալու:
-Դեռ չեմ որոշել: Երբ որ արդեն նախագահի թեկնածուները բոլորը հայտնի լինեն, ես Ձեզ կասեմ՝ ում եմ սատարելու:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս