Երեկ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում ուշագրավ մի բացահայտում արձանագրվեց: Պարզվում է՝ մեր երկրում մուրացիկ երեխաներին մանկատներից «պրակատով» վերցնում են. համենայնդեպս, նման հայտարարություն արեցին ԱԺ երկու պատգամավորներ:
Հաղորդում հանցանքի մասին
Երբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ներկայացրեց 2014-ի բյուջեի կատարողական հաշվետվությունը, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը մտահոգություն հայտնեց, թե մարդիկ կան, որոնք մի քանի ամսական երեխաները գրկներին՝ մուրացկանություն են անում. «Ժողովուրդն ասում է՝ նույնիսկ պռակատով են վերցնում այդ երեխաներին: Ի՞նչ է անում Մարդու իրավունքների գրասենյակը այս դեպքում»: Օմբուդսմենին ուղղված այս հարցադրումը նորություն էր Կարեն Անդրեասյանի համար, ու մինչ կհասցներ իր զարմանքն արտահայտել, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հավելեց, որ կարող է անգամ մանկատների անուններ ասել, որտեղից այդ երեխաներին օրավարձով վերցնում են մուրացկանության համար: Այսինքն՝ Նաիրա Զոհրաբյանը հանցագործության մասին հադորդում ներկայացրեց ԱԺ-ում: «Եվ եթե ճշտվի, շատ շուտով դրա մասին դուք կլսեք»,- հայտարարեց օմբուդսմենը:
Վահան Բաբայանը, ըստ «Առավոտ»-ի, ավելի դաժան մի բան հայտնեց: «Դեպքեր են լինում, որ այդ երեխաներին դեղ են խմացնում, որ անընդհատ քնեն ու փողոցում չլացեն: Ողջ օրը տեսնում ենք մի քանի ամսական երեխաները գրկներին՝ ման են տալիս ու փող են հավաքում, որեւէ մեկդ չի լսել, որ այդ երեխաները լաց լինեն: Սա նշանակում է, որ դեղ են տալիս: Որոշ ծնողներ խիզախություն են ունեցել եւ այդ մասին բարձրաձայնել են, բայց թե քանի տոկոսն է դռների հետեւում թաքնված, հարց է»:
Քանի՞ մանկատուն կա
Մարդկային դաժանության մասին նման բարձրաձայնում Հայաստանում գրեթե երբեք չէր եղել: Ուստի փորձեցինք նախ ՀՀ ոստիկանությունից պարզել, թե իրենց ինչ է հայտնի մանկատան սաներին վարձակալությամբ վերցնելու փաստերի առնչությամբ: Բանն այն է, որ մուրացիկ, թափառաշրջիկ երեխաները սովորաբար հաշվառվում են ոստիկանների կողմից: Բայց այս գերատեսչությունից հայտնեցին, որ մինչ օրս վարձակալությամբ երեխա վերցնելու դեպքի մասին տեղեկություն իրենց հայտնի չէ:
Տեղեկացնենք, որ 2014թ-ի դրությամբ ՀՀ-ում գործել է 8 մանկատուն, որից 6-ը` պետական (2-ը` ք.Երեւանում, 1-ական` ՀՀ Արարատի, Գեղարքունիքի, Լոռու եւ Շիրակի մարզերում), 2-ը` ոչ պետական (ք.Երեւանում եւ ՀՀ Կոտայքի մարզում): «Ժողովուրդ»-ը զրուցեց բոլոր մանկատների տնօրենների հետ՝ հասկանալու համար, թե ի՞նչ ձեւով են թույլատրում երեխաներին դուրս գալ մանկատան տարածքից, եւ ինչպե՞ս է հնարավոր վարձակալել երեխաներին:
Տնօրենները հերքում են
Գավառի մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանն ասաց. «Մեզ մոտ մանկատնից կարող են դուրս գալ միայն 18 տարին լրացած երեխաները, իսկ կան դեպքեր, երբ մենք տալիս ենք խնամակալության որդեգրության: Թեեւ լինում են նաեւ դեպքեր, երբ երեխաները հարազատներին ճանաչում են, ընդունում են եւ ցանկություն հայտնում նրանց հետ դուրս գալ, մեկ շաբաթ կամ մեկ ամիս մնալ, բայց մենք արգելել ենք տանել շատ ժամանակ: Իսկ երբ տանում, հետ են բերում, մենք նայում ենք, հետաքրքրվում, թե ազատ ժամանակ ինչ էին անում, իսկ հետո հետեւություններ ենք անում՝ հաջորդ անգամ թույլ տա՞նք, որ տվյալ մարդը տանի երեխային, թե՞ ոչ»:
Անդրադառնալով պատգամավորների հայտարարությանը՝ մանկատան տնօրենը ասաց. «Դա անհեթեթ բան է: Չի կարող նման բան լինել, եւ հետո մենք լավ գիտենք՝ ովքեր են մուրացկանությամբ զբաղվում, կոնկրետ ես մեր եւ մյուս մանկատների մասով երաշխավորում եմ, որ նման բան լինել չի կարող»:
«Ֆրիտյոֆ Նանսենի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Անահիտ Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Մեզ մոտ խնամվող բոլոր երեխաները ծնողներ ունեն: Բայց ցանկացած հաստատություն՝ լինի մանկատուն, թե երեխաների խնամքի հաստատություն, ոչ մի անծանոթի երեխա չի տա: Վերահսկվում են երեխաների քայլերը եւ առօրյան»:
Հետաքրքիր էր նաեւ ՀՀ Արարատի մարզի Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ի սոցաշխատող Ռիփսիմեի խոսքերը, նա, իհարկե, չհայտնեց իր ազգանունը, սակայն ասաց, որ իրենց մոտ. «Մանկատնից դուրս երեխաների զբոսանքը կազմակերպվում է միայն ուղեկցող դաստիարակների, բուժքրոջ հետ միայն աշխատանքային օրերին: Ցանկացած անհատ, եթե ցանկություն կա երեխային ինչ-որ բարեգործական տեղ տանելու եւ այլն, ապա գալիս են համապատասխան դիմում են ներկայացնում, որը տնօրենը հաստատում է, ու աշխատողների ուղեկցությամբ երեխաները կարող են դուրս գալ: Բացառված է՝ նման բան լինի»:
Երեւանի «Մանկան տուն» (0-6 տարեկան երեխաների համար) տնօրեն Լիաննա Կարապետյանն էլ «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ իրենց մանկատան երեխաները նորածիններ են, որոնց մանկատնից դուրս չեն թողնում. ««Մանկան տունը» գիշերօթիկ չէ, որ երեխաներին բերեն, հետո դուրս տանեն, երեխաները ծնողազուրկ են, որոնք չունեն մշտական բնակության վայր: Մեզ մոտ, վստահ եղեք, որ նման բան չի կարող լինել: Ես 34 տարի աշխատում եմ, մեր «Մանկան տանը» նման բան չի եղել»:
Արգելված է նաեւ Մարի Իզմիրլյանի անվան մանկատան (0-18 տարեկանների համար) սաների դուրս գալը: Տնօրեն Հասմիկ Մկրտչյանն ասաց, որ երեխաները ուղղակի չեն կարող մանկատնից դուրս գալ. «Պետք է հիմնավորել, թե որ մանկատան մասին է խոսքը, որովհետեւ այսօրվա դրությամբ Երեւան քաղաքում չկա այնպիսի մանկատուն, որ երեխաները դուրս տարվեն, մուրացկանության դրդեն: Արդեն 2 տարուց ավելի մեր մանկատանը միայն հաշմանդամ, մտավոր հետամնաց երեխաներ են բնակվում, նման բան գոյություն ունենալ չի կարող»:
Գյումրու 0-6 տարեկան երեխաների համար նախատեսված «Երեխաների տուն» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Ռուզաննա Ավագյանն էլ վստահեցրեց, որ իրենց մոտ բնակվում են առողջական խնդիրներ ունեցող երեխաներ, որոնց դուրս տանելու իրավունք որեւէ մեկը չունի, անգամ հարազատները:
Իսկ, ահա, Դիլիջանի «Երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Հախվերդյանը հայտնեց, որ իրենց գիշերօթիկ դպրոցն այս պահին չի գործում, արձակուրդներ են: Ըստ նրա, երեխաներին ծնողները կարող են տանել, երբ ուզենան, որքան ժամանակով ուզենան: Նրանք իրենց մոտ են մնում միայն սոցիալական վատ պայմաններից ելնելով:
Ընդամենը մոնիթորի՞նգ
«Ժողովուրդ»-ը փորձեց Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվել, թե նման լրջության հայտարարությունը որքանո՞վ է հիմնավոր: Ի վերջո, բոլոր մանկատների տնօրենները բացառում են երեխաներին «պրակատով» վերցնելու հնարավորությունն անգամ: «Առնվազն երեք անգամ ես վստահաբար տեսել եմ մուրացիկ կնոջ հետ մի երեխայի, տեսնելով կնոջ վերաբերմունքը երեխայի հանդեպ՝ մոտեցել եմ, հարցրել եմ՝ քո մայրն է, քո քույրն է, քո բարեկամուհին է, երեխան ասել է՝ ոչ, կինը այդ պահին փախցրել է երեխային,- պնդեց տիկին Զոհրաբյանը՝ հավելելով,- ես ասել եմ, որ թող մոնիտորինգ անեն, ստուգեն, մանավանդ որ նման ահազանգեր մշտապես եղել են: Իմ առաջարկը եղել է՝ անել մոնիտորինգ»:
Փորձեցինք նաեւ ՀՀ գլխավոր դատախազությունից պարզել՝ ի՞նչ է անում այդ կառույցը պատգամավորների հայտարարության առնչությամբ, սակայն առայժմ հնարավոր չեղավ տեղեկություն ստանալ:
Սրճարանում չլսե՞ն
Հուսանք՝ այս պատմությունն էլ չի դառնա ԱՄ նախագահ, այժմ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի հայտարարությունը, երբ 2007 թվականի հունվարին նա հայտարարեց, թե Սերժ Սարգսյանի հարազատների կողմից «քիլլեր էր վարձվել, որ սպանեին Գագիկ Ծառուկյանին, որի արդյունքում հանգստի, թոշակի գնաց Կառլոս Պետրոսյանը, Սաշիկ Սարգսյանը շինարարական իր բիզնեսը սկսեց իրականացնել ԱՄՆ-ում, տարօրինակ պայմաններում սպանվեց Աշտարակի Մուշեղը, որը Հրազդանի «Ցեմզավոդի» փայատեր էր»:
Հիշեցնենք, որ այս սկանդալային հայտարարությունից հետո, երբ իրավապահները հետաքրքրվեցին՝ Գեղամյանից պահանջելով փաստեր ներկայացնել, նա հայտարարեց, թե սրճարանում է լսել այդ մասին:
ԱՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ
ԳՅՈՒՂԱՑՈՒ ՄԱՍԻՆ ՄՏԱԾՈՂԸ
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը երեկ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գյուղատնտեսական աշխատանքների եւ հատկապես գյուղմթերքի իրացման շրջանում հողագործներին ցուցաբերվելիք օժանդակության եւ աջակցության խնդիրները: Վլ. Գասպարյանը ճանապարհային ոստիկանության, պարեկապահակային ծառայության եւ համապատասխան տարածքային բաժինների պատասխանատուներին կարգադրել է բացառել բերքը շուկա տեղափոխող հողագործներին խոչընդոտելու ցանկացած դեպք, անհրաժեշտության դեպքում աջակցել նրանց ինչպես ճանապարհներին, այնպես էլ համայնքներում:
ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է
«Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության տարածած հաղորդագրության համաձայն` «ՀԽ պատգամավոր, Շանթ Հարությունյանի գլխավորած «Արժեքների հեղափոխության» գործով քաղբանտարկյալ Լիպարիտ Պետրոսյանը, անսալով պայքարն այլ ձեւերով շարունակելու վերաբերյալ Ժիրայր Սէֆիլյանի հորդորը, դադարեցրել է հացադուլը»:
ԳՈՐԾ ԵՆ ՀԱՐՈՒՑԵԼ
ՀՔԾ-ում քրգործ է հարուցվել նախագահական նստավայրի առջեւ բանակում մահացած զինծառայողների մայրերի նկատմամբ ոստիկանների կողմից բռնություն գործադրելու դեպքի առիթով: Քննիչի որոշման մեջ նշվում է, որ ոստիկանները բռնության գործադրմամբ կանանց անցկացրել են նախագահականի դիմացի մայթ, եւ որդեկորույս մայրերից մի քանիսը ստացել են մարմնական վնասվածքներ: «Ազատության» փոխանցմամբ` այժմ իրավապահները քննում են, թե որքանով են իրավաչափ եղել ոստիկանների գործողությունները, եւ արդյոք վերջիններս չեն չարաշահել իրենց պաշտոնեական լիազորությունները:
ՋԵՐՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը երեկ ընդունել է անհատ տաքսու վարորդներին: Վերջիններիս իրավունքների պաշտպանության կենտրոնի ղեկավար Մխիթար Օհանյանն Aravot.am-ի հետ զրույցում ասել է, որ հանդիպումը ջերմ է անցել: «Մենք մոտավորապես մեկ տարի է՝ իրար հետ համագործակցում ենք բոլոր առումներով, հիմա նորից փորձում ենք նոր նախաձեռնությամբ հանդես գալ, որ լիցենզավորման գործընթացը քաղաքապետարանը եւ ոստիկանությունը կազմակերպի: Հիմա իրենք համաձայն են, բայց պետք է հանձնաժողով ստեղծենք, որոշում կայացնենք, ներկայացնենք նախարարներին, նրանք էլ` պատգամավորներին, որպեսզի լիցենզավորման նոր կարգը կասեցվի, եւ տրվի քաղաքապետարանին եւ ոստիկանությանը»:
ԱՆՓՈՓՈԽ ԹՈՂԵՑԻՆ
ԼՂՀ Գերագույն դատարանը դռնբաց դատական նիստում, վճռաբեկության կարգով քննության առնելով անցած տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Դ. Ասքերովի եւ Շ. Գուլիեւի դատապաշտպաններ Էրիկ Բեգլարյանի եւ Արկադի Իսրայելյանի վճռաբեկ բողոքները՝ վճռել է ուժի մեջ թողնել ԼՂՀ վերաքննիչ դատարանի՝ 2015թ. մարտի 10-ի որոշումը: