ԵՐԿԱԹԱՀԱՆՔ` ԳՅՈՒՂԻ «ՔԹԻ ՏԱԿ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինական «ՖորչունՕյլ» ընկերությունը դեռեւս 2011թ-ից ցանկանում է Հրազդան քաղաքում երկաթի հանք շահագործել, որը բնակելի տներից ընդամենը 200-300մ հեռավորության վրա է գտնվում: Մինչ օրս դա ընկերությանը չի հաջողվում, քանի որ բնապահպաններն ու հրազդանցիները կտրուկ ընդդիմանում են այս ծրագրի կյանքի կոչմանը: Եվ չնայած ընկերության կողմից նոր աշխատատեղերի բացման եւ նորագույն տեխնոլոգիաներով հանքի շահագործման մասին խոստումներին` հրազդանցիների ակտիվ հակազդեցության արդյունքում հանքի հորատման աշխատանքները դադարեցված են:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հիմա էլ մեկ այլ չինական ընկերություն է երկաթահանքի շահագործման ուղղությամբ քայլեր անում, այս անգամ Կապուտանից ընդամենը 100մ հեռավորության վրա գտնվող հանքավայրում: Նշենք, որ հանքավայրի արդյունահանման լիցենզիան ձեռք բերած «Նագին» ընկերության պատվերով «Գեո էկոնոմիկա» ընկերությունը դեռ 2008թ.-ին կատարել է Աբովյանի երկաթահանքի գնահատում եւ հայտնաբերել է 309.4 մլն տոննա հանքաքար՝ 25.82% երկաթի միջին պարունակությամբ: «Նագին» ՍՊԸ-ի իրավահաջորդ «Սփայս Սթայլ» ՓԲԸ-ն 2011-12թթ. երկաթահանքի հետախուզական աշխատանքներ է կատարել Կապուտան համայնքում՝ նպատակահարմար գտնելով հանք բացել հենց այդ գյուղում:
«Ինչպես Հրազդանի, այնպես էլ Աբովյանի երկաթահանքի բացումը անդառնալի բացասական ազդեցություն կունենա բնակչության առողջության եւ ջրային ռեսուրսների վրա»- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մտահոգված ընդգծեց բնապահպան Ինգա Զարաֆյանը:
Ոչ պակաս մտահոգված են կապուտանցիները, որոնք վստահեցնում են, թե ոչ մի դեպքում թույլ չեն տա, որ որեւէ հանք շահագործվի իրենց «քթի տակ»:
«Նախնական հանդիպման ժամանակ «Սփայս Սթայլ» ընկերության ներկայացուցիչը ներկայացրեց ծրագիրը, որ հանքի տարածքը կազմելու է մոտ 50 հա, բայց այսօր արդեն խոսում են 90 հա-ի մասին: Արդյո՞ք վաղը այդ թիվը չի հասնի 900-ի»,- արդարացիորեն մտահոգվում են գյուղացիները՝ պնդելով, որ իրենց գյուղում չկա անգամ 1 հա տարածք, որն անմշակ է մնացել, եւ այսօր համայնքում նոր տներ են կառուցվում:
«ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել «Սփայս Սթայլ» ընկերության ներկայացուցիչներից որեւէ մեկի հետ՝ պարզելու հանքի շահագործման հետագա աշխատանքների եւ առաջիկա հասարակական լսումների հետ կապված մի շարք հարցեր: Սակայն ընկերության լիազոր ներկայացուցիչներ ազգությամբ չինուհի Լիաոխե Լինյուն եւ Հայաստանում նույն ընկերության ներկայացուցիչ Արտակ Դանիելյանը հրաժարվեցին մեկնաբանությամբ հանդես գալ:
Ավելացնենք, որ ազդակիր համայնքների՝ Կոտայք, Հատիս եւ Կապուտան գյուղերի բնակիչները հայտարարել են, որ իրենք կբոյկոտեն նախատեսվող բոլոր հասարակական լսումները եւ կոչ արել չինական ընկերությանը կասեցնել ծրագիրը:

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Կոտայք




Լրահոս