Նոյեմբերի 14-ին Ազգային ժողովը քվեարկությամբ մերժեց “Նվազագույն ամսական աշխատավարձի մասին” օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախօրեին քննարկված նախագիծը: Օրինագծին կողմ քվեարկեցին 37, դեմ` 58 պատգամավոր: Այս մասին տեղեկանում ենք Փաստինֆո տեղեկատվական կայքի տարածած հաղորդագրությունից։
Հիշեցնենք, որ “Հայ Յեղափոխական Դաշնակցություն” խմբակցության անդամների հեղինակած նախագծով առաջարկվում էր “Նվազագույն ամսական աշխատավարձի մասին” օրենքում ամրագրել, որ յուրաքանչյուր հաջորդ տարվա համար ՀՀ-ում աշխատավարձի ամսական և ժամավճարի նվազագույն չափերը սահմանվում են պետական բյուջեի մասին օրենքով: Ընդ որում` աշխատավարձի ամսական նվազագույն չափը սահմանելիս պետք է հաշվի առնվի գնաճի մակարդակը, կենսաապահովման նվազագույն բյուջեն կամ սպառողական նվազագույն զամբյուղի արժեքը, ինչպես նաև միջին աշխատավարձը: Հանրային ծառայության ոլորտում առաջարկվում է ամրագրել աշխատավարձերի նվազագույն` բազային դրույքաչափերի կապը միջին աշխատավարձի հետ:
Նախագիծը չէր ստացել ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի և կառավարության դրական եզրակացությունը, սակայն այն քննարկվեց, քանի որ ՀՅԴ խմբակցության անդամներն, օգտվելով ԱԺ կանոնակարգ-օրենքով ընդդիմադիր խմբակցությանը վերապահված հնարավորությունից, իրենց նախագիծը համարել էին արտահերթ: