Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության հայեցակարգի նախագծի մշակման միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը:
ԱԱԽ մամուլի ծառայությունից հայտնում են, թե էներգետիկ անվտանգության հայեցակարգի մշակումը նախատեսված է “Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությամբ”:
Կարեւորելով էներգետիկ անվտանգությունը` որպես մեր երկրի ազգային անվտանգության բաղկացուցիչներից մեկը, Արթուր Բաղդասարյանը, նշել է, որ էներգետիկ անվտանգության հիմնական խնդիրը պետք է լինի Հայաստանի էներգետիկ ինքնաբավության մակարդակի ապահովումը թե կարճաժամկետ եւ թե երկարաժամկետ հեռանկարում: Արթուր Բաղդասարյանի տեղեկացմամբ` Էներգետիկ անվտանգության հայեցակարգը արդեն մշակված է. “Երկու տարվա աշխատանքի արդյունքում, միջգերատեսչական խմբի շրջանակներում, մշակել ենք Էներգետիկ անվտանգության ռազմավարությունը, որը մինչեւ այս տարվա ավարտը կքքնարկվի նաեւ Անվտանգության խորհրդի նիստում: Էներգետիկ անվտանգության ռազմավարությունը կարեւորագույն փաստաթուղթ է մեր երկրի ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից` հաշվի առնելով նաեւ Հայաստանում եւ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները: Փաստաթուղթը, որի մեջ ներառված են շուրջ 120 առաջարկություններ, պատրաստ է քննարկման, իսկ դրա ընդունմամբ մենք շատ կարեւոր քայլ ենք կատարում ոչ միայն մեր միջազգային պարտավորությունների կատարման տեսանկյունից, այլ նաեւ մեր Ազգային անվտանգության ռազմավարությամբ նախատեսված դրույթները կյանքի կոչելու առումով”:
Միջգերատեսչական աշխատանքային խումբը հավանության արժանացրեց Էներգետիկ անվտանգության հայեցակարգը եւ որոշում ընդունեց այն ներկայացնել Անվտանգության խորհուրդ հաստատման: