Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Իոանիս Տաղիսին:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե, շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, վարչապետն ասել է. “Չնայած մեր համագործակցության եւ բարեկամության մեծ պատմությանը՝ դեռեւս շատ աշխատանքներ ունենք կատարելու երկկողմ կապերի ամրապնդման ուղղությամբ: Հայաստանի կառավարությունը կանի հնարավորը՝ հայ-հունական հարաբերություններում չիրացված ողջ ներուժն օգտագործելու համար”: Իոանիս Տաղիսը վստահեցրել է, որ կներդնի բոլոր ջանքերը՝ հայ-հունական հարաբերությունների հետագա ընդլայնման եւ ամրապնդման համար: Անդրադառնալով հաջողությամբ ընթացող Հայաստանի եվրաինտեգրման գործընթացներին՝ դեսպանը վստահեցրել է, որ այդ ուղղությամբ Հունաստանը՝ որպես Եվրամիության անդամ երկիր, պատրաստ է իր համակողմանի աջակցությունը ցուցաբարել Հայաստանի իր գործընկերներին: Զրուցակիցները քննարկել են նաեւ ռազմական, կրթական եւ մշակութային բնագավառներում երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: