Ասում են՝ հայհոյելը առողջարար է: Պարզ չէ, թե քանաքեռից տղաներից ով է ցանկացել առաջինը հայհոյանք տալով «առողջանալ»` 40-ամյա Մուշեղ Ալեքսանյանը, թե «Արաբկիր ալկո» գործարանի տնօրենի եղբայր 45-ամյա Վարդան Այվազյանը, բայց մի բան պարզ է, որ առողջացման այդ գործընթացը փորձանք է դարձել ու առողջության համար ճիշտ հակառակ` վնասակար ազդեցություն ունեցել:
Մուշեղ Ալեքսանյանն ու Վարդան Այվազյանը 10 տարի լավ ընկերներ են եղել, բայց ինչ-ինչ պատճառներով դեպքից մոտ 1 տարի առաջ նրանց ջրերը մի առվով չեն գնացել: Ու չնայած նրանց հարաբերությունները խզվել են, սակայն ներսում երեւի մնացել է չասված ինչ-որ բան կամ նեղվածություն, ինչն էլ դուրս է պոռթկացել միմյանց հանդիպելիս: Մեղադրանքից տեղեկանում ենք, որ նախկինում դատապարտված, երբեք չաշխատած, բայց «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով շրջող Մ. Ալեքսանյանը անցյալ տարվա նոյեմբերի 4-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, անցել է Երեւանի Ադոնցի փողոցում գտնվող «Արաբկիր ալկո» ընկերության մոտով եւ տեսել, որ դարպասների մոտ երկու աշխատակիցների հետ կանգնած է ընկերության տնօրեն Գագիկ Այվազյանի եղբայրը` Վարդանը: Վերջինիս տեսնելով՝ Մուշեղը հայհոյել է եւ նրանից նույնպիսի պատասխան ստացել: Անհիմն պատճառից երկու նախկին ընկերների միջեւ հայհոյակռիվ ու քաշքշուկ է առաջացել, որը, սակայն, ներկաների միջամտությամբ կանխվել է: Ոտքից հաշմանդամ Մուշեղն իր ձեռնափայտն առել է, նստել մեքենան, հեռացել եւ րոպեներ անց կրկին վերադարձել միջադեպի վայր եղբոր՝ Հարություն Ալեքսանյանի, իր ընկեր` Չիպ մականունով Արման Թադեւոսյանի եւ քննությամբ չպարզված եւս մեկ անձի հետ: Չորս հոգով իջել են մեքենայից եւ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը եւ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ՝ սեռական բնույթի հայհոյանքներ են տվել: Մ. Ալեքսանյանն էլ Վ. Այվազյանի նկատմամբ բռնություն է գործադրել. բռունցքներով եւ ոտքերով հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին, այդ ընթացքում որպես զենք օգտագործվող առարկայով` ձեռնափայտով, խփել է Վարդանի գլխին` պատճառելով միջին ծանրության վնաս` գոտկային եւ վերջույթների շրջանների փափուկ հյուսվածքների սալջարդերի, ձախ գագաթային շրջանի սալջարդ վերքի (ներկայիս սպիի), գլխուղեղի ցնցման ձեւով:
Եթե հավատալու լինենք այս մեղադրանքին, ապա Մուշեղի ընկերներն ու եղբայրը եկել են միջադեպի վայր, կանգնել ու միայն սեռական բնույթի հայհոյանքներով ֆոն ապահովել, որ Մուշեղը մենակ, համարձակորեն ձեռնափայտով ծեծի Վարդանին… Այդ ընթացքում Այվազյաններից մեկը Վարդանի որսորդական հրացանով օդ է կրակել, որից հետո ընկերության աշխատակիցները կարողացել են արնահոսող գլխով Վարդանին մտցնել ընկերության դարպասներից ներս, իսկ հարձակվողները հեռացել են դեպքի վայրից:
Մուշեղ Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության առավել ծանր` 4-րդ մասով (ՀՀ քր. օր.-ի 258 հոդվ.՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն), իսկ Վարդան Այվազյանին` խուլիգանության 2-րդ մասով (բռնության գործադրմամբ կամ դրա սպառնալիքով): Մնացած մասնակիցների` Չիպ Արմանի, Հարություն Ալեքսանյանի եւ մյուսների մասով վարույթն առանձնացվել է, եւ քննությունը շարունակվել է առանձին կարգով:
Առաջադրված մեղադրանքում Մուշեղ Ալեքսանյանն իրեն մեղավոր չի ճանաչել, դատաքննության ընթացքում հրաժարվել է ցուցմունք տալուց, իսկ նախաքննության ժամանակ ասել, որ առաջինը Վարդանն է իրեն հայհոյել, իսկ երբ ինքը կանգնել է` նրանից պատասխան պահանջելու, Վարդանն իրեն ասել է. «Քշի՛, արա՛, հո դու փորձա՞նք չես»: Իսկ վերջինս հակառակն է պնդել. նախաքննության ընթացքում ասել է, որ Մուշեղն է անցնելիս հայհոյել, ինքն էլ նույն ձեւով պատասխանել է, որից հետո մի քանի հոգով եկել են ու իր վրա հարձակվել:
Այդուհանդերձ, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երկուսին էլ մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքներում եւ նրանցից Մուշեղ Ալեքսանյանին դատապարտել ազատազրկման 4 տարով, իսկ Վարդան Այվազյանին` 6 ամսով: Այժմ ամբաստանյալները դատավճիռը բողոքարկել են երկրորդ ատյանի դատարան. Վարդան Այվազյանն ասում է` ինձ արդարացրե՛ք, իսկ Մուշեղ Ալեքսանյանն էլ պահանջում խուլիգանությունը վերաորակել առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հոդվածով` հաշվի առնելով, որ Վ. Այվազյանի հետ հաշտվել են:
«ԱՐԱԲԿԻՐ ԱԼԿՈ»-Ի ՄՈՏ ԾԵԾԵԼ ԷԻՆ ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ