Բաքու մեկնող հայ մարզիկները Գագիկ Ծառուկյանի հույսին են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ մեծ սպորտը նաև քաղաքականություն է, որևէ մեկի համար գաղտնիք չէ: Հավանաբար շատերը կհիշեն 1980 թվականին Մոսկվայում կայացած Օլիմպիական խաղերը, որը բոյկոտեցին ԱՄՆ-ն ու եվրոպական շատ երկրներ: Դրա պատճառը «սառը պատերազմն» էր ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև: Իսկ արդեն 1984-ին ԽՍՀՄ-ը և սոցիալիստական ճամբարի շատ երկրներ բոյկոտեցին ԱՄՆ-ում կայացած Օլիմպիական խաղերը:

Բազմաթիվ այլ օրինակներ էլ կարելի է բերել, երբ անզեն աչքով զգացվել է ինչ-որ մրցաշարի քաղաքական ենթատեքստը, սակայն քիչ չեն նաև արձանագրված դեպքերը, երբ ոչ թե սպորտային բոյկոտն է քաղաքական քայլ բնութագրում, այլ ճիշտ հակառակը` հակառակորդ երկրում անցկացվող խաղերին մասնակցությունը:

Սրա վառ օրինակն է այս տարվա հունիսի 13-28-ը Բաքվում կայանալիք առաջին Եվրոպական խաղերին Հայաստանի մասնակցությունը, որին կներկայանան 25 հայ մարզիկներ: Ի դեպ, Եվրոպայի օլիմպիական կոմիտեի (ԵՕԿ) նախագահ Պատրիկ Հիկեն այս առիթով հայտարարել է, որ այսպիսով, սպորտը հաղթեց քաղաքականությանը: Իսկ մարզիկները, հիրավի, հերոսներ են, որ ցանկություն են հայտնել մասնակցելու Բաքվում կայանալիք մրցաշարին:

Միանշանակ, այստեղ կարևոր է հայ մարզիկների հաջող մասնակցությունն ու հաղթանակած Հայաստան վերադառնալը:

Նշենք, որ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կտրականապես հրաժարվել է Բաքվի ֆինանսական աջակցությունից, որը ըստ կանոնադրության` տվյալ երկիրը պարտավոր է կատարել: Բոլոր ֆինանսական ծախսերը, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի փոխանցմամբ, տրամադրել է հենց Գագիկ Ծառուկյանը:

Իհարկե, հարց է առաջանում` ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանը, ոչ թե Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը: Հարցի պատասխանն իմանալու համար Armlur.am-ը կապ հաստատեց Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մամուլի խոսնակ Աստղիկ Մարտիրոսյանի հետ, ով ասաց, որ սահմանված օրենքի համաձայն, մարզիկների մասնակցությունը մրցաշարերին ֆեդերացիաներն են ապահովում, ինչին օգնում է նախարարությունը` պետական միջոցներ բաշխելով: Բաքվում կայանալիք խաղերի մասով նախարարությունն արել է այն, ինչ իրենից պահանջվում է: Իսկ թե որքան գումար և կոնկրետ ինչ միջոցներից է ՀԱՕԿ-ը ներդրումներ արել, մեր զրուցակիցը դժվարացավ մեկնաբանել` ասելով, թե դա նրանց խնդիրն է:

Մինչդեռ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստամյանը Armlur.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ այս տարվա Եվրոպական խաղերի հայկական կողմի բոլոր ծախսերն անխտիր հոգացել է Գագիկ Ծառուկյանը, այսինքն` ՀԱՕԿ-ը: Իսկ ՀԱՕԿ-ը երբևէ պետական միջոցներից չի օգտվել և չի օգտվում, ֆինանսավորումը պետության կողմից չի արվում: «Չգիտեմ` ինչու են նման բան ասել նախարարությունից: ՀԱՕԿ-ը գումար ստանում է Գագիկ Ծառուկյանից, ոչ թե պետությունից: Մեզ համար կարևորը մասնակցությունն է, իսկ մասնակցելու համար բոլոր անհրաժեշտ ծախսերը հոգացել ենք»,- նշեց Հ. Ռոստոմյանը:

ՀԳ. Մնում է միայն հույսալ, որ ներքին լարվածությունն ազդեցություն չի ունենա Բաքու մեկնող հայ մարզիկների վրա, և նրանք կկարողանան բարձր պահել երկրի պատիվը:

Տաթև Հարությունյան




Լրահոս