Նոյեմբերի 8-ից մինչև 14-ը ընկած ժամանակահատվածում ՍՊԱԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 20 երկրաշարժ: Նոյեմբերի 8-ին 3 բալ ուժգնությամբ սեյսմիկ իրադարձության էպիկենտրոնը գտնվում է Իրանի Խոյ քաղաքից 12 կմ հյուսիս-արևմուտք: Հաջորդ օրը Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում` 4-5 բալ և 3 բալ ուժգնությամբ երկրաշարժեր են գրանցվել Զաքաթալա քաղաքից 29 կմ հարավ-արևմուտք և 35 կմ հյուսիս-արևմուտք: Նոյեմբերի 10-ին 3 բալ ուժգնությամբ սեյսմիկ իրադարձությունների էպիկենտրոնները գտնվում են Զաքաթալա քաղաքից 37 կմ հյուսիս-արևմուտք և 18 կմ հարավ-արևմուտք: Նոյեմբերի 11-ին և 12-ին 3 բալ և 4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել Աղստաֆա քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք և Մինգեչաուր քաղաքից 19 կմ հարավ-արևմուտք: Նոյեմբերի 9-ին և 13-ին 3-4 բալ և 3 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ են տեղի ունեցել Թուրքիայի Արդահան քաղաքից 24 կմ հարավ-արևմուտք և Սարիղամիշ քաղաքից 34 կմ հարավ-արևմուտք: Նոյեմբերի 12-ին և 13-ին 3 բալ և 4 բալ ուժգնությամբ երկրաշարժեր են գրանցվել Իրանի Մակու քաղաքից 29 կմ հյուսիս-արևելք և 40 կմ հարավ-արևմուտք: Սեյսմիկ ակտիվությունը Իրանի հյուսիս-արևմուտքում շարունակվում է: Ս.թ. օգոստոսի 11-ին տեղի ունեցած հիմնական ցնցմանը նշված ժամանակահատվածում հաջորդել է 9 հետցնցում (3.3-ից 4.5 մագնիտուդով):
Տարածաշրջանից դուրս. 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է վեց ուժեղ երկրաշարժ: Նոյեմբերի 8-ին 6.3 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Կանադայի Վանկուվեր կղզու հյուսիս-արևելյան մասում գտնվող Պորտ-Հարդի քաղաքից 186 կմ հարավ-արևմուտք: Նոյեմբերի 11-ին Մյանմարի Շուեբո քաղաքից 56 կմ հյուսիս-արևելք տեղի է ունեցել 6.8 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև հարևան Թաիլանդում: Երկրաշարժին հետևել է 5.0 և ավելի մագնիտուդով 4 հետցնցում: Նախնական տվյալներով երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 13 մարդ, վիրավորվել 100 մարդ, կան ավերածություններ: Նույն օրը Գվատեմալայի ափամերձ գոտում` Չամպերիկո քաղաքից 24 կմ հարավ, տեղի է ունեցել 6.5 մագնիտուդով երկրաշարժ, որը հանդիսանում է նոյեմբերի 7-ին Գվատեմալայի ափամերձ գոտում տեղի ունեցած 7.4 մագնիտուդով երկրաշարժի 4.6 և ավելի մագնիտուդով յոթ հետցնցումներից ամենաուժեղը: Երկրաշարժի հետևանքով զոհվել էր առնվազն 52 մարդ, վիրավորվել 150 մարդ, քանդվել են 8000-ից ավելի շինություններ, տարհանվել են ավելի քան 18700 մարդ: Նոյեմբերի 12-ին Ալյասկայի ծովածոցի` Յակուտատ քաղաքից 284 կմ հարավ-արևմուտք, տեղի է ունեցել 6.4 մագնիտուդով երկրաշարժ: Նոյեմբերի 13-ին և 14-ին 6.0 և 6.1 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություններ են տեղի ունեցել Չիլիի Պուետրո-Այսեն քաղաքից 348 կմ արևմուտք և Լա-Սերենա քաղաքից 82 կմ հյուսիս:
Տեղեկացնում են ԱԻՆ “ՍՊԱԾ” գործակալությունից։